Արցախում ծնունդների եւ ամուսնությունների աճ է արձանագրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 26, 2010 14:23
Այս տարվա առաջին կիսամյակում Արցախում ծնվել է 1 379 երեխա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 66 ծնունդով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության ընտանիքի եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Սամվել Դադայանը, առկա ցուցանիշն ըստ ընտանիքում ծնված երեխաների թվաքանակի` ամենաշատն արձանագրվել է առաջին երեխայի դեպքում` կազմելով 459` չնայած քիչ չեն եղել նաեւ ծնունդները բազմազավակ ընտանիքներում: Ս. Դադայանի խոսքերով, մասնավորապես 44 ծնունդ արձանագրվել է հինգերորդ,16-ական` վեցերորդ եւ յոթերորդ, իսկ ավելի բարձր` տասներկուերորդ եւ տասներեքերորդ երեխաների ծնունդների թիվը համապատասխանաբար արձանագրվել են 2 եւ 1: Նշենք, որ ժողովրդագրական քաղաքականությանն ուղղված` Արցախում առաջին երեխայի ծննդյան կապակցությամբ ընտանիքին կառավարության կողմից տրվում է միանվագ 100 հազար դրամ, երկրորդինը` 200 հազար, երրորդինը` 500 հազար դրամ, եւս 500 հազարը հատկացվում է` որպես ժամկետային ավանդ, չորրորդ եւ ավելի երեխաների ծննդյան դեպքում միանվագ տրվում է 700 հազար դրամ, եւս նույնքան հատկացվում է` որպես ժամկետային ավանդ, իսկ ընտանիքում վեցերորդ երեխայի ծննդյան դեպքում տրվում է նաեւ նորակառույց բնակարան:
ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության ընտանիքի եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետը տեղեկացրեց նաեւ, որ այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 404 ամուսնություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 153-ով:






Facebook
Tweet This
Email This Post
