Գոլդա Մեիր կամ Իսրայելի մայրը

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | August 19, 2010 9:00

Հնարավոր է, որ Իսրայելի անկախ պետությունը գոյություն չունենար, եթե չլիներ Գոլդա Մեիրը` հրեա ժողովրդի անկախության մասին անրջող մի կին, որ ամեն օր էր իր կյանքը նվիրաբերում այդ երազանքին: Նա թույլ չտվեց, որ կենցաղը փշրի այդ երազանքը: Նա հանելուկային կին էր, և չնայած ընդամենը երկու զգեստ ուներ, նրան համարում էին հմայիչ ու գրավիչ: Նա կարող էր քաղցած մնալ, սակայն ակտիվ քաղաքական կյանքով ապրել: Լավատեսությունը երբեք չէր լքում նրան: Նա պատրաստ էր զոհաբերել ամեն ինչ հանուն իր մանկության երազանքի, հանուն հրեաների միավորման: Զրկանքների ու նահատակվելու մշտական վախի տարիները ամուր ու աննկուն կամք ձևավորեցին, որը նրան տարավ դեպի բարձունք ձգվող երկար ճանապարհով:

Գոլդա Մեիրի երազանքն իրականացավ 1948-ին, երբ ՄԱԿ-ը քվեարկեց Պաղեստինի անջատման օգտին: Քաջատեղյակ քաղաքական գործիչներն ասում էին.«Եթե Բեն Հուրիոնը Իսրայել պետության հայրն է, ապա Գոլդա Մեիրը` մայրը»: Նա հաղթեց իր համար կարևորագույն պայքարում: Նա 25 տարի պայքարեց, որ՝ արաբները հետ կանգնեն հրեաներին Միջերկրական ծովը լցնելու գաղափարից: Մեիրը կցնցվեր, եթե իմանար, որ 20 տարի անց` 1968-ի մարտի 27-ին միաձայն ընտրվելու է իր սիրելի ժողովրդի չորրորդ վարչապետ ու  դառնալու է պետության միակ կին ղեկավարն աշխարհում: Ռուսական էմիգրանտը, որ ընդամենը մեկ տարի է սովորել քոլեջում, ստորագրեց Իսրայելի անկախության հռչակագիրը,  դարձավ Իսրայելի առաջին դեսպանը Ռուսաստանում, առաջին աշխատանքի ու սոցապ նախարարը, առաջին արտգործ նախարարը, և, վերջապես,  երկրի  առաջին և միակ կին ղեկավարը: Նրա ոգին, համառությունն ու համոզմունքն օգնեցին ստեղծելու Իսրայել պետությունը և դառնալ նրա առաջնորդը: Նա օրինակ էր Մարգարեթ Թետչերի, Ինդիրա Գանդիի համար,  նա ոգեշնչման աղբյուր էր  իշխանության  համար  պայքարող յուրաքանչյուր կնոջ համար:

Անձնական կյանքը

Մեիրը` օրիորդական Մաբովիտց ազգանունով, ծնվել է Կիևում (Ուկրաինա), բազմանդամ ընտանիքի յոթերորդ երեխան էր: Ծնողներն ամուսնացել էին առանց օրինական ծիսակարգի (Էդիսոնը, Էյնշտեյնը, Եկատերինա Մեծը՝ բոլորն անկախ խռովարարների ընտանիքներից են սերում ): Ռուսական դաժան իրականությունը 9 տարվա մեջ` մինչ իր ու քրոջ ծնունդը խլեց նրա 5 եղբոր կյանքը՝: Քույրը` Շանան,  այնքան մեծ էր Գոլդիից, որ երբեմն փոխարինում էր մորը: Շանան Գոլդիին գրել-կարդալ սովորեցրեց, քանի որ  դպրոց հաճախելը շքեղություն էր: Ռուսաստանում կյանքը դժվար էր: Ինքնակենսագրականում գրում է.«Ոչինչ չէր բավականացնում. ո՛չ սնունդը, ո՛չ տաք հագուստը և նույնիսկ` ընտանեկան ջերմությունը»: Նա երբեք չմոռացավ իր կյանքի այդ մռայլ ժամանակաշրջանը` ջարդերը, որոնք նրա հոգեկանի վրա անջնջելի հետք թողեցին: Նա առաջին անգամ  «քրիստոսասպաններ» խոսքը լսեց ջարդարարներից, որոնք սպանում էին անմեղ մարդկանց՝ նրանց հավատքի ու էթնիկական ծագման պատճառով: Գոլդին յոթանասուն տարեկանում գրել է.«Ես հիշում եմ, թե ինչքան վախեցած էի ու վրդովված»:

