Կուսակցական համակարգը Հայաստանում

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | July 26, 2010 16:11

Քաղաքագիտական տերմինաբանությամբ կուսակցական համակարգը տվյալ պետության իշխանական համակարգի ձևավորմանը մասնակցող կուսակցությունների ամբողջությունն է: Կուսակցական համակարգը բնորոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել կուսակցությունների թիվը, առաջատար կուսակցության կամ կոալիցիայի առկայությունը կամ բացակայությունը, կուսակցությունների միջև մրցակցության մակարդակը:

Այսօր Հայաստանում գործում է ավելի քան 70 կուսակցություն, որոնց մեծ մասը դժվարությամբ է պահպանում կուսակցականների` օրենքով ամրագրված նվազագույն թիվը և առհասարակ կուսակցության գոյությունը: «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բոլոր մարզերում, այդ թվում նաև Երևանում, կուսակցությունները պետք է ունենան տարածքային կազմակերպություններ, որոնց անդամների թիվն էլ պետք է 100-ից պակաս չլինի։ Իսկ կուսակցության անդամների ընդհանուր թիվը 2000-ից պակաս չպետք է լինի:

Իրականում Հայաստանում քաղաքական դաշտում գործունեություն են ծավալում ընդամենը մի քանի կուսակցություններ` հիմնականում  իշխանական դաշտից` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը: Համագործակցելով շատ հարցերում` այս կուսակցությունները միաժամանակ իշխանության համար սուր պայքարի մեջ են՝ ձգտելով խորհրդարանական ընտրություններում մյուսներից շատ ձայներ ստանալ և հնարավորինս մեծ թիմով ներկայանալ Ազգային ժողովում: Միմյանցից առաջ անցնելու ու խորհրդարանում ներկայանալու մրցավազքում  սրանք կիրառում են բոլոր օրինական ու անօրինական  միջոցները

Միաժամանակ պետք է նշել, որ այս կուսակցությունների միջև երբեք գաղափարական պայքար չի եղել, ինչը  հանգեցրել է համակարգի դեգրադացման: Երրորդ հանրապետության  հռչակումից հետո գաղափարական հենքի վրա ստեղծված կուսակցությունների միջև իրոք գաղափարական պայքար եղել է, մենք դրա ականատեսը եղել ենք, սակայն  1996 թ. նախագահական ընտրությունների կեղծման հետևանքով առաջացած հուսահատությանը գումարվեց 1998 թ. արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ երևան եկած Դեմիրճյանի ֆենոմենը: Ընտրություններն` իբրև գաղափարական պայքարի միջոց, իսպառ իմաստազրկվեցին. մարդիկ սկսեցին ընտրություն կատարել ոչ թե գաղափարական ուղղությունների, այլ անձանց միջև: Մի մասը, խորհրդային տարիների համեմատաբար բարեկեցիկ կյանքի կարոտախտից դրդված, նախընտրում էր Կ. Դեմիրճյանին, մյուս մասը հույսեր էր կապում Ռ. Քոչարյանի հետ` նրա անձը նույնացնելով Ղարաբաղի հարցի դրական լուծման հետ:

Այսպես թե այնպես քաղաքական կուսակցությունների համար ակնհայտ դարձավ, որ գաղափարական հենքը չէ առաջխաղացման ու հաջողության գրավականը, այլ կերպ ասած` նրանք գաղափարական պայքարի որևէ խթան այլևս չունեին: Այդ է պատճառը, որը մեկը մյուսի հետևից սկսեցին ձևավորվել գրպանային, կլանային, իշխանության այս կամ այն թևի կամ  անձի թիկունքն ուժեղացնող, գաղափարական հենքից իսպառ զուրկ կուսակցություններ: Իսկ այն կուսակցություններն էլ, որոնք ժամանակին ստեղծվել էին ամուր գաղափարական հիմքի վրա, շատ հաճախ գործում են կամ որոշումներ են կայացնում, որոնք տրամագծորեն դեմ են հենց իրենց հռչակած գաղափարախոսությանը:

Դրա վառ օրինակն է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որ Նժդեհի դրոշի ներքո չվարանեց ապազգային որոշում կայացնել օտարալեզու դպրոցների բացման առնչությամբ: Կամ Հայ հեղափոխական դաշնակցությունը, որ լինելով ազգային-ավանդական և երկրի քաղաքական զարգացումներում իր ուրույն դերն ու տեղն ունեցող կուսակցություն, վերջին տարիների ընթացքում անընդհատ փոփոխում է իր քաղաքական դիրքորոշումը` հաճախ հակասելով իր գաղափարներին և դրանով կորցնելով զգալի  ընտրազանգված: Ի դեպ, ամիսներ առաջ դուրս գալով կոալիցիայից և դառնալով ընդդիմություն` ՀՅԴ-ն այսօր իր «ընդդիմադիր հայացքների» շնորհիվ լրջորեն պատրաստվում է 2012 թ. խորհրդարանական ընտրություններին և, ըստ երևույթին, լինելու է հիմնական դերակատարներից մեկը:

