Հակամարտությունը Հարավային Օսիայում. նոր կացություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | July 27, 2010 15:33

Հարավային Օսիայի և Վրաստանի միջև հակամարտությունը նման է Աբխազիայի և Վրաստանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտություններին: Սակայն կա նաև էական տարբերություն:

Թե՛ Ղարաբաղում և թե՛ Աբխազիայում ազգային վերնախավերը ղեկավարել և դիմադրել էին ձուլման քաղաքականությանը և ինքնավարությունների իրավունքների սահմանափակմանը: Նրանք էլ կազմակերպել էին զինված դիմադրություն՝ հակառակորդի սկսած ագրեսիվ գործողություններից հետո:

Մինչդեռ հարավօսական ազգային շարժման առաջնորդ Ալան Չոչիևն, իր ողջ խորաթափանցությամբ հանդերձ, զինված պայքարի մասին անգամ չէր մտածում: Մեղադրել նրան դրա մեջ դժվար է: Նա հոյակապ գիտեր Վրաստանի և Հարավային Օսիայի ուժերի հարաբերակցությունը և փորձում էր զերծ պահել իր ժողովրդին արյունահեղությունից:

Այնուամենայնիվ, դա տեղի ունեցավ, և օսական ժողովուրդը, ի հեճուկս հակառակորդի բազմակի գերազանցող ուժերին, ապստամբել է: Ապստամբել է տարերայնորեն՝ ենթարկվելով ներքին մղմանը, ոտնահարված արդարության և ազգային արժանապատվության ոտնահարման զգացմանը:

Տարերայնորեն ստեղծված պաշտպանական ջոկատներն ինքնակազմակերպվում էին, հաստատում էին հորիզոնական կապեր և, փաստորեն, փոխարինել են ապակողմնորոշված և փախուստի դիմած ինքնավարության ղեկավարությանը: Նրանց առաջնորդը չդարձավ նաև ազգային «Ադամոն Նեխաս» («Ժողովրդի խոսք») շարժումը, որը զինված պայքարին պատրաստ չեղավ:

Համարյա 20 տարի տևած շարունակական ռազմական գործողությունները Հարավային Օսիայում հաստատել են ուժի պաշտամունք: Նախագահ Կոկոյտիի իշխանության գալը Կովկասում ժողովրդավարական ընտրությունների առաջին օրինակն էր: Սակայն այն չի բեկանել իրավիճակը, և երկրորդ ժամկետի նախաշեմին Կոկոյտին ինքը վերափոխվել է փոքրիկ բռնակալի:

Վրացական ղեկավարության կոպիտ գործողությունները 2004 թ. այսպես կոչված «սարաբուկյան հակամարտության» ժամանակ Կոկոյտիին վերածել են ազգային հերոսի և անառարկելի հեղինակության:

Ընդդիմությունը ծպտուն անգամ հանել չէր համարձակվում. փաստորեն նա բան չուներ ասելու, քանի որ գլխավոր՝ Վրաստանի կազմի մեջ մտնելուց հրաժարվելու հարցում համաձայն էր Հարավային Օսիայի գործող իշխանությունների հետ:

08.08.08.-ի իրադարձություններն արմատապես փոխել են իրավիճակը: Էդուարդ Կոկոյտիի հերոս լինելու առասպելը հօդս է ցնդել: Նա լքել է Ցխինվալը՝ առանց ռազմական դրություն հայտարարելու:

Ավելին, գիշերով՝ ագրեսիայի նախօրեին, տագնապով հավաքված աշխարհազորին առաջարկել է ցրվել տները: Հարավային Օսիայի ինքնապաշտպանության ուժերը, բարձրագույն իշխանության փախուստից բարոյալքված, չեն կարողացել ապահովել քաղաքի պաշտպանությունը, և միայն օգոստոսի 8-ի կեսօրին պաշտպանությունը սկսել է կրել քիչ թե շատ կազմակերպված բնույթ:

Ցխինվալը մաքրվել է վրացական բանակի ստորաբաժանումներից նախքան ռուսական բանակի հասնելը: Կոկոյտիի հաղթական վերադարձը ձախողվել է: Սակայն գործի է անցել քարոզչամեքենան, և Ռուսաստանից հոսած ֆինանսական հոսքերն օգնել են Կոկոյտիին վերականգնել կորսված դիրքերը: Նա կարողացել է նյութական բարիքների միջոցով իր կողմը թեքել այն մարդկանց, ովքեր անիծում էին նրան 2008 թ. օգոստոսի 8-ին դրսևորած թուլամորթության համար:

2009 թ. մայիսի 31-ին Հարավային Օսիայի Հանրապետության խորհրդարանական ընտրությունները վերջնականապես օրենսդիր մարմինը ենթարկեցրել են մեկ մարդու կամքին: Միայն կոմունիստական կուսակցությունն է փորձել թեթևակի արտահայտել սեփական կարծիքը: Սակայն վերջինիս ղեկավար Ստանիսլավ Քոչիևը երբեք վճռականությամբ աչքի չէր ընկնում և նախընտրում էր պայքարի քողարկված ձևերը: Խորհրդարանի խոսնակի պաշտոնում նրա նշանակումը միջազգային քաղաքականության մեջ անհեթեթություն է, քանի որ կոմունիստական կուսակցությունը խորհրդարանական փոքրամասնություն է: Մինչդեռ մեծամասնության «Միասնություն» կուսակցությունը, որը ղեկավարում է Զուրաբ Կոկոևը, ստեղծված է վարչական ռեսուրսի վրա և գրեթե ամբողջությամբ հանդիսանում է Գրիզլովի ռուսաստանյան կուսակցության կլոնը: «Ժողովրդական կուսակցությունն» ամբողջապես վերահսկվում է նախագահի կողմից և առանցքային հարցերում ինքնուրույն որոշումներ չի կայացնում: Որպես կանոն՝ այդ կուսակցության պատգամավորները նախագահից հստակ հրահանգներ են ստանում:

Սկսվել է վերականգնողական գործընթացի երկրորդ տարին (2010 թ.): Հաղթանակի ոգևորությունն անցել է: Ռուսաստանի խոստացած ֆինանսական «անձրևը» (Պուտինի հնչեցրած 26 միլիարդ ռուբլի գումարը) ժողովրդին չի հասել: Բնակելի շենքերի վերականգնման գործընթացը անգամ կիսով չափ չի ավարտվել: Հարավային Օսիայի իշխանությունից դժգոհ են Մոսկվայում և ոչ պակաս չափով՝ Հարավային Օսիայի հասարակությունում: Ասպարեզում հայտնվում են նոր քաղաքական ուժեր, ինչը վկայում է բնակչության շահագրգռվածության և աճող ինքնագիտակցության մասին:

Պետական գրանցման փուլում է հանրապետական «Իրոն» կուսակցությունը. ասպարեզում է հայտնվել Դմիտրի Տասոևի ղեկավարած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: «Արդար Օսիա» և «Իրոն» կուսակցություննները ներկայանում են որպես կառուցողական ընդդիմություն: Մտավախություն կա, որ նորաստեղծ կուսակցությունները ձևավորվել են նախագահի միևնույն թիմի կողմից՝ ընդդիմադիր ընտրազանգվածը տրոհելու նպատակով:

Ինչևէ, Հարավային Օսիան անձնիշխան կոլխոզից, որտեղ բոլոր հարցերը լուծում է մի մարդ, ինքնաբավ հանրապետության վերաճելու լավ հնարավորություն ունի: Արդեն տեսանելի են վարչակարգի տկարության մասին վկայող փոքր ծիլերը:

Հատկանշական է տեղական համալսարանի դասախոս, քաղբանտարկյալ Ֆաթիմա Մարգիևայի դատավարությունը: Նա մեղադրվում էր զենք պահելու մեջ, ինչը նա չէր ժխտում: Այս հոդվածով Հարավային Օսիայում կարելի է բանտարկել համարյա բոլորին. բնակչությունը դեռ չի վստահում իշխանությանը և չի կամենում զենքին հրաժեշտ տալ՝ համարելով այն իր անվտանգության երաշխավորը: Անգամ Հարավային Օսիայի սահմանի երկայնքով տեղաբաշխված ռուս սահմանապահների ներկայությունը չի համոզում հրաժարվել զենք ունենալուց:

