Երվանդ Կյուրեղյան. «Այս հուշերս կթողնեմ գալիք սերունդներիս համար իբրև մի հիշատակ ու նաև մի կտակ»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | August 3, 2010 9:00

Օրերս Երևանի պետական համալսարանի Երկանյանների անվան լսարանում կայացավ Երվանդ Կյուրեղյանի «Իմ հուշերի ճանապարհով» գրքի շնորհանդեսը: Այս գիրքը Եղեռնը վերապրած, 1905 թ. Արմենական կուսակցության ինքնապաշտպանական հոտաղական գաղտնի միության մեջ ընդգրկված, իսկ 1908 թ. ՀՅԴ-ին անդամագրված, հայ ազգային-ազատագրական պայքարին զինվորագրված, Բայազետի գրավմանը և բազմաթիվ այլ մարտերի, Վանի և Սարդարապատի հերոսամարտերին մասնակցած մարդու հուշագրություն է: Ամենահետաքրքրականը, սակայն, այն է, որ 1888 թ. Վանի նահանգի Հայոց ձոր գավառակի Քերծ գյուղում ծնված Ե. Կյուրեղյանն իր հուշերը թղթին է հանձնել 100 տարեկան հասակում` մահից տասը տարի առաջ: «Հեղինակն երկու մեծադիր տետրում գրել է իր փոթորկահույզ կյանքի պատմությունն առանց ջնջումների և խմբագրումների, պարզապես առաջին էջից սկսել է գրել և ավարտել վերջին էջում»,-նշում են գիրքը հրատարակության պատրաստած ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Վարդանյանը և ԵՊՀ օսմանագիտության կենտրոնի ղեկավար Լուսինե Սահակյանը:

«Այս հուշերս ես գրի առա իմ տղա Վարուժանի խնդրանոք, և այս հուշերս կթողնեմ գալիք սերունդներիս համար իբրև մի հիշատակ ու նաև մի կտակ: Թող սերնդեսերունդ կարդան և հասկանան, որ իրենց մեծ հայր Երվանդը ո՞ր երկրից է եղած, և նրա երկիրը ո՞ր քաղաքն է, և ո՞ր գյուղն է, և, մանավանդ, Երվանդի մեծ պապի պապերը ո՞ր երկրից են եղած և ինչո՞ւ իրենց երկրից եկած են, Քերծ գյուղը շինած են և ապրած են, ի՞նչ հանգամանքով փախած են և ինչո՞ւ են փախած: Այս ամենը գրեցիմ, որ չմոռանան իրենց տոհմական շառավիղը, և ես կհավատամ և համոզված եմ իմ սերունդին, նրանց տոհմին և նրանց ապագա գալիք զավակներին օրերից մի օր կհաջողվի տիրանալ իրենց պապենական հողին: Կերթան Վասպուրական` Վան քաղաքը, և կանցնեն Հայոց ձորը, և կգտնեն մեր Քերծ գյուղը, և կերթան, Կատալակի ջրվեժից պաղ-պաղ ջուր կխմեն, և էն չիմանների միջից ծաղիկներ կքաղեն, կներպուկ կհավաքեն և ինձ կհիշեն և ողորմի կասեն իրենց մեծ պապա Երվանդին»,- գրել է հեղինակը` իր գալիք սերունդներին ուղղված խոսքում:

Ըստ խմբագիրների` գիրքը միայն տառապանքի ուղիներով անցած մարդու պատմություն չէ, այն ընթերցողին է մատուցում նաև ազգագրական հարուստ նյութ գյուղացիների կենցաղի, ընտանեկան սովորույթների, աշխատանքի և աշխատանքային երգերի, հայ-թուրքական և հայ-քրդական հարաբերությունների մասին: «Արյան բազում նախճիրների միջով անցնելով` Եղեռնի օրերին մերձավորներին` հորը և մորը, կնոջը, ազգականներին կորցնելուց, հազարավոր մորթված մայրեր ու երեխաներ տեսնելուց հետո հանկարծ մի կռվի ժամանակ հեղինակը փրկում է երկու թուրք անծանոթ երեխայի (քույր և եղբայր) և գաղտնի ուղարկում իրենց մոր մոտ, իսկ ինքը նստում է և ողբում իր կորուստները»,-գրքի նախաբանում գրում են Ս.Վարդանյանը և Լ.Սահակյանը: Նրանց մատուցմամբ, «պարզ, անմշակ քարերով շարվածք» հիշեցնող Ե.Կյուրեղյանի տողերն ընթերցողին հասցնում են կյանքի դառը բաժակը ցմրուր խմած, կյանքի չարը տեսած անչար մարդու պատմությունը, որը «շատ ավելի հավաստի և կենդանի է, քան բազում գրագետների կեղծ տվայտանքներն ու բառարաններից հանած բառակույտերը»:

