Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ներկա է գտնվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 23, 2010 19:26

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ներկա է գտնվել ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող “Լավագույն մարզական ընտանիք” ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել եւ մրցանակներ ու վկայագրեր է հանձնել հաղթողներին:

Մրցույթի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է. “Ցանկանում եմ, որ միշտ լինեք այսքան առողջ, առույգ, ճարպիկ եւ ուժեղ: Տպավորություն ունեմ, որ բոլորին թվում է`իրենք են հաղթել: Սա շատ լավ մթնոլորտ է: Այսպիսի միջավայրում մեծացած երեխաները ճիշտ մանկություն են ունենում եւ, որպես կանոն, այսպիսի ընտանիքներում մեծացած երեխաները դառնում են հասարակության արժանի անդամներ: Եթե մենք ասում ենք, որ մեր գլխավոր հարստությունը մարդն է` առաջին հերթին մենք պետք է աշխատենք, որ այդ մարդը լինի առողջ: Առողջ մարդը միշտ էլ ունակ է հաղթանակների ու պայքարի, առողջ մարդը միշտ ունակ է հասնելու հաջողությունների: Ցանկանում եմ, որ Հայաստանում ամեն տարի շատանան մարզական ընտանիքները, որ տեսանելի ապագայում մենք խոսենք ոչ թե հարյուրավոր ընտանիքների մասին, այլ` հազարավոր, որովհետեւ առողջ միջավայրում միշտ ծնվում է առողջ միտք: Շնորհավորում եմ եւ մաղթում ձեզ` հաջողություններ”:

Մրցույթի կազմակերպիչները ՀՀ Նախագահին տեղեկացրել են, որ այս տարի “Լավագույն մարզական ընտանիք” մրցույթին մասնակցողների թիվը կրկնակի ավելացել է: Մրցույթն անցկացվել է երկու տարիքային խմբով: Այս նոր ձեւը, կազմակերպիչների հավաստմամբ, զգալիորեն մեծացրել է առողջ ապրելակերպի եւ ամենամյա մրցույթին մասնակցության նկատմամբ ընտանիքների հետաքրքրությունն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ ՀՀ մարզերում եւ ԼՂՀ-ում:

Հաղթող ընտանիքներն ստացել են վկայագրեր եւ դրամական պարգեւներ:

Նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում այցելել է նաեւ նորակառույց “Ռոսիա” հյուրանոցային համալիր, որի կառուցման համար ներդրվել է ավելի քան 1 մլրդ դրամ: Հանրապետության ղեկավարը ծանոթացել է միջազգային չափանիշներին համապատասխանող այդ համալիրի պայմաններին:-0-

Դիտվել է 1614 անգամ:
Print Friendly

Leave a Reply