Գորբաչովյան և ելցինյան ժամանակաշրջանում Մոսկվան մի քանի անգամ դավել է Հարավային Օսիային, և մարդիկ այդ մասին հիշում են, թեև օս ժողովուրդը փրկվել է 2008 թ. օգոստոսի 8-ին Ռուսաստանի միջամտության շնորհիվ:

Վերադառնանք դատավարությանը: Աշխատանքից ազատվել է նաև Ֆաթիմա Մարգիևայի դուստրը. առկա էր պատժիչ հետապնդման ողջ փաթեթը: Դատավարությանը ներկա էր Ռուսաստանից ժամանած փաստաբան, հասարակական իրավապաշտպան Ռուսլան Մագկաևը: Նա դատարանի դահլիճում Հարավային Օսիայի նախագահին հրապարակայնորեն անվանել է հանցագործ, և նրա առաջ քաշած փաստարկները ոչ ոք չի հերքել: Մեղադրյալի դուստրը վերականգնվել է աշխատավայրում դեռ դատավարությունը չավարտված: Այս ամենը տեսանելի նշան է, որ «հասկացությունների» գոտուց Հարավային Օսիան ձգտում է վերածվել օրենքի գործողության հարթության: Դրա մեջ մեծ դեր է խաղում ռուսաստանյան բաղադրիչը: Ռուսաստանի կողմից քաղաքականապես ճանաչվելու հանգամանքը հնարավորություն է տվել կիրառելու ռուսաստանցի իրավապաշտպանների փորձառությունն ու գործելաոճը: Նախկինում նրանք փաստացիորեն մեկուսացված էին Հարավային Օսիայի գործընթացներից, քանի որ Ռուսաստանը պաշտպանում էր Վրաստանի տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ սահմաններում, ուստի նման միջամտությունը կհակասեր միջազգային իրավունքին:

Հարավային Օսիայում ներքին քաղաքական ակտիվության աճը պարզորեն նշմարվում է: Թեև նախագահական ընտրություններին դեռ շատ ժամանակ է մնացել, ընդդիմությունը ձգտում է սկզբից ևեթ կանխել նախագահի մտադրությունը՝ ՀՕՀ սահմանադրության մեջ մտցնելու այնպիսի փոփոխություններ, որոնք վերջինիս հնարավորություն կընձեռեին գնալու երրորդ նախագահական ժամկետի: ՀՕՀ ընդդիմադիր քաղաքական գործիչները կարծում են, որ եթե չլինի դիմադրություն, ապա նախագահը կարող է պարզապես անտեսել Մոսկվայի դժգոհությունը:

Մոսկվան փորձում է իր հսկողության տակ առնել նաև ֆինանսական հոսքերը: Ռուսաստանյան կոռուպցիոներները տեղաբույս օսականներից ոչնչով լավը չեն, ուստիև շինարարության մեջ մեծ տեղաշարժ չի գրանցվում: Ասել, որ բնակելի շինությունների վերականգնում տեղի չի ունենում, ճիշտ չէր լինի: Բայց հասկանալի չէ, թե ինչի՞ հիման վրա են որոշվում առաջնահերթությունները: Տնակորույսների բնակարանների փոխարեն ընդլայնվում է Ադրկովկասյան մայրուղին (Տրանսկամը). Ցխինվալի մերձակայքում պայթեցվում են ժայռեր: Դա որոշակիորեն տարօրինակ է թվում և խորհել է տալիս փողերի լվացման մասին: Դեռ ոչ շատ հեռավոր անցյալում Տրանսկամը բավարար չափով ապահովում էր տրանսպորտային հոսքերը Հայաստանից և Վրաստանից դեպի Ռուսաստան, և ճանապարհի այդ հատվածում խցանումներ երբեք չեն նկատվել:

