Բլեֆարիտ կամ տիկնակլունձ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | August 31, 2010 9:00

Երևույթի կրկնվելն ահազանգում է տեսողական համակարգի որևէ խնդրի կամ օրգանիզմում առկա հիվանդության մասին:

Ինչու՞ է առաջանում բլեֆարիտը կամ, ինչպես ժողովուրդն է այն անվանում, տիկնակլունձը:

1. Ստուգեք տեսողությունը. գուցե ակնոց չեք դնում, մինչդեռ դրա անհրաժեշտությունն արդեն ունեք կամ էլ  եղածը թույլ է ձեր աչքերի համար: Մշտական լարվածությունից  կոպերի անկյունները բորբոքվում են, և առաջանում է տիկնակլունձ:

2. Այն ոչ միայն ցավոտ է, այլև  շարունակ քոր է առաջացնում ու ծակծկում: Ակնհայտ է, որ գործ ունենք ալերգիայի հետ: Աչքի կաթիլներ (բժշկի նշանակմամբ) կաթեցրեք և թրջոցներ դրեք:

Ի դեպ, ալերգիայի հակումներ ունի մեզանից յուրաքանչյուրը:

Հատկապես տհաճ են կոպերի ու աչքի լորձաթաղանթի ալերգիկ բորբոքումները, որոնց պատճառը կարող է լինել փոշին, դեղորայքը, դիմահարդարման պարագաները,  օծանելիքը և այլ ալերգածին գործոններ: Այդ դեպքում առաջանում է այրոց, ծակծկոց, այտուց, ցավ է առաջացնում նաև պայծառ լույսը: Իսկ երբ բորբոքումը դառնում է քրոնիկական, ապա քորն անտանելի է դառնում: Այս դեպքում էլ խորհուրդ է տրվում դիմել ակնաբույժի և ալերգաբանի:

3. Տիկնակլունձն աչքաթող չի կարելի անել: Անհանգստացնում են տիկնակլունձի կոշտացած եզրերը,  դրանց թեփոտումը, կեղևակալումը, քորն ու արտևանունքի թափվելը: Նշված ախտանշանների պատճառ կարող են լինել մանրէները, սնկերն ու միկրոսկոպիկ տիզերը: Ձեր տառապանքի պատճառները միայն ակնաբույժը կհայտնաբերի: Հիշե՛ք, տիկնակլունձի ամենահաճախ հանդիպող պատճառներից  են հիշյալ հարուցիչները:

4.Պայքարեք  վարակների դեմ: Օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները թուլանում են մրսածության, գրիպի, անգինայի կամ այլ բորբոքային հիվանդությունների հետևանքով: Թուլացած օրգանիզմը տիկնակլունձի «աստեղային» պահն է: Թույլ մի տվեք, որ այն «օգտվի» բարենպաստ պայմաններից:  Իմունիտետը խթանող միջոցներ կիրառեք, օրինակ՝  օրական 0,5 գ C վիտամին, 20 կաթիլ իմմունալ կամ էլ  էխինացին՝ օրական 3 անգամ: Իսկ եթե  այն առաջանում է նույնիսկ  այն ժամանակ, երբ  կարծում եք, թե առողջական խնդիրներ չունեք, ապա այցելեք ատամնաբույժին կամ քիթ-կոկորդ-ականջ- բժշկին: Գուցե իմունային համակարգը թուլացել է ինֆեկցիայի օջախների (կարիես, տոնզիլիտ) դեմ պայքարելով: Այս դեպքում բուժեք հիվանդ ատամներն ու նշիկները, և տիկնակլունձն այլևս ձեզ չի անհանգստացնի:

5. Արյան  հետազոտություն անցեք՝ շաքարի պարունակությունը ստուգելու համար: Դրա անհրաժեշտությունը կա, եթե տիկնակլունձն անընդհատ է անհանգստացնում: Հաճախ կրկնվող բորբոքային այս երևույթը կարող է հուշել շաքարային դիաբետի նախնական փուլի մասին: Եթե այն իսկապես էլ ախտորոշվի, ապա սահմանափակեք քաղցրավենիքի օգտագործումը: Իսկ եթե հիշյալ հիվանդությունը չկա, միևնույն է, այս խորհուրդը կօգնի ազատվելու տհաճությունից. ոսկեգույն ստաֆիլակոկը, որ այս տհաճության հարուցիչն է, ածխաջրերով է սնվում:

