40 մլն դրամ Ղրղզստանին Հայաստանից` որպես մարդասիրական օգնություն

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 22, 2010 12:39

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Գործադրի որոշմամբ Ղրղզստանի Հանրապետությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով այդ երկրի կառավարությանը տրամադրելու համար ՀՀ կառավարության աշխատակազմին է հատկացվել 40  մլն  դրամ:

Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է լրացում, որի նպատակն է հստակեցնել «Արբուն» ապրանքային անվանման կիրառման դեպքերը և ապահովել տեղական արտադրողների և սպառողների օրինական շահերի պաշտպանությունը։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ հստակեցումն անհրաժեշտ էր, քանի որ կառավարության նախորդ որոշումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել։ Հայկական կոնյակը 100 տոկոսով պետք է պատրաստվի տեղական հումքով։ Իսկ եթե տվյալ խմիչքի մեջ օգտագործվում է ներմուծված սպիրտ, ապա ապրանքային անվանումը կլինի «Արբուն»։

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով ուժը կորցրած է ճանաչել «ՀՀ ոստիկանության ակադեմիա» ՊՈԱԿ-ի կանոնադրության այն դրույթը, համաձայն որի ակադեմիային ամրացված գույքի օգտագործման ընթացքում ստացված եկամուտը մուտքագրվում է պետբյուջե։ Որոշմամբ ոստիկանության ակադեմիային հնարավորություն կընձեռվի զբաղվելու ձեռնարկատիրական գործունեության լրացուցիչ տեսակներով, կհիմնադրվի գիտխորհուրդ, կհստակեցվեն դիմորդների կողմից ներկայացվող փաստաթղթերի և մրցույթից դուրս ընդունվողների ցանկերը և այլն։

ՀՀ օրենսդրությանը համապատասխան կառավարությունը «Հանրակացարաններ» ՓԲԸ-ին թույլատրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևան քաղաքի Վարդաշենի 6-րդ փողոցի N 68 հասցեում գտնվող մասնաշենքից 54.1 քառ. մետր, Շիրակի 2ա հանրակացարանային մասնաշենքից` 34.8 քառ. մետր մակերեսով անշարժ գույքով վճարել պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց, նշված գույքը հանձնել ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմ» ՊԿՀ տնօրինությանը և անհատույց սեփականաշնորհել այդ տարածքներում բնակվող 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց։

Գործադիրը որոշել է նոր խմբագրությամբ շարադրել նախկինում հաստատված «Բարձրագույն մասնագիտական և հետբուհական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգի» կետերից մեկը, ինչի շնորհիվ պետական կառավարման այն մարմինները, որոնք ունեն բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ, կմասնակցեն չափորոշիչների ընդունման գործընթացին։

Այսօրվա նիստում գործադիրը նաև հաստատել է.

– Վայոց ձորի մարզի 2011-2014թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը,

– տրանսպորտային միջոցների հաշվառման, տրանսպորտային միջոցների առկայության և տեխնիկական զննության վերաբերյալ տվյալների տրամադրման կարգը, պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների ներգրավման կարգը, տրանսպորտային այդ միջոցների տեսակները և մակնիշները,

– Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող դատաիրավական բարեփոխման երկրորդ ծրագրով Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Եղեգնաձոր քաղաքի նստավայրի նոր շենքի կառուցման համար անցկացված և ծրագրի կառավարման խորհրդի հաստատած մրցույթի արդյունքը` հաղթող ճանաչելով «Արարատշին» ԲԲԸ-ն,

– Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող գյուղական ճանապարհահատվածի ծրագրի և կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի կառավարման խորհրդի հաստատած ազգային բաց մրցույթի արդյունքները` հաղթող ճանաչելով «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն և «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ն։

Գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև կնքված թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-համաձայնագրում 11-րդ փոփոխությունը կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը։ Նամակ-համաձայնագիրը կնքվել է 2001թ. հունիսի 11-ին, և ԱՄՆ կառավարությունը ՀՀ իրավապահ մարմինների հնարավորությունների զարգացման նպատակով հատկացրել է շուրջ 11 մլն դոլարի աջակցություն։ Արդյունավետ համագործակցության զարգացմանն է ուղղված նաև ստորագրվելիք 11-րդ լրացումը, որով նախատեսվող աջակցության համար ԱՄՆ կառավարությունը հատկացնում է 2.875.284 ԱՄՆ դոլար։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սպառողական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է վերացնել սպառողական ընկերության անդամների (փայատերերի) թվի սահմանափակումը (գործող օրենքով` 30-ից ոչ պակաս), ինչը կհեշտացնի վերջիններիս ստեղծումը և կխթանի կոոպերատիվ շարժումը։

Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խստացնել քրեական պատասխանատվությունը արդարադատության իրականացումը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար։ Նույն օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը նույնպես ստացել է կառավարության հավանությունը։ Դրանով մասնավորապես առաջարկվում է ազատազրկման առավելագույն ժամկետ սահմանել 20 տարին, հանցագործությունների համակցությամբ պատիժ նշանակելիս` 22 տարին, իսկ դատավճիռների համակցության դեպքում` 25 տարին։

Գործադիրը հավանության է արժանացրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է պետտուրք գանձելու պահանջը վերացնել ՀՀ 16 տարին չլրացած քաղաքացիներին հաշվառելու կամ նրանց փաստացի բնակության վայրի մասին ՀՀ քաղաքացու անձնագրում նշումներ կատարելու, ինչպես նաև նրանց հաշվառման հարցերի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար։

Դիտվել է 1834 անգամ:
Print Friendly

Leave a Reply