Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. տնտեսական անկումն ավելի կխորանա

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | July 7, 2009 14:30

Asad Alan Tigran Sargsyan «Առաջին հինգ ամիսների ընթացքում գրանցված 15.7 տոկոս տնտեսական անկումն առաջիկա ամիսներին ավելի կվատթարանա հասնելով 20 տոկոսի»,- հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մեկնարկած միջազգային համաժողովին` նվիրված համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա թեմային: Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամն ասում է, որ Հայաստանն այժմ գտնվում է վատագույն փուլում:

«Իմ կարծիքով կառավարության կողմից ձեռնարկված հակաճգնաժամային միջոցառումները խիստ արդյունավետ են,- ասում է Ալամը,- քանի որ նվազեցվում են աշխատատեղերի կորուստը: Որոշ տեղերում նույնիսկ խթանվում է նոր աշխատատեղերի ստեղծումը»: Նա ասում է, որ ճգնաժամի ջղակծկումները կտևեն երկար ու կընթանան դանդաղ: Հետևաբար Հայստանում ևս վերականգնումը կլինի դանդաղ:

Հայաստանի վրա համաշխարհային ճգնաժամի ազդեցության առանձնահատկություններից մեկն այն է, որ թեպետ դրամի լողացող կուրսին անցնելիս հայկական բանկերն ունեցան կորուստներ, սակայն ընդհանուր առմամբ հայկական բանկային համակարգը զերծ մնաց գլոբալ ցնցումներից:

«Այսօր մեր բանկային համակարգն ունի իրացվելիության ու կապիտալացման բարձր մակարդակ,- ասում է վարչապետ Տիգրան Սարգսյանը,- Իսկ ընկած շահութաբերության ցուցանիշը բավական բարձր է մեր երկրի նման երկրների համեմատությամբ»:

Կառավարությունը 2009թ. համար հաստատված 940 մլրդ.  դրամ բյուջեում սեկվեստր (բյուջեի ծախսային մասի կրճատում) չի նախատեսում, որի հետևանքով բյուջեի դեֆիցիտը կմեծանա:

Այժմ բյուջեի դեֆիցիտը կազմում է 7.5 տոկոս: Երբևիցե այն 3 տոկոսից բարձր չի եղել: Բյուջեի դեֆիցիտը կլրացվի  80 մլն դրամ Ասիական զարգացման բանկից,  60մլն ՀԲ-ից,  24 մլրդ դրամ Ռուսական կայունացնող վարկից և 150մլն դոլար Արժույթի միջազգային հիմնադրամից ստացած վարկերով:

«Այս բոլոր գումարները ներգրավելուց հետո մեր արտաքին պարտքը 2010-2011թթ. համար կկազմի 38 տոկոս(ՀՆԱ-ի նկամտամբ), որը ռիսկային չի համարվում,- ասում է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: (Ռիսկային համարվում է 50 տոկոսից բարձր ցուցանիշը):  Տարեսկզբին Հայաստանի արտաքին պարտքը կազմում էր 13.8 տոկոս:

Քանի որ տնտեսության կախվածությունը շինարարությունից ամենաբարձրն է`  ՀՆԱ-ի 30 տոկոսը (տնտեսության անկման 15,7 տոկոսի 12 տոկոսը կազմում է շինարարությունը) Սարգսյանն ասում է, որ կառավարության երկարաժամկետ անելիքները առաջին հերթին պետք է վերաբերվեն երկրի տնտեսության կառուցվածքի փոփոխությանը և զարգացվեն այլ ոլորտներ :

Վարչապետն ասաց, որ  շուկայում դեռևս պահպանվում են օլիգոպոլիաները և պետք է մեծացնել հակամենաշնորհային ձեռնարկները:

Դիտվել է 2498 անգամ:
Print Friendly

Leave a Reply