Նշենք, որ Երևանում ներկայացված գիրքը վերահրատարակվել է «Արարատ» ռազմավարագիտական և ԵՊՀ օսմանագիտական կենտրոնների կողմից` հեղինակի զավակների` Վարուժան Կյուրեղյանի և Անժել Ալթունյանի անմիջական աջակցությամբ: «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը պատրաստել է նաև հեղինակին և գրքին նվիրված 30-րոպեանոց խտասկավառակ, որում ներառված է նաև հեղինակի հուշերի ` 1989 թ. արված տեսագրությունը: Գրքում կան նաև անհրաժեշտ ծանոթագրություններ, որոնք չկային 1996 թ. Լոս Անջելեսում (որտեղ 1985 թ. ի վեր բնակություն էր հաստատել Ե.Կյուրեղյանը) առաջին անգամ հապճեպ տպագրված գրքում: Շտապողականության պատճառը գերդաստանի 108-ամյա հոր առողջական վիճակի կտրուկ վատթարացումն էր և որդու ցանկությունը, որ հայրն իր գրառումները հրատարակված տեսնի:

«Ակամա որբուկը, պարզ գյուղացին, ֆիդային, հայոց բանակի հեծյալ սպան, վտարանդին, վարորդը, ընտանիք կազմած հայ հայրը, թոռնիկներին գուրգուրացող ու փայփայող պապը, բոլորն ու բոլորը ինքն է` Երվանդ Կյուրեղյանը, բոլոր դեպքերում ու բոլոր դիրքերում` մարդկային չափանիշներին հավատարիմ  և հայեցի»,- 1996 թ. գրել է իրանահայ դոկտոր Անդրանիկ Սիմոնյանը` ընդգծելով, որ գիրքը իսկական «Անկեղծ զինվորի հիշատակարան» է:

Անհնար է մեկ հոդվածում ներկայացնել Երվանդ Կյուրեղյանի 100-ամյա հուշագրությունը` ծննդյան օրվանից մինչև 1988 թ. դեպքերը: Նշենք միայն, որ հեղինակը 1921 թ. փետրվարյան ապստամբությունից հետո ղեկավարության հրահանգով տարագրվում է Իրան: 1946 թ., երբ սկսվում է ներգաղթը Հայաստան, նա` ընտանյոք հանդերձ, հերթագրվում է և, ինչպես  ինքն է գրում. «Մենք երկու տարի պարապ սպասեցինք, մեր անունը դուրս չեկավ: Մեր քարավանը` բոլորը հայրենասեր ընտանիքներ էին, գնալու պատրաստությամբ, ամեն ինչ ցրիվ էինք տվել, տուն-տեղ քանդել և ներգաղթի համար պատրաստվել, օր էինք  հաշվում, որ օր առաջ գնանք մեր սուրբ հողի վրա աշխատենք և ապրենք, բայց ներգաղթը կանգ առավ»:

Ե. Կյուրեղյանին, այդուհանդերձ, հաջողվում է 1979 թ., երբ հռչակվեց Իրանի Իսլամական Հանրապետությունը և հանվեց Խորհրդային Միություն ճամփորդելու արգելքը, իր ընտանիքի անդամների հետ, որպես տուրիստ, այցելել Հայաստան, որտեղ, իր վկայությամբ, «առաջին պտույտը սկսվեց Ծիծեռնակաբերդից»: Բավականին մանրամասն ներկայացնելով իր հայաստանյան ուղևորությունը և իր նախկին զինակիցների հետ հանդիպումները` նա, մասնավորապես, գրում է, որ «Արմենիա» հյուրանոցի իր սենյակի պատուհանը «կբացվեր ճիշտ Մասիսի դիմաց»: «Ես կանգնած էիմ, կնայեիմ Մասիսին և կլացեիմ»,- գրում է նա` հավելելով, որ այդ պահին իրեն այցելած Տաճատ Թերլեմեզյանը և Հովհաննես Շիրազը հետաքրքրվում են իր հուզմունքի պատճառներով: Շիրազը հակադարձում է. «Դու  տեսար մի անգամ և կլացես, ես ամեն օր կլացեմ: Արի, արի մեկ-մեկ խմենք, մեր դարդը մոռանանք»: Հեղինակը նաև հիացմունքով է խոսում Հայաստանում իր այցելած վայրերի մասին` համեմատելով դարասկզբին իր տեսածի հետ, և արձանագրում, որ երբեմնի անապատացած, ամայի հողերը և «ղռերն» այժմ ծաղկած էին: «Վերջապես 1979 թ. օգոստոսին թողեցինք մեր ծաղկած Հայաստանը: Ես միայն մի բուռ հող Սարդարապատից բերեցիմ և պահած եմ, որ մեռնելուց գցեն աչքերիս վրա»,- գրել է Ե.Կյուրեղյանը:

Գայանե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է 1877 անգամ:
Print Friendly

Leave a Reply