Գոլդիի հայրը Միացյալ Նահանգներ մեկնեց, երբ աղջիկը 5 տարեկան էր: Երբ աշխատանք գտավ, ընտանիքին իր մոտ կանչեց: Մայրը համարձակվեց կեղծել փաստաթղթերը. Գոլդին պետք է 5-ամյա աղջնակ ձևանար, երբ 8 տարեկան էր, իսկ Շանան՝ 12-ամյա աղջիկ, մինչդեռ արդեն 17 տարեկան էր: Անձնագիրը ձևակերպված էր ուրիշ երեխաների տվյալների հիման վրա: Ճամփորդության ընթացքում նրանց ողջ ունեցվածքը գողացան, և բոլորը, բացի Գոլդիից, հիվանդացան: Երբ հասան Միլոուկի, մայրն անմիջապես մթերային խանութ բացեց  երկհարկանի տան առաջին  հարկում, որի երկրորդ հարկում տեղավորվեց ընտանիքը, ու չիմանալով լեզուն` սկսեց աշխատեցնել այն: Նրա օրինակը շատ ոգեշնչեց Գոլդիին, որ 9 տարեկանում սկսեց աշխատել նույն խանութում:

Քույրը՝ Շանան, մեծ ազդեցություն է ունեցել Գոլդիի վրա: Նա Գոլդիի կուռքն էր, հերոսուհին. «Շանան երևի թե ամենամեծ ազդեցությունն է թողել իմ կյանքի վրա, նա փայլուն օրինակ էր, իմ ամենաթանկագին մարդն ու  իմ առաջնորդը»:

Երիտասարդ տարիքում Գոլդին շատ էր կարդում: Նա բացահայտեց Տոլստոյին, Դոստոևսկուն, Չեխովին ու Դիքքենսին: Գոլդին դպրոց հաճախեց Միլոուկի տեղափոխվելուց հետո. մինչ այդ խոսում էր իդիշ լեզվով,  տանը` ռուսերեն, իսկ անգլերեն` միայն դպրոցում: Միլոուկիի փայտե տները Գոլդիի համար իսկական դղյակներ էին: Այնքան տարված էր գրքերով ու դպրոցով, որ երազում էր ուսուցիչ դառնալու մասին: Նա գրել է.«Ութ տարեկանից երազում էի դասատու դառնալ»:  Գոլդին շատ գրավիչ աղջնակ էր: Դպրոցական ընկերուհու խոսքով՝ հինգ տղաներից չորսը սիրահարված էին նրան:

Շանան ամուսնացավ ու մեկնեց Դենվեր` թոքախտից բուժվելու: Աղջիկները նամակագրական կապ ունեին: Ծնողները որոշեցին, որ երեխաներին ձևական կրթությունը  պետք չէ, ու  14-ամյա Գոլդիին նշանեցին  ապահովագրության երեսնամյա գործակալի հետ: Սակայն, լինելով անզիջում ու ինքնավստահ դեռահաս, Գոլդին փախավ Դենվեր` քրոջ մոտ`  միջնակարգ կրթությունը շարունակելու: Այնտեղ ապրեց մոտ 2 տարի. Շանան  իր տանն ամեն շաբաթ սիոնիստական հավաքներ էր կազմակերպում: Այդ հավաքներին մասնակցում էր նաև Մորիս Մեյերսոնը, ում հետ էլ հետագայում ամուսնացավ Գոլդին:

Շանայի հետ վեճից հետո Գոլդին վերադարձավ Միլոուկի` ավարտելու ուսումը: Այդ տարիներին նա տարված էր «Սիոնի աշխատավորներ»  շարժումով.17 տարեկանում  ընդունվեց նույն կուսակցության շարքերը և ելույթներ էր ունենում հանրահավաքներում, իսկ երեկոները ներգաղթածների հետ անգլերեն էր պարապում:

