Դիետաներին հետեւելը կարող է նաեւ մահվան հանգեցնել
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 26, 2010 22:15
Զանազան դիետաների հետեւանքով առաջացող անորեքսիան մահացու հիվանդություն է. նիհարելուց մինչեւ հյուծվելը մեկ քայլ է: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին ՀՀ Առողջապահության նախարարության կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը եւ կլինիկական հոգեբան Վիկտորյա Վառյանը, Հայաստանում անորեքսիա կոչվող հիվանդության մասին գրեթե չեն խոսում, սակայն մեզ մոտ այս հիվանդությամբ տառապողներ եւս կան:
«Անորեքսիայի առաջացման հիմնական պատճառներն են` օրգանիզմի կենսաբանական նախատրամադրվածությունը, հոգեբանական խնդիրներն ու բարդույթները եւ սոցիալական միջավայրի ազդեցությունը: Անընդհատ գովազդվող նիհար դերասանուհիներն ու երգչուհիները երիտասարդ աղջիկների համար դառնում են իդեալ եւ չափանիշ, որին գումարվում են նաեւ շրջապատի քննադատությունները»,-ասաց բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը: Երկու հիմնական հիվանդություններ կան, որոնք նիհարելու հետեւանքով են առաջանում` անորեքսիան եւ բուլեմիան: Բուլեմիայով հիվանդները, ի տարբերություն անորեքսիայով հիվանդների, դիետայի ընթացքում կամ ոչինչ չեն ուտում կամ միանգամից չափից շատ են ուտում: Այս հիվանդությունները նաեւ հոգեկան խնդիրների հետեւանք են: «Անորեքսիայի ժամանակ նկատվում է նիհարելու հիվանդագին ձգտում: Հիվանդին ուղեկցում է գիրանալու նկատմամբ մշտական վախը, նա շարունակ տանջում է իրեն դիետաներով, ֆիզիկական ծանր վարժություններով, ի վերջո` կտրականապես հրաժարվում է սննդից, ինչը հանգեցնում է օրգանիզմի հյուծման եւ մահվան»,-շեշտեց հոգեբան Վիկտորյա Վառյանը` հավելելով, որ նույնիսկ նորմայից ցածր քաշի դեպքում հիվանդը դժգոհ է իր կազմվածքից, կարծում է, որ մարմնի այս կամ այն մասը գեր է եւ անընդհատ ձգտում է նիհարել:
Նիհարելը նրա համար գերնպատակ է, ընդ որում` նա չի գիտակցում իր հիվանդությունը: Անորեքսիան եւ բուլեմիան հիմնականում բնորոշ են 18-24 տարեկան կանանց ու աղջիկներին: Անորեքսիայով են տառապել եւ տառապում աշխարհահռչակ շատ դերասաններ, երգիչներ ու մոդելներ` Նիկոլ Քիդման, Ռենե Զելվեգեր, Քրիստինա Ռիչչի, Ուիթնի Հյուսթոն, Քեյթ Մոսս, Ջեյն Ֆոնդա, արքայադուստր Դիանա եւ ուրիշներ: Որոշելու համար օրգանիզմն առողջ կառուցվածք ունի, թե ոչ, անհրաժեշտ է սեփական հասակից (սմ) հանել քաշը (կգ) եւ եթե տարբերությունը 100-110 է կազմում, ապա առկա է առողջ կառուցվածք: Նիհարելու թույլատրելի չափանիշը ամսական 3-4 կգն է:






Facebook
Tweet This
Email This Post
