Նախաբացթողումային հսկողություն` սահմանից մինչև մաքսային պահեստ

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | July 21, 2010 21:01

Ապրանքը մաքսային մարմինների հսկողության ներքո է լինում անգամ մինչև մաքսազերծման գործընթացով անցնելը. Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները հետևում են ապրանքի շարժին` սկսած սահմանից մինչև նշանակման վայրի մաքսային պահեստ:

Նախաբացթողումային հսկողության վարչության ստեղծման հիմնական նպատակն ի սկզբանե եղել է կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն ու իրավախախտումների կանխումը, որն իրականացվում է զննման գործընթացների միջոցով: Այսինքն` մաքսային տեսուչը ստուգում և համեմատում է հայտարարագրում ձևակերպվածը փաստացի առկա ապրանքների հետ. “Այն, որ վարչությունը կայացել է, վկայում են արձանագրված բարձր ցուցանիշները. միայն առաջին կիսամյակի արդյունքները շուրջ երեք անգամ գերազանցում են ամբողջ անցած տարվա ցուցանիշները: Խոսքը իրավախախտումների հայտնաբերման վիճակագրության մասին է. եթե նախորդ տարի կազմվել է մաքսային կանոնների խախտման 43 արձանագրություն, ապա միայն այս տարվա 6 ամիսների ընթացքում մեզ արդեն հաջողվել է կանխել իրավախախտման 104 դեպք”,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանը: Վերջինիս խոսքով` հիմնականում արձանագրվել են ծագման երկրի և թերի հայտարարագրման հետ կապված խախտումներ, իսկ վերջերս էլ բավականին “նորաձև” են դարձել մաքսային ապահովումները չխախտելու և տարբեր տեխնիկական հնարքներ բանեցնելու միջոցով մեքենաներն ապօրինի բեռնաթափելու դեպքերը, ինչով փորձում են խուսափել հետագա մաքսային ձևակերպումներից: Նման դեպք էր արձանագրվել նաև օրերս. “Այն հատկանշական է նրանով, որ մեր պրակտիկայում առաջին անգամ մաքսանենգությունը կանխել ենք հենց իրագործման պահին: Այսպես, իրացնելով ստացված տեղեկությունները, մեր աշխատակիցները հուլիսի 16-ին մուտք են գործել Արցախի 47 հասցեում գտնվող առանձնացված պահեստային տարածք, որտեղ տվյալ պահին արդեն բեռնաթափվում էր Մեղրիի մաքսակետով ներմուծված ավելի քան 4,5 տոննա մաքսանենգ ապրանքը: Այն թաքցված է եղել “Արզնու Տոհմային ԹՏԽ” ԲԲԸ-ի անունով ներմուծված 13600 կգ մսոսկրային ալյուրով բեռնավորված VOLVO մակնիշի ավտոմեքենայում: Իրավախախտները, վնասելով բեռնախցիկի ամրալարը, առանց մաքսային ապահովումները վնասելու, մաքսանենգ ապրանքը տեղավորել էին բեռնախցիկում: Նշեմ, որ այն բեռնաթափելուց հետո, նրանք մտադիր էին ավտոմեքենան լրաբեռնել նախօրոք պատրաստված և պահեստում արդեն իսկ առկա նույնատիպ մսոսկրային ալյուրով, որն ունի ավելի ցածր մաքսային արժեք: Մինչդեռ մաքսանենգ բեռը, որում եղել է 2046կգ պիստակ, 1660 կգ նաբաթ, 490 կգ սիսեռ, 280 կգ նուշ և 50 կգ դդմի կորիզ, ունեցել է շատ ավելի բարձր` մոտ 11,5 մլն դրամի մաքսային արժեք: Մաքսանենգության կազմակերպիչն է եղել ԻԻՀ քաղաքացի, ազգությամբ հայ Արման Օհանջանյանը, ով “Արզնու Տոհմային ԹՏԽ” ԲԲԸ-ի պարսկական կողմի առաքիչն է և այժմ ձերբակալված է”:
