Ըստ ՀՀ նախագահի` Սանկտ Պետերբուրգում կողմերին ներկայացված փաստաթուղթը հնարավորություն է տալիս շարունակելու ԼՂ բանակցությունները

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | July 21, 2010 21:11

«Լեռնային Ղարաբաղի խնդիրը բանակցվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են Ֆրանսիան, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը: Մինսկի խմբի առաջարկություններն էին, որ 2007 թ. կոչվեցին «մադրիդյան» սկզբունքներ, եւ որպես խնդրի կարգավորման հիմք ներկայացվեցին կողմերին` Հայաստանին եւ Ադրբեջանին: Այն ժամանակ երկու կողմերն էլ այդ փաստաթուղթն ընդունեցին որպես հիմք խնդրի կարգավորման համար, եւ այս երեք տարիների ընթացքում ընթանում են բանակցությունները: Վերջին առաջարկությունները կողմերին ներկայացվեցին վերջերս Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի առաջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ»,-ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սեւանա լճի ափին հանգրվանած «Միասին» երիտասարդական շարժման անդամների հետ հանդիպման ժամանակ` պատասխանելով նրանից մեկի հարցին: ՀՀ նախագահի խոսքերով` ներկայումս խնդիրն այն է, որ Ադրբեջանը պատասխանի` ընդունո՞ւմ է արդյոք այդ առաջարկությունները որպես հիմք, թե՞ ոչ:

«Մնացածը ինչ, խոսում են այդ երկրի մեծ ու փոքր պաշտոնյաները, զուտ ցանկությունների ոլորտից են: Մնացածը, ինչ խոսում են, արդեն բանակցությունների մասին նրանց պատկերացումներն են»,-նկատեց երկրի ղեկավարը: Ըստ նրա` այսօր կա մեկ խնդիր` ադրբեջանական կողմն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին առաջարկությունները, թե ոչ: «Երբ Ադրբեջանը կասի, որ ընդունում է, այն ժամանակ էլ կշարունակենք բանակցությունները: Իսկ եթե ասի, որ չի ընդունում, այլ ելքեր պետք է փնտրել»,-նշեց Ս.Սարգսյանը: Նախագահն հիշեցրեց, որ խնդրի կարգավորման երեք սկզբունքներ գոյություն ունեն` Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթները` ինքնորոշման իրավունք, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման բացառում եւ տարածքային ամբողջականություն:

«Քանի որ ադրբեջանական կողմը հիմնականում խոսում է տարածքային ամբողջականության մասին, Ալմաթիում ԵԱՀԿ համանախագահող երկրները շատ հստակ ասացին` որեւէ դրույթ կամ որեւէ սկզբունք չի կարող գերակա լինել մյուսի նկատմամբ: Ակնհայտ է, թե դա ում էր վերաբերում»,-ընդգծեց ՀՀ նախագահը` նկատելով, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի ԱԳ նախարարներն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շատ կոշտ խոսեցին նաեւ սադրիչ հայտարարությունների մասին: «Այսօր բանակցությունները շարունակվում են, սեղանին կան վերջին առաջարկությունները, որոնք մեզ առաջարկել են Սանկտ Պետերբուրգում, եւ հիմա եւ մենք, եւ ադրբեջանցիները պետք է ասենք` ընդունում ենք դրանք որպես բանակցային հիմք, թե ոչ:

Մենք ասում ենք, որ այս փաստաթուղթը հնարավորություն է տալիս շարունակելու բանակցությունները: Տեսնենք, թե ադրբեջանցիներն ինչ են ասելու: Մնացած բոլոր հայտարարությունները եւ եզրակացությունները կամ ցանկություններ են կամ էլ բանակցությունների նախկին փուլերի սեփական մեկնաբանություններ, իսկ սեփական մեկնաբանությունը նախատեսված է ներքին լսարանի համար: Կարող է իրենք իրենց ժողովրդին ուզում են ոգեւորել, կարող է իրենց ցանկացածն իրականության տեղ են ուզում ընդունել, բայց սա պարապ զբաղմունք է, իսկ մենք երբեք պարապ զբաղմունքով չենք ուզում զբաղվել: Մենք ասում ենք, որ խնդիրը պետք է լուծվի, իսկ դա պետք է արվի փոխզիջումների հիման վրա, բայց կա կարեւոր հանգամանք , որը մինչեւ չլուծվի մնացած բոլոր քայլերը, առաջարկությունները մեզ համար ընդունելի չեն»,-նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիտվել է 1498 անգամ:
Print Friendly

Leave a Reply