Չեմպիոնը չհամարձակվեց կարիճ ուտել
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | August 15, 2010 9:00
Վերջին շրջանում հայկական ծանրամարտում մի շարք նշանակալի իրադարձություններ են եղել:
Ուշադրության կենտրոնում էին Թայվանում անցկացված այս մարզաձևի ուսանողական խաղերում հանդես եկած մեր երկրի նեկայացուցիչները: Գերազանց դրսևորեց իրեն հատկապես 22-ամյա Աղասի Աղասյանը, որը տիրացավ ոսկե երեք մեդալի: 77 կգ քաշային մարզիկը վերադարձից հետո հայտնեց, որ անչափ գոհ է իր ցույց տված արդյունքից: Նա պոկում և հրում վարժություններում գլխից վեր էր պահել 135 կգ-ոց և 181 կգ-ոց ծանրաձողեր: Հայաստանի ներկայացուցիչն օգտագործել էր հինգ մոտեցում, որոնցից երեքն էին արդյունավետ: Պոկում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ նրան վնասվածքը խանգարել էր հաղթահարել 145 կգ ծանրությունը: Նույնը կրկնվել էր նաև հաջորդ մոտեցման ժամանակ: Մեր մարզիկը հրել էր 171 կգ, ապա` 181 կգ: Աղասին պատմեց, որ իր քաշային կարգում հայտավորված է եղել 9 մարզիկ, մրցակիցներին չի ճանաչել, բայց տրամադրված է եղել հաղթելու, և սա իր ամենամեծ հաջողությունն է: Նախկինում` 2009-ին, նա դարձել էր մինչև 23 տարեկան ծանրորդների Եվրոպայի չեմպիոն: Այդուհանդերձ, Աղասյանը կարծում է, որ իրեն չի հաջողվել կարողությունները լիովին դրսևորել, քանի որ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում չեմպիոն էր դարձել ավելի բարձր ցուցանիշով` 337 (150+187) կգ:
«Հայաստանից երեք մարզիկ է մրցահարթակ դուրս եկել, և բոլորս էլ մրցավայրում խնդիրներ ենք ունեցել: Նախ` շատ շոգ էր, շնչելը դժվար էր: Ասես օդը չէր բավականացնում: Այդպիսի եղանակը մեր համար անսովոր էր: Թվում էր, թե ուր որ է կխեղդվենք: Անսովոր էր մեծ խոնավությունը: Եվ դա իր ազդեցությունն ունեցավ: Ռուբեն Մամոյանը (62 կգ) պոկում վարժությունում չեմպիոն դարձավ (120 կգ), սակայն հրում վարժության ժամանակ կատարվեց անցանկալին: Նրա երեք մոտեցումներն էլ անհաջող ստացվեցին: Ռուբենը չկարողացավ բարձրացնել 140 կգ-ոց ծանրաձողը և 0 ստացավ: Ընդ որում, պարապմունքների ժամանակ նա ավելի բարձր կիլոգրամներ էր սանձում, սակայն այս անգամ ինքնազգացողությունը լավ չէր: 94 կգ քաշային Վարդան Դավթյանը երեք բրոնզե մեդալի տիրացավ` 358 (165+193) կգ: Հնարավոր է, որ նա ավելինին էր արժանի: Բայց կարևորն այն է, որ նա անմասն չմնաց խաղարկված պարգևներից»,- ասաց Աղասյանը:
Ուշագրավն այն է, որ մերոնց խանգարող հանգամանքը միայն արտասովոր խոնավությունը և շոգը չէին: Նորընծա չեմպիոնը հայտնեց, որ իրենց հրամցվել են այդ երկրի արտասովոր խոհանոցի ուտեստներ: Դրանց մեջ եղել են կարիճ, որդ, տարբեր տեսակի միջատներ: Բողոքելն էլ անիմաստ է եղել, քանի որ դա է տեղի խոհանոցը: Շվեդական սեղան է եղել: Աղասյանը հայտնեց, որ որոշ կերակուրներ իրենց նույնիսկ դուր են եկել, համով թվացել: Նա նշեց, որ մասնավորապես իրեն շատ է դուր եկել գորտի տոտիկներից պատրաստված կերակուրը: Ծովային որոշ կենդանիներից եփված կերակուրներից էլ օգտվել է, սակայն չի իմացել, թե ինչ է ուտում: Հետաքրքիրն այն է, որ նա որոշել է կարիճ համտեսել, սակայն չեմպիոնին այդ անելու «համարձակությունը» չի բավականացրել:
Մեր երկրի պատվիրակությունը գլխավորող Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը հայտնեց, որ փորձել են ամեն կերպ լուծել մեր մարզիկների սննդի հարցը: Տեղի սուպերմարկետներից միս, կիսաֆաբրիկատներ են գնել և, ճաշարանի աշխատողներին վճարելով, տարբեր կերակուրներ են պատվիրել: Նա նշեց, որ ստուգատեսը նորմալ էր կազմակերպված, և դրան մասնակցել են 57 երկրների ներկայացուցիչներ:
Ինչ վերաբերում է Մամոյանի անհաջողությանը, ապա Խաչատրյանը բացատրեց, որ խանգարել է նաև երկարատև, հոգնեցնող ճանապարհը: 27 ժամ ուղևորությունից հետո է մարզիկը մրցման մասնակցել: Մեր երկրի պատվիրակությունը Երևանից մեկնել էր Մոսկվա, այնտեղից` Հոնկոնգ, ապա հասել մրցավայր:
Քանի որ շատ լուրեր են պտտվում, թե ով է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելու վաղամեռիկ Աշոտ Մխիթարյանին, ապա այս կապակցությամբ Խաչատրյանը հայտնեց, որ որևէ նոր նշանակում չի եղել, պարզապես, հավաքականի ավագ մարզչի պարտականությունը ժամանակավոր վստահվել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանին: Եվ նա համակարգում է աշխատանքը, որպեսզի հավաքականն ըստ ամենայնի նախապատրաստվի Թուրքիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Ներկայումս Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականներն ուսումնամարզական հավաքներ են անցկացնում: «Ցավոք, մեր երկու առաջատարները` աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանն ու Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանն այժմ հիվանդանոցում են: Նազիկի ոտքն են վիրահատել, Առաքելի` ձեռքը: Այնպես որ նրանք բաց կթողնեն աշխարհի առաջիկա առաջնությունը: Կարևորն այն է, որ նրանք կարողանան մասնակցել 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերին: Հնարավորը կարվի, որպեսզի Հայաստանի 5 ծանրորդ և 3 ծանրորդուհի մասնակցեն խաղերին»,- վստահեցրեց Խաչատրյանը:






Facebook
Tweet This
Email This Post
