Արցախում կանցկացվի պատմական հուշարձանների նոր հաշվառում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 26, 2010 11:14

Արցախում 2011 թվականի առաջին եռամսյակում Հայկական ճարատարապետությունն ուսումնասիրող ՀԿ-ն պատմական հուշարձանների նոր հաշվառում կսկսի: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանը, Արցախի տարածքում առաջին ուսումնասիրությունները նա կատարել է դեռեւս 1980-ականներից, իսկ երկրորդ ուսումնասիրությունը` արցախյան պատերազմից հետո, որն ավարտել է միայն 1998 թվականին:

«Այն ժամանակ ես մենակ էի աշխատում ու շատ դժվարին աշխատանք էր: Այժմ մենք կազմակերպություն ենք, որը մի փոքր հեշտացնում է գործը: Նախատեսում ենք կրկին հաշվառում իրականացնել, սակայն զբաղվածության պատճառով հետաձգվում է:  2011թ.-ի առաջին կեսին նախատեսում ենք սկսել հաշվառման աշխատանքները»,-ասաց Ս. Կարապետյանը: Նա իր նախկին ուսումնասիրությունների ընթացքում Քարվաճառի շրջանում մոտ 800, իսկ Արցախում առհասարակ 1600-ից ավելի հուշարձան է հաշվառել: «Հիմա վստահ կարող եմ ասել, որ դրանց թիվն ավելին է, քանի որ այն ժամանակ դեռ տարածքները բնակեցված չէին, ու շատ հուշարձաններ ուղղակի աննկատ էին: Իսկ հիմա, հնարավոր է, որ տեղի բնակիչների կողմից հայտնաբերվել են հուշարձաններ, որոնք ուսումնասիրման կարիք ունեն»,-հայտնեց կազմակերպության նախագահը: Ըստ Ս. Կարապետյանի` շատ հուշարձաններ պահպանվել են շնորհիվ այն հանգամանքի, որ թուրք բնակիչները դրանք օգտագործել են իրենց նպատակներով` բնակվել են այնտեղ, հարդանոց դարձրել եւ այլն, իսկ շատ գերեզմանոցներ միտումնավոր ավերել են: Օրինակ` Քարվաճառի շրջանի Ծար գյուղի գերեզմանոցը թուրքերը քանդել էին եւ բեկորներով դպրոց կառուցել: «Այդ դպրոցի պատերի ներսում ազատագրումից հետո 133 միավոր խաչքար ու տապանաքար եմ հաշվառել` մեծամասամբ արձանագիր: Այդ շենքն իրենով մշակույթի ցեղասպանության թանգարան էր»,-ասաց նա: Որոշ հուշարձաններ ավերվել են պատերազմի հետեւանքով, շատերն էլ` ուղղակի անհետացել են: Հուշարձանագետը փաստեց, որ կան հուշարձաններ, որոնք մ. թ. ա. 5-րդ հազարամյակի պատմություն ունեն` սկսած ժայռապատկերներից ու դամբարաններից, որոնք վկայում են հայերի բնիկ լինելու մասին: Հայտնաբերված մշակութային ողջ հուշարձանների վրա առկա արձանագրությունների թեմատիկան վկայում է տվյալ տարածքում հայ տարրի առկայության մասին, նույն ձեռագիրն ու նույն մշակույթն է:

Օրինակ` Կուր գետից այն կողմ` բուն Աղվանքի տարածքում, բոլորովին այլ մշակույթ է: Միայն Աղդամի մզկիթը եւ մի քանի իսլամական դամբարաններ են հանդիսանում ադրբեջանական հուշարձաններ, իսկ այդ դամբարանների հեղինակներն ու ճարտարապետները, ըստ Ս. Կարապետյանի, ծագումով հայեր են:

Դիտվել է 1567 անգամ:
Print Friendly

Leave a Reply