«Անկախ»-ը ցավակցում է Գաբրիելյանների ընտանիքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 22, 2010 14:12

«Անկախ» շաբաթաթերթի և Ankakh.com  էլեկտրոնային կայքի աշխատակազմը ցավակցում է Գաբրիելյանների ընտանիքին ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի մահվան կապակցությամբ:

Ծանր հիվանդությունից հետո 2010 թվականի հուլիսի 20-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում վախճանվել է Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդի փոխնախագահ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախկին փոխնախագահ, միջազգային բազմաթիվ ակադեմիաների անդամ, ազգային և միջազգային բարձր պարգևների արժանացած, ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի»  տնօրեն, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը:

Էմիլ Գաբրիելյանը 1971-75 թթ եղել է Երևանի պետ. բժշկական ինստիտուտի ռեկտոր, 1975-1989թթ.՝ ՀՀ առողջապահության նախարար,  1994-2005թթ.՝ ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադ.-քարտուղար, փոխպրեզիդենտ և ՀՀ ԳԱԱ Նախագահության անդամ:

1992 թվականին նրա ջանքերով ստեղծվել է ՀՀ առողջապահության նախարարությանն առընթեր Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալությունը:

Ակադեմիկոս Է.Գաբրիելյանը մեծ ճանաչում ուներ մեր հանրապետությունում և նրա սահմաններից դուրս: Նա մի շարք ակադեմիաների և գիտական խորհուրդների  անդամ էր (Անոթաբանների միջազգային քոլեջի գիտական խորհրդի անդամ, «Արարատ» գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ, Նյու-Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ, Գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ֆրանսիայի դեղագիտական ազգային ակադեմիայի թղթակից անդամ, Ռուսաստանի բնական և բժշկատեխնիկական  գիտությունների ակադեմիաների իսկական անդամ): 1996-1998թթ. նա եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հիմնական դեղերի  ծրագրի ղեկավար կոմիտեի անդամ:

Շուրջ 15 տարի Էմիլ Գաբրիելյանը ղեկավարել է ՀՀ առողջապահության նախարարությունը, և այդ տարիներին բացվել են բազմաթիվ հիվանդանոցային համալիրներ, կենտրոններ, կլինիկական ինստիտուտներ և լաբորատորիաներ, որոնցից ՀՀ ախտորոշիչ կենտրոնն առաջինն էր ԽՍՀՄ-ում:

Նրա գիտելիքներն ու կազմակերպչական տաղանդը լավագույնս դրսևորվեցին 1988 թվականի ահեղ երկրաշարժի օրերին: Ուժերի գերագույն լարումով նա համակարգեց տուժածներին բժշկական և բարոյական օգնության ցուցաբերման խնդիրները: Էմիլ Գաբրիելյանի անմիջական նախաձեռնությամբ երկրաշարժին հաջորդած ամիսներին Երևանում հիմնադրվեց Սթրես կենտրոնը: Նա նաև ակտիվ մասնակցություն է ցուցաբերել «Արմենիկում» հրատապ ծրագրին:

Մեծանուն գիտնականի ղեկավարած դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը նրա շնորհիվ միջազգային ճանաչման է արժանացել, ստացել բազմաթիվ մրցանակներ, և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից գնահատվել լավագույներից մեկը ԱՊՀ-ում:

Էմիլ Գաբրիելյանը նաև պատրաստել է մեծ թվով որակյալ մասնագետներ, որոնք այժմ աշխատում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, ԱՄՆ-ում, Դանիայում և այլուր: Լինելով բարձրակարգ գիտնական` նա իր գիտելիքներն ու փորձը հաղորդում էր իր աշակերտներին: Նրա ղեկավարության ներքո պատրաստվել ու հաստատվել են 18 բժշկական գիտությունների թեկնածուներ և 12 բժշկագիտության դոկտորներ:

Էմիլ Գաբրիելյանը հեղինակ է 420-ից ավելի գիտական հրատարակությունների, այդ թվում 17 գրքի (մենագրություններ և դասագրքեր), ունի 10 հեղինակային վկայագիր: Լինելով ՀՀ դեղաբանների ընկերության նախագահ` ակադեմիկոս Գաբրիելյանը նաև «Առողջապահություն«, ՀՀ ԳԱԱ «Փորձարարական և կլինիկական բժշկություն» խմբագրական կոլեգիաների, Ռուսաստանի Բժշկական գիտությունների ակադեմիայի «Փորձարարական և կլինիկական դեղաբանություն» ամսագրի խմբագրական խորհրդի և մի շարք այլ ամսագրերի խմբագրական կոլեգիաների և խորհուրդների անդամ էր:

Աշխատանքների արդյունքների և մատուցած ծառայությունների համար նա արժանացել է մի շարք մրցանակների, կոչումների, պարգևների, այդ թվում Ասպետների համաշխարհային կոնֆեդերացիայի «Մարդասիրության ասպետ» ազնվական տիտղոսի, ԽՍՀՄ Կարմիր խաչի «Պիրոգովի անվան» մեդալի, «Սեչենովի անվան», «Կրակովի անվան» մեդալների, «Ոսկե սկավառակ»-ի(ԱՄՆ) և «Պլատինե սկավառակ»-ի(Մեծ Բրիտանիա)` գիտական բացառիկ նվաճումների համար, Տոկիոյի Կիտազատո համալսարանի ոսկե մեծ մեդալի, «Չիժևսկու անվան» ոսկե մեդալի, ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի մեդալների, Միջազգային դեսպանի շքանշանի, UNESCO-ի «Կալինգա» մրցանակին: Գիտության բնագավառում մատուցված ծառայությունների համար Գաբրիելյանը ստացել է «Վ.Վերնադսկու անվան ոսկե աստղ» բարձրագույն շքանշանը: Հայաստանի Հանրապետության նախագահը 2000թ. Էմիլ Գաբրիելյանին շնորհել է Մխիթար Հերացու մեդալ, իսկ 2008թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Սուրբ Մաշտոց-Սուրբ Սահակ»  շքանշանը:

Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի կենսագրական տվյալներն ընդգրկված են տասից ավելի միջազգային և ազգային հանրագիտարաններում:

Դիտվել է 1167 անգամ:
Print Friendly

Leave a Reply