Հայտնաբերվել է Տաթևում գտնվող 17-րդ դարի ձիթհանի մեխանիզմ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 21, 2010 22:05

Օրերս Տաթևի վանական համալիրի տարածքում գտնվող Ձիթհանում տեղանքի մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է բարվոք վիճակում պահպանված ձեթի մամլիչի հին մեխանիզմը, այդ թվում` արտադրության համար օգտագործվող հատուկ տաշած քարերը և կավե կուժերը:

Տաթևի Ձիթհանի վերանորոգումն իրականացվում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում` ԱՌԳԱ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

17-րդ դարի այս Ձիթհանը ոչ միայն պատմական կարևոր հուշարձան է: Վերականգնման աշխատանքների արդյունքում այն կդառնա նաև զբոսաշրջային արդյունք` այցելուներին ներկայացնելով Տաթևի տարածաշրջանի հնադարյան մշակույթի և խոհարարության ավանդույթներից մեկը:

Աշխատանքներն իրականացվում են հետևյալ երեք փուլերով` նախագծում և վերականգնում, հետազոտություն, արդյունքի մշակում և ցուցադրում:

Հետազոտական և վերականգնողական աշխատանքների պատշաճ իրագործման համար հիմնադրամի նախաձեռնությամբ կազմվել է «Տաթևի վերածնունդ» ծրագրի վերահսկիչ հանձնաժողով` բաղկացած վերականգնման, ճարտարապետության և մշակույթի ոլորտների տեղական և միջազգային փորձագետներից:

Ըստ ժամանակացույցի, հուշարձանը կվերանորոգվի ս.թ. հոկտեմերին` պատրաստ լինելով ցուցադրության թանգարանային ոճով և այցելուներին ներկայացնելով Տաթևում ձեթի արտադրության ամբողջ պատմությունը: Այնուհետև կընթանան մեխանիզմի վերագործարկմանն ուղղված աշխատանքները, որոնք կավարտվեն 2011թ. գարնանը:

«Տաթևի վերածնունդ» ծրագիրը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի առաջապահ նախաձեռնությունն է` հիմնված պետական և մասնավոր ոլորտների համագործակցության վրա: Այն նպատակ ունի վերականգնել և պահպանել Տաթևի վանքը և զարգացնել տարածաշրջանը` նորովի ներկայացնելով դրա հոգևոր, գիտական և մշակութային ժառանգությունը և դարձնելով այն բարձրակարգ զբոսաշրջավայր: Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից. վանական համալիրի վերականգնում, վանական և կրթական ավանդույթների վերականգնում, շրջակա յոթ գյուղերում զբոսաշրջային արդյունքի մշակում և ենթակառուցվածքների զարգացում, ինչպես նաև աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղու կառուցում:

Դիտվել է 1590 անգամ:
Print Friendly

Leave a Reply