Իսկ ընդդիմադիր դաշտում   համագործակցություն չկա, կա թշնամանք թե՛ իրար նկատմամբ, թե՛  իշխանության:

Այս դաշտում  երևացող կուսակցություններն են «Ժառանգությունը», ՀԱԿ-ը  և ՀՅԴ-ն: «Ժառանգությունն» իր ներքին խնդիրների պատճառով բավական ծանր վիճակում է հայտնվել: Այս կուսակցությունից հոծ զանգվածով անդամների հեռանալը, ինչպես նաև կուսակցության ղեկավար դեմքերի միջև տարատեսակ հակասություններն այսօր` խորհրդարանական ընտրություններից առաջ, «Ժառանգությանը» կանգնեցրել են ծանր կացության առջև: Ունենալով հակասություններ թե’ իշխանական կուսակցությունների և թե’ արմատական ընդդիմություն համարվող ՀԱԿ-ի հետ, իսկ հասարակության  ընկալմամբ երբեմն անսկզբունքային որոշումներ ընդունելով, նա  քաղաքական դաշտում այնքան էլ լուրջ չի ընդունվում, և նրա ապագան այսօր մշուշոտ է: Կուսակցության վերջերս կայացած համագումարում նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում, կրկին քննադատելով թե’ իշխանություններին և թե’ ընդդիմադիր դաշտում գտնվող ՀԱԿ-ին, կարծես փորձեց նոր շունչ ու թափ հաղորդել կուսակցության գործունեությանը, ինչը, սակայն, ամենայն հավանականությամբ չի հաջողվելու, քանզի հասարակության այն զգալի զանգվածը, որը ժամանակին աջակցեց «Ժառանգությանը», այլևս հիասթափվել է և հոգնել  նրա անկանոն ու չմտածված գործողություններից:

Գաղափարազրկության փայլուն օրինակ է ՀԱԿ-ը, որ ստեղծման օրվանից գործում է ընդդիմադիր դաշտում և համարվում է արմատական ընդդիմություն, բայց իրականում կյանքի է կոչվել առաջին նախագահին իշխանության բերելու համար, թեկուզ մեր պետականության հիմքերը քանդելու գնով: Հազարավոր անմեղ մարդիկ, հավատալով Տեր-Պետրոսյանին և նրա կողքին կանգնած քաղաքական դեմքերին, խաբվեցին, և այդ է պատճառը, որ այսօր շատ քաղաքական ուժեր, որոնք Տեր-Պետրոսյանի հրապարակ գալուց հետո կանգնեցին նրա կողքին, այլևս չեն սատարում նրան: Միաժամանակ ՀՀՇ շարքերը բաց նամակով լքեց 1988-ից ՀՀՇ-ական Կարապետ Ռուբինյանը` մասնավորապես անդրադառնալով վարչության ընտրության կեղծիքներին, այլակարծության բացակայությանը և Ղարաբաղի հարցում իրենց ղեկավարի պեսիմիստական (մեր կարծիքով ադրբեջանամետ) վերլուծություններին: Իր ելույթում Տեր-Պետրոսյանը, ինչպես միշտ, հույսը կապելով ժողովրդի մի հատվածի վատ հիշողության հետ, կրկին սկսեց քննադատել իշխանություններին հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հիմնահարցերի առնչությամբ` պնդելով, որ անհիմն են այն կարծիքները, թե Ադրբեջանը պատերազմ չի սկսի, մոռանալով, որ վերոհիշյալ հիմնախնդիրները ժամանակին հենց ինքն է փակուղի մտցրել: Ելույթը կարդալուց տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի նախագահի հերթական ռազմաշունչ հայտարարություններն են հնչում: Ցավալին այն է, որ այդ խոսքերի հեղինակը տարիներ շարունակ զբաղեցրել է երկրի նախագահի պաշտոնը:

