Կլաուստրոֆոբիա

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | August 1, 2010 9:00

Վախը մարդու հոգեկանի անբաժան բաղադրիչներից է, այն մարդու բնածին ինքնապաշտպանական բնազդ է: Սակայն հաճախ այն հիվանդագին է դառնում և քայքայում մարդու անհատականությունը, վնասում՝ վերածվելով հիվանդության կամ էլ լուրջ խանգարման: Վախը կարող է առաջանալ միջատների, սողունների, մթության, բարձրության հանդեպ: Հաճախ կարելի է հանդիպել փակ տարածություններից վախի, այսինքն՝ կլաուստրոֆոբիայի դեպքերի:

Կլաուստրոֆոբիան նոպայաձև բնույթ ունի և առաջանում է փակ տարածքներում և մեծաքանակ մարդկային կուտակումների դեպքում (ամբոխի, հերթի մեջ): Այն հանկարծակի է սկսվում, և մարդը  կորցնում է ինքնակառավարումը. առաջանում է խուճապի, շնչահեղձության զգացում: Այդ մարդիկ սկսում են խուսափել նեղ, փակ տարածքներից, վագոններից, մետրոյից, վերելակից, նրանց հետապնդում է կլաուստրոֆոբիայի  վախը: Նոպաներն ուղեկցվում են վեգետատիվ նյարդային համակարգի վառ դրսևորումներով, ինչպիսիք են առատ քրտնարտադրությունը, բերանում չորությունը, դողը, սրտխփոցը, շնչարգելությունը: Մակերիկամներում արտադրվող ադրենալինը  կտրուկ նեղացնում է անոթները` առաջացնելով գլխապտույտ և ուշագնացության վիճակ:

Կլաուստրոֆոբիայի առաջացման պատճառները

Կլաուստրոֆոբիան  մյուս ֆոբիաների (վախերի) նման մանկուց է գալիս: Դեռևս լիովին պարզ չեն դրա առաջացման պատճառները, սակայն ակնհայտ է, որ այն ուժեղ սթրես է, որն անկառավարելի  վախի նոպա է առաջացնում: Եվ քանի որ այն հիմնականում վաղ մանկության տարիներին ապրած վախի հետևանք է,  այդ ինֆորմացիան ենթագիտակցական մակարդակ է տեղափոխվում, և մարդուն մնում է միայն սովորել  պայքարել դրա ախտանշանների դեմ:

Կլաուստրոֆոբիայի դեմ պայքարի միջոցները

Կլաուստրոֆոբիայի դեպքում  համալիր բուժում է ենթադրվում` հոգեթերապևտի ու հոգեբանական օգնության միջամտությամբ: Հոգեթերապևտը, իհարկե, դեղորայքային բուժում է առաջարկում (հակադեպրեսանտներ): Հոգեբանը կիրառում է մի շարք տեխնիկական հնարքներ, որոնք օգնում են նվազեցնելու մարդու հոգեվիճակի վրա վախի բացասական ազդեցությունը. դրանցից են հիպնոթիկ տրանսի վիճակը, լոգոթերապիայի մեթոդները:

Հիվանդին հիպնոթիկ վիճակի բերելով` հոգեբանը թուլացնում ու հանգստացնում է նրան, փորձում հեռացնել վախի  պատճառը, ներշնչել մարդուն  սեփական ուժերի նկատմամբ վստահություն: Դրանցից է սիստեմատիկ դեսենսիբիլիզացիան, որի էությունը հետևյալն է. սովորեցնել հիվանդին թուլանալու տարբեր մեթոդներ, որոնք ինքը կարող է կիրառել ֆոբիայի նոպայի ժամանակ: Մարդն ինքը պետք է գիտակցի իր վախի աստիճանը և չընկնի խուճապի մեջ:

Ի՞նչ պետք է անել նոպայի ժամանակ

Փորձեք թուլանալ, կարգավորել շնչառությունը (շնչեք քթով` ուշադրությունը սևեռելով օդի անցուղիների վրա): Խուճապի մի մատնվեք` դեսուդեն  կամ վերև նայելով, ավելի լավ է  ուշադրությունը սևեռել ձեր տեսողության դաշտում գտնվող որևիցե օբյեկտի վրա: Պետք է սովորեք ղեկավարել ինքներդ ձեզ ու ձեր մտքերը: Պակաս կարևոր չէ նաև  երևակայության գործոնը:

Սովորաբար այն հանկարծակի է առաջանում և նույն կերպ էլ ավարտվում է: Սակայն դա  անուշադրության մատնելու պատճառ չէ: Դիմեք հոգեբանի կամ հոգեթերապևտի՝ որակյալ օգնություն ստանալու համար:

Դիտվել է 2636 անգամ:
Print Friendly

Leave a Reply