Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ չորս երկրաշարժ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 22, 2010 14:38
Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմիկ կայանները հուլիսի 15-ից մինչեւ 21-ը Հայաստանի եւ հարակից տարածքներում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չեն գրանցել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍՊԱԾ գործակալությունից, տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ չորս երկրաշարժ: Հուլիսի 15-ին Վրաստանի Հիրսայի քաղաքից 15 կմ դեպի հարավ-արեւմուտք տեղի է ունեցել 3 բալանոց երկրաշարժ: Հուլիսի 20-ին Իրանի Լար քաղաքից 90 կմ դեպի հարավ-արեւմուտք գրանցվել է 7-8 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ:
Երկրաշարժերի հետեւանքով վիրավորվել է 16 մարդ: Հուլիսի 21-ին 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ էլ գրանցվել է Ադրբեջանի Ղազախ քաղաքից 25 կմ դեպի հյուսիս-արեւելք: Տարածաշրջանից դուրս. 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է վեց ուժեղ երկրաշարժ, որոնցից չորսը տեղի են ունեցել հուլիսի 18-ին` Խաղաղ օվկիանոսում: Ալյասկայի Ալեուտյան կղզիների Նիկոլսկի կղզուց 65 կմ դեպի հարավ եւ 50 կմ արեւմուտք տեղի են ունեցել ուժեղ սեյսմիկ իրադարձություններ, որոնք ունեցել են համապատասխանաբար 6.6 եւ 6.0 մագնիտուդ:
Պապուա Նոր Գվինեայի Նոր Բրիտանիայի կիմբե քաղաքից 65 կմ դեպի հարավ-արեւելք տեղի են ունեցել 6.9 եւ 7.3 մագնիտուդով երկու երկրաշարժ: Երկու օր անց Կիմբե քաղաքից 70 կմ հարավ-արեւելք գրանցվել է եւս մեկ սեյսմիկ իրադարձություն` 6.3 մագնիտուդով: Հուլիսի 21-ին Ինդոնեզիայի Տերնատե քաղաքից 265 կմ դեպի հյուսիս-արեւելք գրանցվել է 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Երկրաշարժերի հետեւանքով զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:






Facebook
Tweet This
Email This Post
