Էստոնական թղթադրամներն ու մետաղադրամները կոչնչացվեն երկու տարվա ընթացքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 22, 2010 17:46

2011 թվականի հունվարի 1-ից եվրոգոտի Էստոնիայի մտնելուց հետո տեղական թղթե կրոնները եւ մետաղադրամները կոչնչացվեն երկու տարվա ընթացքում: Այդ մասին հաղորդել է Էստոնիայի հեռուստատեսությունը: Ինչպես նշել է Էստոնիայի Կենտրոնական բանկի կանխիկ փողերի եւ անվտանգության բաժնի վարիչ Ռայտ Ռոոսվեն, հունվարի 1-ից հետո կրոնի թղթադրամները եւ մետաղադրամները կհավաքվեն եւ կտեղափոխվեն Էստոնիայի Կենտրոնական բանկ, որտեղ եւ կոչնչացվեն: «Թղթադրամները կստուգվեն եւ կոչնչացվեն: Գոյություն ունի հատուկ մեքենա, որը բանկային դրամանիշները կտրատում է մանր կտորների»,- ասել է Ռոոսվեն էստոնական հեռուստատեսության եթերում, հավելելով, որ թղթադրամներից մնացած թղթի թափոնը կայրվի: Ռոոսվեն նշել է, որ մետաղադրամների հարցը փոքր-ինչ ավելի բարդ է:

«Մետաղադրամները ծանր են կշռում եւ շրջանառության մեջ դրանք շատ են: Բայց սկզբունքորեն սխեման նույնն է` մենք դրանք կհավաքենք Էստոնիայի տարածքում, կհաշվենք, հատուկ ապարատով կձեւափոխենք եւ դրանից հետո կվաճառենք միջազգային աճուրդում»,- պարզաբանել է նա: «Փողերի վերահաշվարկն ու ոչնչացումը մենք ծրագրում ենք ավարտել առավելագույնը երկու տարում, քանի որ պետք է նաեւ այլ աշխատանք անել»,- ասել է Կենտրոնական բանկի ներկայացուցիչը: Նրա խոսքով` ներկայում շրջանառության մեջ են 9,4 մլրդ կրոն (ավելի քան 600 մլն եվրո) գումարի կանխիկ փողեր, այդ գումարի մոտավորապես 98 տոկոսը թղթադրամներով է: Երեքշաբթի Ֆինլանդիայի Վանտա քաղաքի դրամահատարանում սկսվել է մոտ 600 տոննա քաշով տարբեր արժողության 194 մլն էստոնական եվրոմետաղադրամների հատումը:

Այդ քանակությունը կբավարարի Էստոնիայի եվրոմետաղադրամների պահանջարկը եվրոգոտի մտնելուց հետո առաջին կես տարում: Էստոնական եվրոմետաղադրամների արտաքին տեսքը որոշվել է տակավին 2004 թվականի վերջին համաժողովրդական քվեարկության արդյունքում: Այդ մետաղադրամների դարձերեսին պատկերված կլինի Էստոնիայի աշխարհագրական ուրվագիծը, EESTI մակագրությունը եւ մետաղադրամի թողարկման տարեթիվը: Մետաղադրամների դիմերեսը եվրոգոտու բոլոր երկրներում միատեսակ է ձեւավորված: Ինչպես արդեն հաղորդվել Է՝ Եվրամիության անդամ 27 երկրների էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարները երեքշաբթի Բրյուսելում վերջնականապես հավանություն են տվել 2011 թվականի հունվարի 1-ից եվրոգոտուն Էստոնիայի անդամագրվելուն` հաստատելով համապատասխան կարգավորող օրենսդրական որոշումները:
Ինչպես հայտնել է Եվրամիության խորհրդի մամուլի ծառայության ներկայացուցիչը, նախարարները նաեւ հաստատել են եվրոյով էստոնական կրոնի փոխանակման հետեւյալ փոխարժեքը` 1 եվրոյի դիմաց 15,6466 կրոն: Եվրամիության ղեկավարները եվրոյի գոտուն Էստոնիայի միանալուն հավանություն էին տվել հունիսի 17-ին կայացած հանդիպմանը: Ավելի վաղ համաեվրոպական արժույթին երկրի անցնելը հաստատել էր Եվրոխումբը (եվրոգոտու 16 երկրների ֆինանսների նախարարները): Հունիսի 16-ին եվրոգոտուն միանալու Էստոնիայի պատրաստ լինելու մասին հաշվետվությանը հավանություն էր տվել Եվրախորհրդարանը:

Եվրահանձնաժողովի 2010 թվականի գարնանը հրապարակված կանխատեսման համաձայն` Էստոնիայի պետական բյուջեի դեֆիցիտը 2010 թվականին կկազմի ՀՆԱ-ի 2,4 տոկոսը: Այդպիսով, երկրի էկոնոմիկան սկսել է բավարարել Մաաստրիխտյան չափանիշներին, որոնց համաձայն, եվրոյին անցնելու համար բյուջետային դեֆիցիտի մակարդակը պետք է կազմի ՀՆԱ-ի 3 տոկոսից պակաս: Բացի այդ, եվրոպական վիճակագրական գործակալության` «Եվրոստատ»-ի տվյալներով, 2009 թվականին Էստոնիան Եվրամիության երկրների թվում ուներ ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի նվազագույն հարաբերակցությունը` 7,2 տոկոս:

Դիտվել է 803 անգամ:
Print Friendly

Leave a Reply