Հաագան իր որոշմամբ ցույց տվեց, որ երկու ալբանական պետություններ կարող են գործել անկախ. Շավարշ Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 23, 2010 13:18

«Հաագայի դատարանը կայացրել է այն որոշումը, որը բխում է ՄԱԿ-ի կանոնադրությունից: Ազգերի ինքնորոշումը ՄԱԿ-ի նպատակներից մեկն է, իսկ տարածքային ամբողջականությունը ընդամենը սկզբունք՝ ուղղված այդ նպատակին հասնելուն: Երբ կա ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականությունը երկրորդական է: Եվ հենց սրա մասին է Հաագայի դատարանի որոշումը»,- Հանրային Հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծառայությանն այսօր ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշմանը, որով Կոսովոյի հռչակած անկախությունը Սերբիայից համարվում է օրինական:

Փոխարտգործնախարարը նաև մեջբերել է Հաագայի դատարանի նախագահի խոսքից, որում վերջինն ասում է. «Միջազգային իրավունքը չի պարունակում արգելք անկախությունը հռչակելու համար»:

Սա, ըստ Քոչարյանի, ապացուցում է, որ այն, ինչ ասում է Ադրբեջանը, հակասում է միջազգային իրավունքին: Բացի դրանից, միջազգային դատարանը, ըստ էության, իր որոշմամբ ցույց տվեց, որ երկու ալբանական պետություններ կարող են գործել անկախ՝ Ալբանիան և Կոսովոն: «Ո՞ւր մնացին Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերը, թե հայերը չեն կարող երկու անգամ կողմնորոշվել, ունենալ երկու պետություն»,- ասաց փոխարտգործնախարարը՝ նշելով, որ Հաագայի դատարանի այսօրվա որոշումը կոնկրետ օրինակ է, թե ինչպես կարող են, այս դեպքում՝ ալբանացիները, ունենալ երկու պետություն:

Դիտվել է 872 անգամ:
Print Friendly

Leave a Reply