Այս և մնացած դեպքերը հաշվի առնելով, ըստ Վահրամ Գուրողլյանի, Նախաբացթողումային հսկողության վարչության կողմից կիրառության մեջ են դրվել համարակալված նոր` ինքնասոսնձվող և մեկանգամյա օգտագործման մաքսային ապահովման միջոցներ, որոնք շրջանառության մեջ մտնելու օրվանից մինչև դրանց ոչնչացումը գտնվում են խիստ հաշվառման մեջ և կարող են մեծապես նվազեցնել իրավախախտումների հավանականությունը. “Ցանկացած մաքսային ապահովման միջոցի համարով այժմ հնարավոր է ասել` օգտագործվե՞լ է այն, թե՞ ոչ, որ պահին է պոկվել կամ վնասվել, այսինքն` յուրաքանչյուր կապարակնիք արտադրության օրվանից մինչև ոչնչացման պահն ունի իր պատմությունը: Սա նորություն է և մեծապես կարող է նվազեցնել իրավախախտումների հավանականությունը”,- հայտնել է Վ. Գուրողլյանը: Ինչ վերաբերում է ավտոմեքենաներին, ապա մաքսանենգներն իրենց նպատակն իրագործելու համար հիմնականում հնամաշ ավտոմեքենաներ են ընտրում: Քանի որ նրանք հույս չունեն, որ մաքսային պահեստ հասնելուց հետո որևէ կերպ կխուսափեն մաքսային հսկողությունից, ուստի փորձում են իրենց մտադրությունն իրագործել մինչև նշանակման վայրի պահեստ հասնելը: Վարչության տեսուչները, սակայն, առավել ուշադիր են նման ավտոմեքենաների նկատմամբ և ուղեկցում են դրանք սահմանից մինչև մաքսային պահեստ: Բացի այդ, արդեն մասնագիտացված զննություն է կատարվում նման ավտոմեքենաների դռների, փականների, տենդերի ամրությունը ստուգելու և իրավախախտումները կանխելու նպատակով:
Իրավախախտումների տեսանկյունից, Նախաբացթողումային հսկողության վարչության պետի, հավաստմամբ, ռիսկային սահմանակետ է դիտարկվում նախևառաջ Մեղրին. “Թե՛ նրան սահմանակից Իրանը, թե՛ Աֆղանստանը, և թե՛ Պակիստանը թմրանյութ արտահանող պետություններ են, այնպես որ մեծ է հավանականությունը, որ Հայաստանը կարող է դառնալ Եվրոպա և Ռուսաստան թմրանյութերի տեղափոխման տարանցիկ ճանապարհ: Այդ հնարավոր վտանգը հաշվի առնելով` Նախաբացթողումային հսկողության վարչությունը ՊԵԿ ղեկավարությանը առաջարկել է օժանդակել մեր տեսուչներին` Եվրոպայում հատուկ դասընթացների մասնակցել փորձի փոխանակման նպատակով: Ռիսկային երկրից ներմուծված ապրանքի նկատմամբ մեր տեսուչներն ավելի խիստ հսկողություն են կիրառում. բեռն ուղեկցում են սահմանից մինչև պահեստ, նաև ավելի ուժեղ հսկողություն է իրականացվում նման բեռների զննության ժամանակ”,- տեղեկացրել է վարչության պետը: Ի դեպ, իրավախախտումներ առավել հաճախ արձանագրվում են Թուրքիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Չինաստանից իրականացված ներմուծումների դեպքում: Ինչ վերաբերում է թմրանյութերի հայտնաբերմանը, ապա միայն Մեղրիի մաքսակետում նախորդ և այս տարի կանխվել է թմրանյութի ներմուծման 8 դեպք. ընդհանուր առմամբ` մոտ կես կիլոգրամ ափիոն և ավելի քան 100 գրամ մետամֆետամին:

Դիտվել է 2006 անգամ:
Print Friendly

Leave a Reply