ԱՄՆ-ում 2010 թվականի սկզբից 100-ից ավելի բանկ է սնանկացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 27, 2010 12:18

ԱՄՆ-ում 2010 թվականի սկզբից սնանկացած բանկերի թիվն անցել է 100-ի սահմանագիծն այն բանից հետո, երբ ուրբաթ ԱՄՆ-ի իշխանությունները յոթ ֆինանսական կազմակերպություն են փակել Ջորջիայի, Ֆլորիդայի, Հարավային Կարոլինայի, Կանզասի, Նեւադայի, Մինեսոտայի եւ Օրեգոնի նահանգներում: Այս տարի բանկերի սնանկացման դինամիկան շատ ավելի բարձր է, քան 2009 թվականին, երբ ճգնաժամը բավականին խիստ հարվածեց երկրի ֆինանսական հաստատություններին:

Անցած տարվա ընթացքում սնանկացած է ճանաչվել 140 բանկ, ինչն ամենաբարձր ցուցանիշն է դարձել 1992 թվականից ի վեր: Ինչպես հաղորդել է Ասոշիեյթեդ Պրես գործակալությունը, Դեպոզիտների ապահովագրման համերկրային կորպորացիան (FDIC) իր հսկողության տակ է առել Crescent Bank and Trust Co.-ն (1 մլրդ դոլարի ակտիվով), Sterling Bank of Lantana-ն (407,9 մլն դոլար), Williamsburg First National Bank of Kingstree-ն (139,3 մլն դոլար), Thunder Bank of Sylvan Grove-ը (32,6 մլն դոլար), SouthwestUSA Bank-ը Լաս Վեգասի բաժանմունքով (214 մլն դոլար), Community Security Bank of New Prague-ն (108 մլն դոլար) եւ Home Valley Bank of Cave Junction-ը (251,8 մլն դոլար):

Ինչպես սպասվում է, իշխանությունների հսկողության տակ վերցված ֆինանսական կազմակերպություններն ի վերջո կվաճառվեն աճուրդներում: Փորձագետների կարծիքով` այս տարի սնանկացած բանկերի թիվը 140-ից շատ ավելի մեծ կլինի: 2008 թվականին ԱՄՆ-ում փակվել է 28 բանկ, իսկ 2007-ին` ընդամենը երեքը:

Դիտվել է 699 անգամ:
Print Friendly

Leave a Reply