ՀԱԿ-ի շուրջ ծավալվող զարգացումները ցույց են տալիս, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ը հազիվ թե կարողանա ներկայանալ խորհրդարանում, և Ազգային ժողով մտնելու դիվիդենտներ են ստանալու ներկայումս ընդդիմադիր դաշտում գործող մյուս երկու ուժերը` ՀՅԴ-ն և նախկին արտգործնախարար Օսկանյանն` իր թիմով: Այս համատեքստում չի կարելի բացառել մոտ ապագայում այս երկու ուժերի հնարավոր համագործակցությունը, ինչը, ըստ էության, բավականին խելամիտ քայլ կլինի ուժերը համախմբելու տեսանկյունից: Ու թեև վերջին շրջանում մամուլում շրջանառվում է, որ Օսկանյանը պատրաստվում է անցնել ԲՀԿ շարքերը, դա քիչ հավանական է, քանզի, եթե Օսկանյանը այդպիսի քայլ պիտի աներ, ապա կաներ դեռ 2008 թ.` իր պաշտոնանկությունից հետո:  Նա սեփական հավակնություններ ունի և, իմ  տպավորությամբ, բավական լրջորեն պատրաստվում է թե’ առաջիկա խորհրդարանական և թե’  մանավանդ նախագահական ընտրություններին:

Միաժամանակ պետք է նշել, որ երկրում գործում են մի շարք կուսակցություններ (օրինակ` ԱԻՄ-ը, ԱԺՄ-ն և այլն), որոնք, թեև անդամների թվով զիջում են առաջատար կուսակցություններին, կուռ թիմ ունեն և գործունեություն են ծավալում գաղափարական հենքի վրա: Այս կուսակցությունները ձևավորվել են հիմնականում երրորդ հանրապետության ստեղծման տարիներին և կարողացել են ժամանակին քաղաքական լուրջ դեր խաղալ:

Ընդհանուր առմամբ, Հայաստանում միջկուսակցական կապերի մշակույթ գոյություն չունի, քանի որ կուսակցությունների մեծ մասի ղեկավար դեմքերի կողմից թշնամություն է քարոզվում այլ կուսակցությունների և նրանց անդամների նկատմամբ: Գործը  հաճախ հասնում է նույնիսկ ֆիզիկական բախումների, ինչի հետևանքով տուժում են ՀՀ քաղաքացիներ: Կուսակցական համակարգը Հայաստանում, որպես այդպիսին, կայացման երկար ճանապարհ պիտի անցնի:

Կուսակցությունների  գաղափարազրկությունն  ախտահարում է ոչ միայն կուսակցական համակարգը, այլև առհասարակ ողջ քաղաքական դաշտը, ողջ հասարակությունը: Ընտրազանգվածը ընտրություն է կատարում ոչ թե  թեկնածուների ներկայացրած ծրագրերի միջև, այլ անձերի, ընդ որում նախընտրելով այն անձին, ով աննահանջ պայքարելու և առկա իշխանությանը հաղթելու հույսեր է ներշնչում, ընդ որում չխորանալով, թե նախընտրած անձը ինչ կենսագրություն և վարքագիծ է ունեցել մինչև ընտրությունները: Անախորժ իշխանություններից ձերբազատվելու ձգտումը դրդում է  մարդկանց դաշինք կնքել անգամ սատանայի հետ, անգամ դեմ գնալ պետության շահերին ու սեփական համոզմունքներին: Սրանով պետք է բացատրել այն երևույթը, որ մի հսկա ընտրազանգված, որ 1996-ին կոչ էր անում` «Լևո՛ն, հեռացի՛ր», 2008-ի ընտրություններին կանգնեց նրա կողքին, քանի որ նա խոստանում էր տապալել «ավազակապետությունը»: Սա շատ վտանգավոր իրավիճակ է  և սպառնում է ողջ ազգաբնակչության համատարած ու անդառնալի ապատիայով: ՀԱԿ-ի վերջին համագումարում այդ հանրությունը վերջին ու ամենածանր հարվածը ստացավ. Տեր-Պետրոսյանի ելույթից պարզ դարձավ, որ  այս տարիների հանրահավաքների մասնակիցները և մանավանդ մարտի 1-ի տասը զոհերը պայքարել են հանուն Արցախը հանձնելու և Թուրքիայի բոլոր թելադրանքներին գրկաբաց ընդառաջ գնալու… որպեսզի լավ ապրեն։

Երկու ելք կա. կամ կուսակցական համակարգն ու հանրությունը  կգիտակցեն իրենց սխալներն ու կվերանայեն իրենց  մոտեցումներն ու վարքագիծը, կամ կշարունակեն մինչ այս ընտրած ճանապարհը, որը ոչ մի տեղ չի տանում:

Թե ինչ սցենարով կընթանան հետագա քաղաքական զարգացումները, ցույց կտա ապագան:

Դիտվել է 3708 անգամ:
Print Friendly

Leave a Reply