Ծանոթ պատկեր

Աչքի անկյունը կարմրում է, ուռչում ու դրա վրա կարծր հանգույց է նկատվում: Այն ցավոտ է: Ի՞նչ է իրենից ներկայացնում տիկնակլունձը. բորբոքվում է արտևանունքի մազապարկը  կամ էլ ճարպագեղձը: Դրանից հետո բորբոքային պրոցեսը զարգանում է ըստ լավ հայտնի սցենարի. 2-4 ժամ հետո հանգույցի ծայրին նկատվում է դեղնավուն գլխիկ,  երբ դրա պարունակությունը դատարկվում է, հիվանդը թեթևություն է զգում: Սրանք արտաքին տիկնակլունձի ախտանշաններն են և ամենաանվնաս ելքը, որի դեպքում կարելի է բժշկի չդիմել:

Արտաքին տիկնակլունձի դեպքում կարելի  է տնային պայմաններում այն բուժել, այլ հարց է, երբ   վարակը ախտահարում է կոպի կռճիկային գեղձերը: Այդ դեպքում աչքը կարծես լողում է, առաջանում է  սթարախակույտ: Այն կարող է դուրս գալ մաշկի միջոցով կամ էլ  բացվել կոպի ներսում՝ հանգեցնելով բարդությունների, ինչպիսին  է կոնյունկտիվիտը (ցանցաթաղանթի թարախային բորբոքումը): Այս դեպքում արդեն քսուքներն ու հակամանրէային դեղորայքն այնքան էլ արդյունավետ չեն:  Վիրաբուժական միջամտություն է հարկավոր: Կտրվածք է արվում, և դրենաժ է դրվում: Սակայն մի հասցրեք դրան: Եթե ժողովրդական միջոցներով կանխել չի ստացվել, ապա դիմեք ակնաբույժի:

Ինչպե՞ս օգնեք ինքներդ ձեզ

Տհաճություն զգալուց անմիջապես հետո առաջարկվում է ժողովրդական մի միջոց. սխտորը երկայնքով կտրել և փակ աչքի խնդրահարույց հատվածի վրա դնել ու թողնել 1-2 րոպե: Կրկնել օրական 2-3 անգամ, 2 օր անընդմեջ:

Ոչ մի դեպքում չի կարելի այն սեղմել, հակառակ դեպքում հնարավոր է, որ վարակը տարածվի աչքի հյուսվածքների վրա, հասնի գլխուղեղ և ուղեղաբորբի պատճառ դառնալ: Գոյություն ունի մեկ այլ ավելի անվնաս միջոց` սև թեյի թուրմով  տաք թրջոցները: Տաքը լավացնում է արյան շրջանառությունը, հետևաբար բորբոքման արգասիքների շարժ է սկսվում, և տիկնակլունձը շուտով ներծծվում է: Սև թեյի թուրմն ինքնին օգտակար բան է, դրանում տանինաթթու կա, որը հակաբորբոքային հատկություն ունի: Առաջին թրջոցից անմիջապես հետո թեթևություն կզգաք:

Սև թեյով պարկիկն ընկղմեք եռացրած ջրով լի բաժակի մեջ, ապա հանեք, քամեք ու թողեք փոքր-ինչ սառչի: Թրջոցը պետք է բավականին տաք լինի, սակայն չայրի: Նմանատիպ գործողությունները կրկնել օրական 4 անգամ՝ 15-ական րոպե տևողությամբ:

Ժողովրդական միջոց

Ժամանակակից մարդու մոտ դրանք տարակուսանք կառաջացնեն: Փորձեք, գուցե այն ձեզ էլ օգնի: Հնում տիկնակլունձի ժամանակ կարմիր թել էին կապում բորբոքված աչքի հակառակ դաստակին, օրինակ՝ աջ աչքի բորոքման դեպքում՝ ձախ դաստակին:

Դիտվել է 25163 անգամ:
Print Friendly

Leave a Reply