Ալիեւը երկյուղում է առաջիկա ընտրություններում պարտություն կրելուց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 23, 2010 10:30

Ադրբեջանի նախագահը որոշել է բարձր լարվածության էլեկտրագծերին, գլխավոր գազուղիներին եւ երկաթուղային գծերին մոտ վայրերում անօրինական կառուցված տները քանդելու մասին իր նախկին որոշումը հետաձգել խորհրդարանական ընտրություններից հետո:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին «Ազադլըգ»-ին հայտնել է ներիշխանական աղբյուրը: Հիշյալ վայրերում անօրինական շինությունները քանդելու մասին որոշումը Ի.Ալիեւն ընդունել էր փետրվարին Ադրբեջանում առաջացած «էներգետիկ շոկից»  հետո: Այն ժամանակ կառավարությունն անգամ ներկայացրել էր բոլոր այն ընկերությունների ցուցակը, որոնց թույլտվությամբ էր կատարվել այդ շինարարությունը: Ցուցակում տեղ էին գտել նույնիսկ «Ազերէներժի», «Ազերիգազ»  եւ «Ադրբեջանի երկաթուղիներ»  պետական ընկերությունների անունները: Որոշվել էր փաստաթղթեր ունեցող տների քանդման դիմաց փոխհատուցում կատարել, իսկ անօրինական շինությունների համար՝ ոչ:

Որոշումը պետք է կյանքի կոչվեր մոտ ժամանակում: Սակայն, ըստ թերթին հասած տեղեկությունների, Ադրբեջանի նախագահը որոշել է հետաձգել իր նախկին որոշումը` վախենալով նոյեմբերի 7-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների շեմին անտուն մնացող տասնյակ հազարավոր մարդկանց ապստամբությունից: Ալիեւը երկյուղում է, որ հասարակության աճող լրացուցիչ դժգոհությունը կարող է առաջիկա ընտրություններում դառնալ իր գլխավորած կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցության պարտության պատճառը: Աղբյուրը հայտնել է, որ քանդման աշխատանքները կսկսվեն խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո:

Դիտվել է 672 անգամ:
Print Friendly

Leave a Reply