Սննդային թունավորումներ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | July 27, 2010 13:36

Ամառը հանգստի ու բարձր տրամադրության ժամանակաշրջան է, սակայն այն կարող է խաթարվել աղիքային  խանգարումներով: Վիճակագրության համաձայն`  թունավոր ինֆեկցիայից կամ, ինչպես  ընդունված է ասել, սննդային թունավորումներից տուժողների մեծ մասը պարզապես չի դիմում բժշկի, փորձում է ինքնուրույն բուժվել: Սա այն դեպքն է, երբ ինքնաբուժումը թույլատրելի է, սակայն պետք է իմանալ, թե ինչպես անել այն:

Գրեթե յուրաքանչյուրիս կյանքում  գոնե մի անգամ վիճակվել է զգալ սննդային թունավորման  տհաճությունը: Անորակ սնունդ ընդունելուց  կես ժամ կամ ամենաշատը 2-3 օր հետո առաջանում է սրտխառնուք, փսխում, փորացավ, լուծ, բարձրանում է (ոչ  միշտ)  ջերմությունը: Այս բոլոր ախտանշաններն ազդարարում են սուր ինֆեկցիոն գաստրոէնթերիտի կամ էլ էնթերոկոլիտի` ստամոքսի լորձաթաղանթի և բարակ աղու կամ էլ մարսողական համակարգի բոլոր բաժինների  միաժամանակյա  բորբոքման մասին:

Սակայն միայն  բորբոքումով չի սահմանափակվում այս երևույթը:  Մինչ մեր ափսեի մեջ հայտնվելը թունավոր ինֆեկցիայի հարուցիչները ոչ միայն պտղաբերել ու բազմացել են, ասենք, մի կտոր թխվածքի մեջ,  այլև ակտիվորեն արտադրել են  հատուկ  մանրէներով հարուստ թույներ` էնթերոտոքսիններ, որոնք էլ թունավորում են օրգանիզմը: Եվ որքան շատ  ախտածին միկրոօրգանիզմներ են  այրվում, այնքան ուժեղ է սրտխառնուքը , փսխումը, բարձր է ջերմությունը, ուժեղ է գլխապտույտը, հաճախանում է սրտխփոցը, իջնում  զարկերակային ճնշումը:

Թունավորման ժամանակ պետք է  հնարավորինս շատ հեղուկ ընդունել:  Բնականաբար, եթե ստամոքսը «տակնուվրա » է եղել, ուտել կամ չուտելու խնդիր չի առաջանում: Դրա մասին մտածելն անգամ սրտխառնուք է առաջացնում: Սակայն, եթե չհաշվենք հաճախակի  «այցելությունները» զուգարան,  և  եթե բավականաչափ լավ եք զգում, ապա հնարավոր է, որ ախորժակն էլ բացվի: Սակայն կամքի ուժ դրսևորեք, առժամանակ  հեռու վանեք այդ մտքերը, գոնե առաջիկա 24-36 ժամը: «Ալեկոծված» ստամոքսի ու աղիքների համար լավագույն դեղը հանգիստն է: Բայց հեղուկ կարելի է ընդունել սիրտն ուզածի չափ: Հենց հեղուկն է լվանում օրգանիզմը թունավոր մանրէներից: Հեղուկի նվազագույն չափաբաժինը ժամում 250 գ է: Այն էլ ոչ միանգամից (այդ դեպքում ստամոքսն այն պարզապես հետ կուղարկի), այլ փոքր կումերով:  Շտապելու ոչինչ չունեք:  Իսկ թե ինչ է պետք խմել, կախված է ձեր ցանկությունից:  Եթե առանձնակի հակումներ չունեք, ապա խմեք տաք, սակայն առանց շաքարի թեյ կամ պարզապես եռացրած ջուր: Երբեմն  փսխման ու լուծի հետ օրգանիզմից  ոչ միայն հեղուկ է դուրս գալիս, այլև նատրիում և քլոր: Նման պարագայում հաճելի կլինեն աղի բաները:  Մի զրկեք ձեզ հաճույքից, մեկ թեյի գդալ աղը լուծեք եռացրած ջրի մեջ ու խմեք. անուշ լինի:

Աղիքային տհաճությունների  ժամանակ կալիումի կորուստ նույնպես կլինի. այդ պակասը լրացնելու համար տնեցիներին խնդրեք կարտոֆիլի կամ գազարի եփուկ պատրաստել:  2-3 կարտոֆիլ կամ գազար քերել խոշոր քերիչով, վրան ավելացնել 2 բաժակ սառը ջուր, ապա  եռացնել  20 րոպե, քամել, սառեցնել և օգտագործելուց  անմիջապես առաջ  աղ ավելացնել: Կամ էլ կարելի է կոմպոտ եփել  ծիրանաչրով, չամիչով ու բանանով, առանց շաքարի, դրանք նույնպես հարուստ են կալիումով: Սակայն հիշեք, որ կոմպոտի բաղադրիչ  մրգերն ուտել  չի կարելի:

Երբ բուժական նպատակով  քաղցի ժամկետը լրանա, ուտել հարկ է սկսել փոքր չափաբաժիններով` յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ. առաջին օրերին ճիշտ կլինի սնվել մածունով ու չորացրած սպիտակահացով, ջրիկ բրնձի կամ էլ ձավարաշիլայով: Հաջորդ օրն արդեն կարելի է  ուտել կաթնային ապուրներ,  թերխաշ ձու,  խաշած միս, կարտոֆիլային կամ էլ գազարով խյուսեր:

Զգուշացեք հում բանջարեղենից, մրգերից, հյութերից (հատկապես թթվաշ, ինչպիսիք են նարնջի,  թուրինջի,  լոլիկի հյութերը): Մի շտապեք: Դրանք կարելի է ուտել, սակայն մի քանի օր անց, երբ համոզվեք, որ վտանգն անցած է:

Փսխումն օրգանիզմի բնական պահանջն է

Եթե առաջացել է այն, ուրեմն դա անհրաժեշտ է ձեր օրգանիզմին: Այդ միջոցով է օրգանիզմն ամենաարագ ու ամենաճիշտ կերպով ազատվում էնթերոտոքսիններով ու դրա մանրէներով հարուստ սննդից: Այս դեպքում չպետք է խանգարել բնությանը: Ավելի լավ է միջամտեք, օգնեք այդ գործընթացին` լվանալով ստամոքսը բաց վարդագույն մանգանալուծույթով  կամ էլ կերակրի աղի , սոդայի լուծույթով (1 ճաշի գդալ` 1 լիտր ջրին), կարելի է նաև պարզապես եռացրած գոլ ջրով լվացում կատարել: Խմեք այնքան ջուր, որքան կարող եք (մոտ 2 լիտր): Իսկ եթե ինքնիրեն  փսխում չի առաջանում, ապա մատով կամ էլ գդալի պոչով օգնեք ձեզ: Կրկնեք գործողությունը 3-4 անգամ: Ստամոքսի լվացումը ճիշտ կլինի կատարել թունավորմանը հաջորդած 6 ժամվա ընթացքում, երբ կա ստամոքսի ցավ, սրտխառնուք  ու փսխելու ցանկություն:  Իսկ եթե թունավորման միակ անհարմարությունը լուծն է, հիշյալ գործողությունների անհրաժեշտություն չկա:

Եթե փսխումը լվացումից  հետո էլ է տհաճություն պատճառում, աշխատեք հանգստանալ, թուլանալ, պառկել անկողնում, խորն արտաշնչումներ կատարել, ապա բերանի մեջ դրեք սառցակտոր ՝ կա՛մ սովորական, կա՛մ էլ  դաղձից (նանա) պատրաստված թեյից (2 թեյի գդալ չոր հումքի վրա լցնել մի բաժակ եռացրած ջուր և թերմոսում թրմել 5 րոպե ու քամել): Կօգնի նաև կես լիտր տարողությամբ  հոգնան` քամած նանայի տաք եփուկով:

Նանայով թեյ` սրտխառնուքի դեմ

Սրտխառնուքի  դեմ լավագույն միջոցը արհեստականորեն առաջ բերած փսխումն է, ինչի շնորհիվ օրգանիզմն ազատվում է ստամոքսի լորձաթաղանթը գրգռող պարունակությունից: Եթե դրանից հետո էլ սրտխառնուքը չի դադարում,  խմեք  նանայով թեյ այնքան, մինչև տհաճ զգացողությունն անցնի:

Անցած դարերում այս դեպքերում խորհուրդ էին տալիս բամբակի վրա մի քանի կաթիլ կատվախոտի (վալերիանա) թուրմ կաթեցնել ու հոտոտել` յուրաքանչյուր քթանցքով առանձին,  մատով փակելով մյուս քթանցքը:

Դիտվել է 4291 անգամ:
Print Friendly

Leave a Reply