Սեւանա լճի մակարդակն իջել է 3 սմ-ով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 22, 2010 15:26
Այս տարվա հունիսի 11-ից ոռոգման նպատակներով Սեւանա լճից իրականացվող ջրբացթողումների արդյունքում լճի մակարդակն իր այս տարվա առավելագույն նիշից` 1900,04 մետրից սկսել է իջնել: Ընդ որում` նվազեցման միտումը սկսվել է ոչ թե ջրբացթողման առաջին օրերին, այլ միայն հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում: Հուլիսի 5-ից մինչեւ 22-ն ընկած ժամանակահատվածում լճի մակարդակը նվազել է երեք սանտիմետրով` ծովի մակարդակից գտնվելով արդեն 1900,01 մետր բարձրության վրա, ինչը դեռեւս 63 սանտիմետրով ավել է նախորդ տարվա նույն օրվա նիշից:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրին Գավառի հիդրոօդերեւութաբանական կայանում, այս տարվա հունիսի 11-ից մինչեւ հուլիսի 22-ը Սեւանա լճից ոռոգման նպատակներով արդեն բաց է թողնվել 52 միլիոն 132 հազար խորանարդ մետր ջուր: Բաց թողնված ջրի քանակությունը, լիճ թափվող գետերի մուտքերի կրճատումը եւ այլ հանգամանքներ ենթադրում էին լճի մակարդակի նվազման ավելի շատ քանակություն, քան 3 սանտիմետրը մոտ քառասուն օրերի ընթացքում: Իրականում դա տեղի է ունեցել առատ տեղումների պատճառով. հունիս ամսին Գեղարքունիքում թափվել են 66,6, հուլիսի առաջին երկու տասնօրյակում` 77,7 միլիմետր տեղումներ:






Facebook
Tweet This
Email This Post
