40 մլն դոլար` կենսական նշանակության ճանապարհների վերականգնմանը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 23, 2010 14:42

Հուլիսի 23-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվեց  «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման»  մասին 40 մլն դոլար արժողությամբ վարկային համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և ՀԲ երևանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաիրա Մելքումյանը: Ծրագիրն ուղղված է կենսական նշանակության ավտոճանապարհների վերականգնմանն ու ճանապարհաշինության ոլորտում լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը:

Ծրագրով նախատեսվում   է հանրապետության թվով 9 մարզերում իրականացնել գյուղական համայնքները հիմնական մայրուղիներին կապող շուրջ 190 կմ ճանապարհային հատվածների վերականգնման աշխատանքներ: ՀԲ երևանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նաիրա Մելքումյանը նշեց, որ մինչև տարեվերջ  արդեն իսկ նախատեսվում է վերականգնել  50 կմ ճանապարհ: Նրա խոսքով` ծրագիրը հնարավորություն կտա ստեղծել շուրջ            19 000 մարդ/ամիս աշխատատեղ այս ոլորտում:

Վարկը տրամադրվում է 25 տարի մարման ժամկետով, որից 10 տարին արտոնյալ, լողացող տոկոսադրույքով: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն, ինչպես հաղորդում է Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը,  իր խոսքում նշեց, որ վարկի տրամադրման պայմանները շահավետ են, ինչը հնարավորություն կտա հստակորեն իրագործել տարածքային համաչափ զարգացում ապահովող այս  ծրագիրը և առանց որևէ դժվարությունների մարել վարկը:

Դիտվել է 1201 անգամ:
Print Friendly

Leave a Reply