Երկխոսություն Հայաստանի առաջին նախագահի հետ ժողովրդավարական բաների ու արտաքին քաղաքականության շուրջ

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | July 23, 2010 13:45

Պետք է պատասխանել հետևյալ հարցերին. «Եթե պետությունը հակամարտության մեջ չլինի, դեմոկրատակա՞ն կդառնա», «եթե պետությունը ժողովրդավարական լինի, հակամարտության մեջ չի՞ լինի», թե՞ «կապ չունի պետության ժողովրդավարական լինել-չլինելը հակամարտության մեջ լինել-չլինելու հետ», և հակառակը:

Իհարկե, XIX դարի 2-րդ կեսից մինչև XX դարի վերջերը ժողովրդավարական երկրների միջև ռազմականացված հակամարտություններն ավելի քիչ էին, քան ավտորիտար կամ չզարգացած  դեմոկրատիաների միջև: Բայց մի քարոզեք դեմոկրատիա կամ ամեն գնով խաղաղություն, որպեսզի ձեզ աջակցեն հակամարտությունները լուծելու համար քաղաքական իշխանությունը «վերցնելու» հարցում. հավատ չկա առ այն, որ ձեր  ժողովրդավարությամբ հակամարտությունները կլուծվեն:

Դեմոկրատական լինել ամենևին չի նշանակում, որ այդ երկրի սահմաններում ռազմական դրություն չի լինի: Ավելին` դեմոկրատական երկրները նույնիսկ հակամարտությունների նախաձեռնողներ են լինում: Դեմոկրատական համարվող ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Անգլիան իրենց փորձով Ձեր նշած ազնվությունն ունեցան` խորհուրդ տալով հայկական ընդդիմությանը` հույս չդնել օտար ժողովրդավարական արժեքային համակարգերի վրա և սեփական խնդիրները փորձել լուծել հասարակության հետ լեզու գտնելու ճանապարհով.  միայն 1960-96 թթ. ԱՄՆ-ն շուրջ 60 անգամ ինտերվենցիա է կատարել, Ֆրանսիան` 40 անգամ, Անգլիան` 25 անգամ և այլն:

Եթե դեմոկրատիայի ցուցիչը համարում ենք բարեկեցությունը, որովհետև հիմնականում դեմոկրատական համարվող երկրներն են դասվում աշխարհի բարեկեցիկ երկրների շարքը, ապա կարելի է ապացուցել Ձեր կողմից առաջադրվող «հակամարտության բացակայություն-դեմոկրատիայի զարգացում-բարեկեցություն» թեզի ճշմարտացիությունը: Այս դեպքում խնդիր է դրվում` հասնելու հակամարտության բացակայությանը, որպեսզի հնարավոր լինի հասնել դեմոկրատիային ու բարեկեցությանը: Իսկ ղարաբաղյան հարցի դեպքում հասնել հակամարտության բացակայության նշանակում է սկիզբ դնել նոր ու ավելի դաժան պատերազմի կամ զբաղվել ինքնախաբեությամբ, քանի որ ո՛չ Ղարաբաղի, ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Հայաստանի հասարակություններն ու իշխանությունները պատրաստ չեն զիջումների: Ուրեմն խոսել բարեկեցության այսօրինակ բանաձևի գործադրման կարևորության մասին, նշանակում է, մի կողմից,  ազգին տանել հիվանդացման, մյուս կողմից` պատերազմի: Ձեր հայեցակարգն ավելի շատ ռազմական դրության սրություն է ենթադրում, քան հակամարտության լուծում:

Չպետք է զբաղվել ինքնախաբեությամբ կամ կտրվել իրականությունից, ոչ էլ, հոգնելով հակամարտության կարգավորման գործընթացի տևականությունից, առաջնորդվել «ոչ սովորական խնդիրները պահանջում են ոչ սովորական լուծումներ» կամ «դա արդարացված ռիսկ է» բանաձևերով: XXI  դարը թերևս ռիսկերի դար է, բայց նաև ռացիոնալ հաշվարկների դար է:

Նաև չպետք է զբաղվել նորարարությամբ կամ տարբերվելու մոլուցքով. հասկացեք` գլոբալացմանը զուգընթաց հասարակություններն ավելի ազգայնական են դառնում. նրանք «նորարար լիբերալությունը» չեն սիրի, նրանք խաղաղությունն ավելի չեն գերադասի ազգային հողերի պահպանությունից, այլ կերպ ասած` նրանք չեն քվեարկի լիբերալների օգտին, քանի որ գլոբալացման պայմաններում ինքնապահպանման ձգտումն ավելի է մեծանում, և սա հատկապես այն դեպքում, երբ տվյալ ազգը բնակեցված է իր իսկ պատմական հողերում:

Եթե Ձեր նպատակը իշխանության անցնելն է, ուրեմն փորձեիք գոնե ազգայնական երևալ. այլ կերպ ասած` առաջիկայում ոչ այնքան միջազգային հանրությունը կորոշի իշխանության ղեկի թեկնածուին, որքան տեղի հանրությունը:

Խնդիրն ավելի է դժվարանում, երբ քաղաքական դաշտում առկա լիբերալների ու նորարարների փորձը չի ապահովվում հանրային երաշխավորությամբ: Ուրեմն միգուցե փորձեիք հիբրիդային կեցվածք ցուցաբերել. փորձեիք լինել և՛ լիբերալ, և՛ պահպանողական. դրա համար համապատասխան սոցիալական կլիմա կար:

Մեկ այլ հիմնախնդիր` առաջադրվող լիբերալ նպատակների լուծման արագության գործոնը: Երբ հայ-թուրքական հարաբերություններն արագ չկարգավորվեցին, նախկին օպտիմիստների շատ զորաբանակներ դարձան պահպանողական կամ վերադարձան իրենց պահպանողական ակունքներին, քանի որ ստատուս-քվոն, այնուամենայնիվ, ապահով է, չքննադատվող: Եզրակացություն. լիբերալիզմի գործադրումը Հայաստանի նման ոչ լիբերալ հասարակություններում կանխավ դատապարտված է անարդյունավետության:

Այսօր հասարակությունները պրոցեսներ չեն սիրում, ավելին` նրանք ատում են ընթացակարգերը: XXI դարի հասարակությանը բնորոշ է արագությունը, ու դա գաղտնիք չէ: Հասարակությունը «սիրում» է, երբ հայտարարվում է մի բան և միանգամից իրականացվում` անկախ դրա երկարաժամկետ օգտակարության տեսանկյունից: Եթե fast food-ն արագություն է ենթադրում, ուրեմն պատվիրում են, հոգ չէ, որ այն օգտակար չէ, եթե techno, house կամ soft music-ի տակ ավելի հեշտ է պարելը, ուրեմն կընտրեն դա, հոգ չէ, որ այն արհեստականություն է ենթադրում. կարևորը` այն արագ ու պարզ յուրացվող է: Բացի այդ, եթե ունեք անկանխատեսելի գործընկերներ, ինչպիսիք թուրքերն են, ապա ձեր հանրային քաղաքականության գործը դժվարանում է, որովհետև չեք կարողանում ապահովել արագության սահմանված չափն ու արագացման ժամկետները:

Նույն կերպ էլ քաղաքական մնացած բաներն են կատարվում:

Այդուհանդերձ և այսպիսով, չեք փոխել Ձեր հայացքները. որպես «լիբերալ» պնդում եք՝ «հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորումը անխուսափելիորեն կհանգեցնի բարեկեցիկ ու ժողովրդավարական Հայաստանի»: Համաձայն եմ. պարզ տնտեսական հաշվարկները ցույց են տալիս ադրբեջանա-ղարաբաղյան,  ադրբեջանա-հայաստանյան ու թուրք-հայկական սահմանների վերաբացումով պայմանավորված ֆինանսական-տնտեսական դիվիդենտների լինելության փաստը: Բայց նույն պարզության հաշվարկները ցույց են տալիս նաև, որ, օրինակ, ղարաբաղյան հակամարտության լուծման ընդամենը 2 տարբերակ կա. առաջինը` հօգուտ Ադրբեջանի և ի վնաս Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսականորեն կարևոր  շահերի, որի մասին հայտարարեցիք, և երկրորդ` հօգուտ պատերազմի ու արյունահեղության:

