Հարուցվել է քրեական գործ` կանխամտածված սնանկության դեպքի առթիվ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 27, 2010 11:21

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  կանխամտածված սնանկության, փաստաթղթեր կեղծելու եւ սնանկության կառավարչի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրելով ՀՀ նախագահի  վերահսկողական ծառայությունից ստացված նյութերը` պարզվել է, որ  2005թ. փետրվարից  ՀՀ տնտեսական դատարանում  քննվել է  ՀՀ կառավարությանն առընթեր  հարկային պետական  ծառայությունն ընդդեմ   «Գեմոս» ՍՊ ընկերության տնօրեն  Ֆ. Գալստյանի` 206,6 մլն. դրամ  բռնագանձելու պահանջի մասին հայցը: Դատարանի` 2006թ. մայիսի 17-ի վճռով ընկերության նկատմամբ  հարկային պարտավորությունը կազմել է 184.701.600 դրամ:

Ֆ. Գալստյանը, կանխատեսելով  դատարանի կողմից  ընկերության նկատմամբ  հարկային պարտավորություններ սահմանելու  հանգամանքը, որդու` Վ. Գալստյանի հետ, ով հանդիսացել է   «Սալուտիֆեր» ՍՊ ընկերության  բաժնետեր եւ տնօրեն, ինչպես նաեւ «Գեմոս» ՍՊ ընկերության մասնակից,   նախնական համաձայնությամբ  օգտագործել է իրավունք վերապահող  ակնհայտ կեղծ փաստաթուղթ: Մասնավորապես` կազմել է  2005թ. օգոստոս ամսին «Սալուտիֆեր» եւ «Գեմոս» ՍՊ ընկերությունների  միջեւ  առուվաճառքի կեղծ պայմանագիր` համաձայն որի  ակնհայտ չհիմնավորված գնով` 100 000 դրամով,  «Սալուտիֆեր» ՍՊԸ-ին են  օտարվել   2000թ. ապրիլի 12-ին  ՀՀ պետական գույքի  կառավարման  նախարարությունից  27 645 000 դրամով  ձեռք բերած, «Գեմոս» ՍՊ  ընկերությանը սեփականության իրավունքով  պատկանող  Կոտայքի մարզի Հանքավան  գյուղում գտնվող  2697.9 քմ մակերեսով  շենք-շինություններ: Այսկերպ  Վ. Գալստյանի  օժանդակությամբ  կանխամտածված ավելացվել են  ՍՊ ընկերության  սնանկության հատկանիշները` պետությանը  պատճառելով 27 545 000 դրամի խոշոր վնաս:

Իսկ «Գեմոս» ՍՊ ընկերության`  սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանը, տեղյակ լինելով վերը  նշված առուվաճառքի գործարքի մասին,  ՀՀ տնտեսական  դատարանի` 2006թ. հոկտեմբերի 13-ի վճռով «Գեմոս» ՍՊ ընկերությանը  սնանկ  ճանաչելուց հետո մեկ տարվա ընթացքում չի դիմել  դատարան` նախորդող  երեք տարիների ընթացքում  պարտապանի` «Գեմոս» ՍՊ ընկերության համար  ակնհայտորեն անշահավետ  եւ ընկերության  ակտիվներն էականորեն  նվազեցրած  առուվաճառքի  պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով:

Փաստի առթիվ   հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ, 38-193—րդ  հոդվածների, 325-րդ եւ 214-րդ հոդվածների  2-րդ մասերով:  Քրեական գործն ուղարկվել  է    ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննություն կատարելու համար:

Դիտվել է 824 անգամ:
Print Friendly

Leave a Reply