«Կոսովոյի վերաբերյալ միջազգային դատարանի հրապարակած վճռով Հայաստանը ստանում է նոր գործիք ԼՂՀ միջազգային ճանաչման համար»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | July 23, 2010 15:42

Կոսովոյի անկախության վերաբերյալ ՄԱԿ-ի` Հաագայում գտնվող Արդարադատության միջազգային դատարանի հրապարակած վճռով Հայաստանը ստանում է նոր գործիք, հնարավորություն Ղարաբաղի միջազգային ճանաչման համար: Այսօր նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Կոսովոյի անկախության վերաբերյալ վճիռը համարում եմ ողջունելի: Այնտեղ հստակ ասված է, որ ինքնուրույն կերպով, միակողմանի անկախություն հայտարարելը չի կարող դիտվել անօրինական: Անկախության հռչակումն օրինական է, ուրեմն օրինական է նաեւ բոլորի համար: Դրա համար, իհարկե, համապատասխան նախադրյալներ պետք է լինեն: Իսկ այդ նախադրյալները Լեռնային Ղարաբաղն ապահովել է, եթե ոչ ավելին, քան Կոսովոն, ապա առնվազն, ոչ պակաս: Ղարաբաղն անկախացել է օրենքի ուժով»,-ասաց Վ. Հովհաննիսյանը: Այն հարցին, թե Հայաստանը, ղարաբաղյան հարցի հետ կապված, կարող է նույնպես դիմել միջազգային դատարան, Վ. Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Կոսովոյի պարագայում դատարան դիմել էր Սերբիան, այն էլ, երբ 60-ից ավելի երկրներ ճանաչել էին Կոսովոյի անկախությունը: Ղարաբաղյան հարցի պարագայում Ադրբեջանը պետք է դիմի դատարան, որն, ըստ Վ. Հովհաննիսյանի, երբեք չի անի: Ադրբեջանը ղարաբաղյան հարցի լուծման այլ միջոցներ կկիրառի: Ըստ նրա` ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում Ադրբեջանի կողմից ինչ մոտեցում էլ կիրառվի, կնշանակի, որ Հայաստանի ներսում նոր քաղաքականություն է պետք:

Վ. Հովհաննիսյանը մտահոգություն հայտնեց այն հանգամանքի վերաբերյալ, որ ԱՄՆ հայտարարում է, թե ճանաչում է Կոսովոյի անկախությունն անկախ միջազգային դատարանի վճռից: «Դա նշանակում է, որ դատական վճիռներն արժեզրկվում են: Ի՞նչ է նշանակում հայտարարությունն այն մասին, թե ինչպիսին էլ լինի միջազգային դատարանի վճիռը, ես ընդունում, ողջունում, սատարում եմ Կոսովոյի անկախությունը: Սա անհեթեթություն է եւ ոչ ճիշտ մոտեցում: Այստեղ խարխլվում են միջազգային իրավունքի հիմքերը, եւ այս մոտեցմամբ միջազգային իրավունքի տակ ռումբ է դրվում: Միջազգային իրավունքը կամ աշխատում է բոլորի համար, կամ չի աշխատում ոչ ոքի համար: Եթե իրավունքի առջեւ բոլորը հավասար չեն, ուրեմն այն չկա»,-ասաց Վ. Հովհաննիսյանը:

Նա, անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահ երկրների վերջին հայտարարություններին, նշեց, որ դրական է գնահատում, քանի որ հստակ ասվել է, որ Ադրբեջանն իրավունք չունի նշված սկբունքների մեջ ընդգծել եւ շեշտել նրանք, որոնք իրեն ձեռնտու են: «Այդ հայտարարությունը դիվանագիտական լեզվով մեղմ է հնչել, այնուամենայնիվ, հստակ ուղղված էր Ադրբեջանին: Դա ողջունելի է, սակայն մարդրիդյան սկզբունքներում անհրաժեշտ է ավելի կոնկրետ հստակեցումներ մտցնել»,-ավելացրեց Վ. Հովհաննիսյանը: Նա անդրադարձավ նաեւ ՀՅԴ կուսակցության առաջիկա անելիքներին: Վ. Հովհաննիսյանը նշեց, որ ամառը նախապատրաստական շրջան է համարվում` աշնանն ակտիվ գործունեություն իրականացնելու համար:

o”�if��’x�%:normal’> հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է 945 անգամ:
Print Friendly

Leave a Reply