Ford-ը նվազեցնում է հիբրիդային ավտոմեքենայի գինը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 23, 2010 14:20
Ամերիկյան Ford Motor Co ավտոարտադրողը հայտարարել է հիբրիդային (էլեկտրականություն եւ բենզին օգտագործող) ավտոմեքենաների գները մինչեւ «ավանդականների» կամ էլ այն մեքենաների մակարդակ նվազեցնելու մասին, որոնք երթեւեկում են բացառապես ածխաջրածնի օգնությամբ:
Ինչպես հաղորդել է Ասոշիեյթեդ Պրես գործակալությունը, Lincoln MKZ հիբրիդային սեդանի արժեքը, որի թողարկումը կսկսվի արդեն այս աշնանը, կլինի մոտ 35 հազար դոլար: Փորձագետների կարծիքով` այս գինն, անկասկած, կգրավի այն վարորդների ուշադրությունը, ովքեր ցանկանում են տնտեսել վառելիքը եւ քիչ աղտոտել շրջակա միջավայրը:
Lexus HS 250h հիբրիդը` Lincoln MKZ-ի հիմնական մրցակիցը, 2500 դոլարով ավելի արժե, քան Lexus IS-ն, որն օգտագործում է միայն բենզին: Ինչպես սպասվում է, Ford-ի օրինակին կհետեւեն մյուս խոշոր ավտոմոբիլային ընկերությունները: Ford-ը` ամերիկյան խոշորագույն ավտոարտադրողներից միակը, որը խուսափեց սնանկացումից եւ չօգտվեց պետության օգնությունից, 2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով շուկայի սպասումներից բարձր զուտ շահույթ է ստացել: Հունվար-մարտին զուտ շահույթը կազմել է 2,1 մլրդ դոլար կամ մեկ բաժնետոմսի հաշվով 50 ցենտ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի 1,43 մլրդ դոլարի չափով վնասի դիմաց:






Facebook
Tweet This
Email This Post
