«Կանաչ ավտոբուս»-ը Գեղարքունիքում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 26, 2010 14:31Այսօր Գեղարքունիքի մարզում իր քառօրյա ուղևորությունն է սկսում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի «Կանաչ ավտոբուս»-ը:
Բնապահպանական թեմաներով նկարազարդված և ժամանակակից տեխնիկայով ու բնապահպանական գրականությամբ հագեցած «Կանաչ ավտոբուս»-ը կշրջի մարզի տարբեր բնակավայրերում, որտեղ պատանիներին և երիտասարդներին կներկայացնի այսօր առկա բնապահպանական խնդիրները, բնության դերը մարդկության կյանքում և բնությանը վնաս հասցնող հիմնական գործոնները: Ավտոբուսի կանգառներում կցուցադրվեն նաև բնապահպանական վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր, կկազմակերպվեն քննարկումներ և բնապահպանական խաղեր, ինչպես նաև երիտասարդներին ու պատանիներին կտրամադրվեն էկոլոգիական ինֆորմացիա պարունակող բուկլետներ և գրքույկներ:
«Ծրագրի նպատակն է էկոլոգիական տեղեկատվության տարածումը Հայաստանի հեռավոր մարզերում ու հատկապես գյուղերում, որտեղ կան բնապահպանական հիմնախնդիրներ: «Կանաչ ավտոբուս»-ը մարդկանց ուշադրությունը կսևեռի առկա բնապահպանական հիմնախնդիրների վրա»,- ասում է հիմնադրամի կրթական ծրագրերի պատասխանատու Հռիփսիմե Խաչատրյանը:
«Կանաչ ավտոբուսն» արդեն իսկ այցելել է Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզեր:
Գեղարքունիքի մարզում ուղևորությունը սկսելուց առաջ հուլիսի 24-ին Նորատուս գյուղում կազմակերպվեց նկարչական օր` լավագույն մասնակցին հնարավորություն տրվեց Գեղարքունիքի խորհրդանիշ բնապատկերը նկարել «Կանաչ ավտոբուսի» վրա: Մրցույթի մասնակից պատանիները հիմնականում իրենց աշխպատանքում ներկայացրել էին Սևանա լիճը, սակայն իրենց իսկ խոսքով` ապագայի Սևանը, որն արդեն իսկ ձերբազատվել է այսօրվա խնդիրներից: 13-ամյա Քրիստինեն, ով ևս Սևանա լիճն էր նկարել, իր նկարն այսպես է մեկնաբանում. «Արևը շողում է մաքուր Սևանա լճի վրա, շրջակայքում էլի մաքուր բնություն է, ծառեր: Շատ կուզենամ, որ Սևանը մաքրվի և դառնա իմ պատկերած մաքուր լիճը»: Մրցույթի մեկ այլ մասնակից` 12-ամյա Լուսինեն պատկերել էր ձկնառատ ու էլի մաքուր և առանց խնդիրների Սևանա լիճ:
12-ամյա Ավետիքն էլ ներկայացրել էր երկու մարդկանց` մեկը աղբը բնության գիրկն է նետում, մյուսը փորձում է կանխել բնության աղտոտումը. «Ուզում եմ, որ մարդիկ հասկանան` բնությունը չի կարելի կեղտոտել»,- ասում է Ավետիքը:
Մրցույթում լավագույնը ճանաչված 12-ամյա Էդգարն էլ հենց նկարազարդեց «Կանաչ ավտոբուսի» Գեղարքունիքի մարզին հատկացված քառակուսին` այնտեղ պատկերելով Գեղամա լեռների ստորոտում ծփացող Սևանը` շրջապատված կանաչ ու մաքուր բնությամբ:
Միջոցառման ավարտին Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցում ցուցադրվեց Նորատուսի Արևորդի էկոակումբի սաների կողմից նկարահանված «Ջրի ուղին» ֆիլմը, որտեղ ներկայացվում է, թե ինչպես լեռներից սկիզբ առնող մաքուր Գավառագետը մինչև Սևան հասնելը վերածվում է չափազանց աղտոտված և աղբով լեցուն ջրային զանգվածի: Ֆիլմի դիտմանը ներկա դպրոցի աշխատակիցներից տիկին Սիլվան, ով կարևորում է նման միջոցառումները գիտակից սերունդ մեծացնելու գործում, նշում է, որ ամենակարևորը ընտանիքի դաստիարակությունն է. «Ամեն ինչի հիմքը ընտանիքում է դրվում: Դպրոցում և այլ տեղերում ինչքան էլ դաստիարակեն, ընտանիքի ազդեցությունն ավելի մեծ է»:









Facebook
Tweet This
Email This Post