Կոռուպցիայի դեմ պայքարին թե՛ ռուսաստանյան և թե՛ հարավօսական կողմից մեծապես կօժանդակեր ԶԼՄ-ների հասարակական վերահսկողությունը: Հարավային Օսիայի Հանրապետությունն Արևմուտքի համար կարող է հեշտորեն դառնալ Ռուսաստանի կողմից ճանաչված ժողովրդավարական պետության մոդել: Սակայն Ռուսաստանը դեռ ոչ մի կերպ չի հրաժարվում «մեկ կենտրոնին» աջակցելու արատավոր քաղաքականությունից: Հարավային Օսիան` ի դեմս ռուսաստանաբնակ և արևմտաբնակ օսերի, ունի հսկայական մտավոր ներուժ, որը բացարձակապես հարկավոր չէ մոսկովյան կոռուպցիոներներին: Այն օդի պես անհրաժեշտ է հենց օսերին, և հույս կա, որ նրանք իրենց մեջ ուժ կգտնեն և դրական խթան կհաղորդեն հանրապետության զարգացմանը:

Մի քանի բառ Վրաստանի ազդեցության մասին: Թեպետև օսերի և վրացիների միջև կան բազում խնամիական կապեր և բազմաթիվ տրոհված ընտանիքներ, ՀՕՀ բնակչության ճնշող մեծամասնությունը գոհ է արտաքին քաղաքական ներկայիս կացությունից, երբ Վրաստանը զրկված է հանրապետությունում որևէ գործընթացի վրա ներազդելու հնարավորությունից: Թերևս միայն Լենինգորի շրջանի էթնիկական վրացիները այն ժամանակների կարոտախտ ունեն, երբ թբիլիսյան մեգապոլիս հասնելը տևում էր ընդամենը 40 րոպե: Այսօր նրանք հարկադրված են անցնել ստուգիչ կետեր, որոնք շատ են երկարացնում ճանապարհը:

Սահման հատելու կարգը վերջնականապես չի կարգավորվել: Չկան օրինական ստուգիչ անցագրային կետեր, թեև ոչ պաշտոնականները գոյություն ունեն: Ոչ կառավարական կազմակերպությունների սակավ ձայները երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի հատման կարգը մշակելու վերաբերյալ Վրաստանի կողմից դեռևս հավանություն չեն գտնում, թեև գործընթացը ձեռնտու է բոլորին՝ թե՛ ՀՕՀ-ին, թե՛ Վրաստանին և թե՛ Ռուսաստանին: Վրաստանի հետ հարաբերությունների բարելավումը տնտեսական ազատության և նոր ներդրումների խրախուսման համար գլխավոր հայեցակետն է և ուղին:

Առայժմ դա չկա: Վրաստանն ինքը դեռ ավելի է հեռացնում իրենից Հարավային Օսիային՝ հրաժարվելով իրապաշտ քաղաքականությունից և պատրանքներ փայփայելով Հարավային Օսիային վերատիրելու առումով: Կարելի է անվերապահորեն պնդել, որ Հարավային Օսիայի ժողովուրդը կրկին զենքի կդիմի նման սցենարի զարգացման առաջին իսկ փորձերի պարագայում:

Եզրափակելու համար կարելի է ասել միայն մի բան. օս ժողովուրդը կանգնած է պատմական ընտրության առջև՝ աշխարհի ժողովուրդների ընտանիքում զարգանալ և քաղաքակիրթ բարգավաճել կամ ձուլվել և անհետանալ: Պատմությունը նման նոր հնարավորություն նրան այլևս չի ընձեռի:

Թիմուր ՑԽՈՒՐԲԱԹԻ

«21 Seculare» («XXIդար») հանդեսի գլխավոր խմբագիր, մարտական գործողությունների մասնակից և դաշտային հրամանատար վրաց-օսական հակամարտության գոտում (1989-1992, 2004, 2008 թթ.)

Դիտվել է 1482 անգամ:
Print Friendly

Leave a Reply