Գոլդին 19 տարեկանում ամուսնացավ Մեյերսոնի հետ և այն ժամանակ արդեն վճռեց, որ ապրելու է իսրայելական կիբուցցում(գյուղատնտեսական կոոպերատիվ ձեռնարկություն): Իր մտադրության մասին տեղյակ պահեց ամուսնուն ու առաջարկեց միանալ իրեն: Գոլդիի կենսագիր Մարտին Մորիսը 1988-ին գրել է.«Իր երևակայության մեջ Գոլդին արդեն հեռացել էր Ամերիկայից: Հոգով արդեն տքնում էր ինչ-որ տեղ՝ պաղեստինյան անապատում»: Ամուսնուն ասաց, որ նա ազատ է որոշելու՝ հետևել  իրե՞ն, թե՞ մնալ Ամերիկայում: Նրա համառության ու հավատարմության ապացույցն էր այն, որ ամուսնությունից անմիջապես հետո մեկնեց ԱՄՆ-ի արևմուտք` սիոնիզմի վերաբերյալ քարոզներով գումար հայթայթելու: Հայրը զայրացած էր. «Ո՞վ է տեսել, որ հարսանիքից անմիջապես հետո ամուսնուն թողնեն և  ճանապարհ ընկնեն»: Սակայն Գոլդին տարված էր սիոնիզմի գաղափարով և հորը պատասխանեց.« Ես պատրաստ եմ գնալ, ուր պետք է: Ինչ ինձ խնդրում են, ես անում եմ, կուսակցությունը կարգադրել է մեկնել, և ես մեկնում եմ»: Մեիրի կենսագիրը գրում է.«Մորիսը փափուկ մարդ էր և չէր  հակառակվում Գոլդիի կամքին: Մեկընդմիշտ հասկանալով, որ հրեական հարցը լուծելու միակ տարբերակը պատմական հայրենիք վերադառնալն է, Գոլդին ասաց.«Ես որոշել եմ մեկնել այնտեղ»: Ու այն հարցին, թե առանց ամուսնու կգնա՞, պատասխանեց.«Կմեկնեմ, սակայն կոտրված սրտով»:

Գոլդին դարձավ  սիոնիստական շարժման առաջնորդը: Նա երկու տարի շրջեց Միացյալ Նահանգներում` փող հավաքելով «Պոկահոնտաս» նավի համար, որը վարձել էին Թել Ավիվ ուղևորվելու նպատակով:

Այսպես սկսվեց 50 տարի ձգված պատմությունը: Գոլդին համոզեց Շանային  միանալ իրեն` իրագործելու Պաղեստինը նոր հայրենիք ու թափառական հրեայի տուն վերածելու առաքելությունը: Շանան թողեց ամուսնուն և իր երկու երեխաների հետ նավ բարձրացավ: Նավը ծով դուրս եկավ 1921-ի մայիսի 23-ին: Նավում Գոլդին էր՝ ամուսնու հետ, քույրը՝ ընտանիքով, և 23 կամավոր: Ուղևորությունը հենց սկզբից չարագույժ էր.«Նավի վրա խռովություններ եղան, մահ, սով, նավապետը սպանվեց, իսկ նավարկության ավարտին նավապետի եղբայրը ցնորվեց»: Հուլիսի 14-ին խումբը անոթի ու առանց ունեցվածքի ոտք դրեց Թել Ավիվ: Նրանց երազանքների քաղաքը  Թել Ավիվն էր, որն անապատում էր ու հիմնվել էր ընդամենը 12 տարի առաջ, զուրկ էր բուսականությունից  ու բնական պաշարներից: Այն հիշեցնում էր մի ուրիշ մոլորակ: Ամեն ինչ այնքան անպտուղ ու վայրի էր, որ շատերն արտասվեցին ու վերադառնալու ցանկություն հայտնեցին: Նրանց թվում էր նաև Շանան: Միայն Գոլդին էր ոգևորված ու շարունակ կրկնում էր. «Ես  շատ երջանիկ եմ»: Իսկ մնացածը շատ դժբախտ էին: Փաստորեն խմբի մեկ երրորդը հետո վերադարձավ Ամերիկա: Գոլդին պաշտոնապես անունը փոխեց, դարձավ Գոլդա՝  դրանում կյանքը նորովի սկսելու խորհուրդ տեսնելով:

