Ըստ Շ. Թորոսյանի՝ հայերենով գրքեր, թերթեր կամ ամսագրեր արգելվում է անցկացնել Վրաստան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 26, 2010 11:08

«Այսօր հայերենով շատ գրքեր, թերթեր կամ ամսագրեր արգելվում է անցկացնել Վրաստան: Սահմանապահների կողմից գիրքը խլվում է այն պատճառաբանությամբ, թե գուցե հակավրացական բան կա: Այսինքն, ստացվում է, որ վրացական պետությունը ոչ միայն ջավախահայությանը չի վստահում, այլեւ հայ ժողովրդին, հայկական պետությանն ընդհանրապես»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը` հավելելով, որ ինքը հնարավոր բոլոր ամբիոններից հնչեցրել է այս հարցը:

Նշենք, որ Հայաստանում Վրաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոլ Տաբատաձեն վերջերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հերքել էր Ջավախք հայկական գրականություն տանելու արգելման մասին տեղեկությունը: Ըստ Շ. Թորոսյանի` գրքերի որեւէ բարեգործական փոխադրում Ջավախք բացառված է: «Որոշ դեպքերում է միայն հնարավոր: Եթե նախարարների մակարդակով է դա արվում, այսինքն, մեր կրթության եւ գիտության նախարարությունը դիմում է ու թույլտվություն ստանում վրացական հատուկ մարմիններից»,-նշեց պատգամավորը: Հիշեցնենք նաեւ, որ Գ. Տաբատաձեն նաեւ նշել էր, որ Վրաստանն իր բյուջից ֆինանսավորում է 114 հայկական դպրոց, որոնց համար Հայաստանում թարգմանվում եւ Վրաստան են տարվում Վրաստանի կրթության նախարարության հաստատած ծրագրով կազմված դասագրքերն ու ուսումնական ձեռնարկները: Ըստ նրա` արգելվում են միայն այն ձեռնարկները, որոնք Վրաստանի կրթության նախարարությունը չի հաստատել: «Ազգային նեո պահպանողական շարժման» (ԱՆՊՇ) առաջնորդ Էդուարդ Ափրամյանը եւս նշեց, որ իրենք փորձել են հանրագիտարան եւ այլ գիտահանրամատչելի գրականություն անցկացնել Վրաստանի սահմանով, սակայն չեն կարողացել: Է. Ափրամյանի խոսքերով` իրենք այս խնդիրը բարձրաձայնել են միջազգային կառույցներում, բազմաթիվ նամակներ են հղել թե’ նրանց, եւ թե’ վրացական կողմին: Միջազգային կառույցները, որոնց թվում են նաեւ Վրաստանում եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատները, այս երեւույթը բացասական են գնահատել` խոստանալով բարձրաձայնել կամ վրացական կողմի հետ բանակցություններ վարել իրավիճակը շտկելու համար:

«Այս տարվա սեպտեմբերին մենք նախատեսում ենք գրքահավաք, որի արդյունքում հավաքված բոլոր գրքերը միջազգային կառույցների եւ լրագրողների ներկայությամբ կփորձենք անցկացնել Վրաստանի սահմանով»,-ասաց ԱՆՊՇ առաջնորդը` հավելելով, որ եթե սահմանապահները թույլ չտան, ապա միջազգային կառույցները դա կարձանագրեն:

Դիտվել է 2118 անգամ:
Print Friendly

Leave a Reply