Դատական գործերի հարուցումը տեղեկատվություն չտրամադրողների նկատմամբ կշարունակվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 27, 2010 12:29

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նախատեսում է շարունակել դատական գործերը տեղեկատվություն չտրամադրող կառույցների եւ պաշտոնյաների նկատմամբ: Մինչ այժմ կենտրոնը 20 անգամ հայցով դիմել է դատարան, եւ տեղեկատվության տրամադրման տեսանկյունից բոլոր հայցերը բավարարվել են, իսկ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի գյուղապետը ենթարկվել է վարչական պատասխանատվության` 50 հազար դրամի չափով:

Այս մասին տեղեկացրեց կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Անահիտ Քոչարյանը` նշելով, որ փորձը ցույց է տվել, որ գնալով տեղեկատվության ազատության ոլորտը բարելավվում Է: Ա. Քոչարյանի հավաստմամբ` արդեն իսկ կան թեկնածուներ, որոնցից մեկին կամ երկուսին պատասխանատվության կենթարկեն դատական կարգով: «Այս եւ այլ բազմաթիվ հնարավորություններով փորձում ենք սթափեցնել ինֆորմացիա տրամադրողներին»,- ասաց հանրային կապերի պատասխանատուն` նշելով, որ իրենք նաեւ օգնում են լրագրողներին ու հասարակությանն անհրաժեշտ տեղեկություններ ստանալ:

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքը Հայաստանում գործում է արդեն 7 տարի: Ըստ Ա. Քոչարյանի` մեր երկրում տեղեկատվության ազատությունն այժմ միջինից բարձր է գնահատվում ու զգալի է փոխոխությունը նախորդ տարիների հետ համեմատած: «Հաջողվել է հասնել նրան, որ պաշտոնյաներն օրենքին են ծանոթացել»,- ասաց հանրային կապերի պատասխանատուն: Տեղեկատվության ազատության կենտրոնը գործում է 9 տարի:

Քանի որ տեղեկատվության տրամադրման մերժումները զգալիորեն կրճատվել են, «սեւ ցուցակը», որտեղ նշվում են ինֆորմացիա չտրամադրողների անունները, ամիսը մեկ հրապարակվելու փոխարեն այժմ հրապարակվում է եռամսյակը մեկ: Այսօր բազմաթիվ հիմնարկություններ, ըստ Ա. Քոչարյանի, ունեն ինֆորմացիոն ցուցատախտակներ, իսկ որոշները դիմում են կենտրոնին` այն ստանալու համար:

Դիտվել է 960 անգամ:
Print Friendly

Leave a Reply