Գոլդան ամուսնու հետ ոտք դրեց մի հողակտորի վրա, որը 240 մղոն երկարություն ու 60 մղոն լայնք ուներ: Այդ անապատը Գոլդայի պատանեկան երազանքի` հրեաների հայրենիքի մարմնացումն էր, ու Գոլդան սիրեց այն առաջին իսկ վայրկյանից: Նա հաճախ էր ասում.«Հրեա ժողովուրդն իրավունք ունի մի կտոր հողի, որի վրա նա կարող է ապրել իբրև ազատ ու անկախ ժողովուրդ»: Կյանքն այստեղ  հեշտ չէր.  ամեն ինչ  ընդհանուր էր` հագուստը, մթերքը, երեխաներն ու ամուսինները: Բնակիչների մեծ մասը հիվանդ էր մալարիայով, զուգարաններ չկային, ջուրը կեղտոտ էր, մթերքը` հաճախ փչացած կամ էլ ոչ ուտելի: Սակայն Մեիրին լավատեսությունը չէր լքում: Նա սիոնիստական կոնվենտի ներկայացուցիչն էր ու հաճախ էր հանդիպում ազգային լիդերների հետ՝ Բեն Հուրիոնի, Բեռլա Կացնելսոնի, Զալման Շազարի և Դավիթ Ռեմեզայի: Մորիսի համար կյանքը կիբուցցում  շատ դժվար էր: Նա ատում էր այդ կյանքը, և ընտանիքը վերադարձավ Թել Ավիվ: 1923-ին ծնվեց նրանց դուստրը՝ Սառան, 1926-ին՝ որդին Մենահեմը: Մեիրն աշխատում էր Երուսաղեմում, Կանանց աշխատանքային խորհրդի քարտուղարն էր: Ուներ լվացքատուն` որպես լրացուցիչ եկամտի աղբյուր: Գոլդան գիտակցում էր, որ կարիերան առաջնային է իր համար ու այդ կապակցությամբ ասել է.« Իմ երեխաները փոքր տարիքում իմ պատճառով շատ են տանջվել»: 30-ականներին նա` որպես  Համաշխարհային Սիոնիստական կազմակերպության  և Պաղեստինի հրեական կազմակերպության  ներկայացուցիչ, շրջեց ողջ աշխարհում, շատ պաշտոններ ուներ. մի շրջան կար, երբ նրան անվանում էին  սիոնիստական շարժման «ոսկի աղջիկ», մինչդեռ տանը  հաճախ նույնիսկ հոսանք չէր ունենում, անձնական հեռախոս չուներ և իր կյանքի մեծ մասը քնել է թախտի վրա:

Իսրայելի անկախության ճանապարհին երկու մեծ խնդիր առաջացավ. երկիրը փող չուներ, երկրորդ` Հորդանանի թագավորը հայտարարեց, որ արաբները պատրաստ են  50 մլն ազգաբնակչությունից 10 մլն-ի  կյանքը զոհաբերել  Պաղեստինում կես մլն հրեա վերացնելու համար:Գոլդան մեկնեց Միացյալ Նահանգներ ու տենդագին գումար էր  հավաքում՝ բանակը զինելու համար: Նա վերադարձավ շատ հոգնած,1948-ին  սրտի նոպա ունեցավ:  Նրա առաքելությունն արդյունք, իհարկե, տվեց, սակայն ստիպված էր 3 շաբաթով հանգստի գնալ: Գոլդան ոտքի կանգնեց միայն 1948-ի մայիսի 14-ին, երբ Իսրայելը պետություն հռչակվեց, իսկ 1969-ին Մեիրը դարձավ Իսրայելի նախագահը: Գոլդա Մեիրը մահացավ 1978 թվին, Երուսաղեմում:

1982-ին նրա կյանքի մասին ֆիլմ նկարվեց՝«Կինը, ում Գոլդա էին կոչում» վերնագրով, նրա կերպարը մարմնավորել է Ինգրիդ Բերգմանը:

Ջին Լանդրամ «Տասներեք կին, որոնք վերափոխեցին աշխարհը» գրքից

Դիտվել է 2368 անգամ:
Print Friendly

Leave a Reply