Ընտրություն կա՞: Ձեր առաջադրած կառուցողական երկընտրանքներն իրականում ապակառուցողական են. 1) Եթե X, ապա Y և եթե W, ապա Z. 2) X կամ W. 3) հետևաբար, ամեն գնով կամ Y, կամ  Z:

Լիբերալիզմը ենթադրում է ազատություն, ազատություն` որոշելու` որն է օգտակար մեծամասնության համար, և որը` ոչ: Դուք իսկակա՞ն լիբերալ եք: Հայտարարում եք հակամարտության լուծման մասին` միաժամանակ նշելով, որ հակամարտության լուծումը կարող է լինել ի վնաս Հայաստանի ու Ղարաբաղի՞: Հայտարարում եք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին` միաժամանակ նշելով, որ դրա համար նախևառաջ պետք է լուծել Ղարաբաղի հարցը՞։ Լիբերալ փիլիսոփայությունը ենթադրում է անհատի, հասարակության և պետության զարգացման մոդելներ. ձեր մոդելները ռեգրեսիա են ենթադրում:

Եթե առաջնորդվենք Ձեր մոդելներով, ստացվում է, որ եթե չենք կարողանում պայքարել ժողովրդագրական սպառնալիքների դեմ, ուրեմն հոգ չէ, որ երկիրը լցվի ժողովրդագրական նոր սպառնալիքներով, կամ եթե գլխացավի դեղ չենք կարողանում ճարել, ուրեմն պետք է կտրել գլուխը: Չենք էլ առաջարկում` 1) եթե X, ապա Y, և եթե W, ապա Z. 2) ոչ Y կամ ոչ Z. 3) հետևաբար` ո՛չ X կամ ո՛չ W, որովհետև խնդիրների լուծում, այնուամենայնիվ, պետք է գտնել, թեև չպետք է նաև երկնչել նմանօրինակ երկըտրանքներից:

Որպես լուծում` միգուցե համոզեինք հակամարտող կողմերին անցնել ազատ տնտեսական հարաբերությունների. սրանով կվերարտադրեինք լիբերալիզմը ու կհամապատասխանեցնեինք այն XXI դարի աշխարհիզմի ու ազգայնության պահանջներին. այդպիսով կտրականապես կմերժեինք ցանկացած զիջում ու նաև ցանկացած արյունահեղություն:

Կողմնակից եմ` սառեցնել հակամարտությունը և անցնել տնտեսական հարաբերությունների, եթե ոչ, պատերազմն անխուսափելի է: Այսուհանդերձ, ձեր  հաշվարկները սխալ են, թե քանի որ միջազգային հանրության շրջանակներում ակտիվորեն քննարկվում է ղարաբաղյան հակամարտության արագ լուծման հրամայականը` հայկական տարածքների վերադարձի մասին կետով, հայտարարենք հակամարտության կարգավորման պատրաստակամության մասին, միգուցե նրանց շնորհիվ անցնեք իշխանության: Այս հաշվարկները չափազանց պարզունակ են: Կրկնում եմ` XXI դարը թերևս ռիսկերի դար է, բայց նաև ռացիոնալ հաշվարկների դար է. հեռացել եք ռացիոնալիզմից, դարձել եք էմոցիոնա՞լ, թե՞ այդպիսին էիք:

Քանի որ չեք փոխել Ձեր հայացքները (միգուցե չէիք էլ կարող), չեք կարողանա վերադառնալ քաղաքական իշխանության, ասենք, դրա հնարավորությունն արդեն նվազագույնի է հասցված: Լավագույն դեպքում հետո կգրեն Ձեր մասին`  որպես ապակառուցողական երկընտրանքների սիրահարի կամ հաստատուն լիբերալի մասին: Իսկ իշխանությանը կհավակնեն հիբրիդային ոճի ուժերը` հաշվի առնելով նաև այն, որ հիբրիդային ճկունության ու XXI դարին բնորոշ պահպանողականության շնորհիվ այդ ուժերը գրավում են ձեզանից հիասթափված ու մարգինալացված հանրությանը:

Դիտվել է 3681 անգամ:
Print Friendly

Leave a Reply