Հովիկ Աբրահամյանի ելույթը Խորհրդարանների նախագահների համաշխարհային 3-րդ համաժողովում

Պաշտոնական, Օրվա լուր | | July 21, 2010 16:00

Հուլիսի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունեցավ Ժնեւում ընթացող Խորհրդարանների նախագահների համաշխարհային 3-րդ համաժողովում, որին մասնակցում են 150 երկրների խորհրդարանների նախագահներ եւ միջազգային կառույցների ղեկավարներ: Դիմելով ներկաներին` ՀՀ ԱԺ նախագահը ասաց.

«Հարգելի նախագահ,

Հարգարժան գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Թույլ տվեք, առաջին հերթին, ողջունել Ձեզ այս կարևոր համաժողովի կայացման կապակցությամբ, որն ավելի քան արդիական է և շնորհակալություն հայտնել քարտուղարությանը համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը` իր ծավալներով,  աշխարհագրությամբ և հետևանքներով ցույց տվեց, որ երկրագնդի տնտեսությունը կանգնած է նոր մարտահրավերի առջև` կապված տնտեսավարման, ֆինանսական և արտադրական հատվածների փոխադարձ ինտեգրման նպատակով առավել արդյունավետ մեխանիզմների մշակման ու ներդրման հետ և արտացոլեց գլոբալիզացման այն միտումները, որոնք առկա են և շարունակում են աճել ամբողջ աշխարհում:

Ֆինանսական ճգնաժամը որոշ երկրներում վերածվեց նաև քաղաքական ճգնաժամի, երբ կառավարությունները հարկադրված էին դիմել հրաժարականի: Սա գալիս է ապացուցելու գլոբալ մակրոտնտեսական կառավարման և ֆինանսական շուկաների կարգավորման դաշտի վերաձևավորման անհրաժեշտությունը: Առկա են անկայունությանը դիմակայելու տագնապը և ապագայի նկատմամբ անորոշությունը:

Կարծում եմ, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի բարձրացնենք հանրության իրազեկվածությունը, ապահովենք գործունեության թափանցիկությունը, լիարժեք կերպով իրականացնենք խորհրդարանական վերահսկողությունը: Որպես ժողովրդի ընտրյալներ, մենք պետք է աշխատեցնենք խորհրդարանական մեխանիզմները, որոնք նպատակաուղղված կլինեն կառավարության կողմից բյուջեի կատարման վերահսկողության բարձրացմանը, անհրաժեշտության դեպքում բյուջեի ցուցանիշների վերանայման հնարավորությանը:

Այսօր լայնածավալ քննարկումներ են տեղի ունենում միջազգային ֆինանսական ճարտարապետության բարեփոխման շուրջ, որոնց նպատակն է միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից իրականացվող գործունեության համար պատասխանատվության ստանձնումը:

Չնայած այն հանգամանքին, որ ճգնաժամին դիմակայելու հիմնական պատասխանատվությունն ընկած է կառավարությունների վրա, մեր երկրների խորհրդարանները պետք է վճռորոշ դերակատարություն ստանձնեն և անհրաժեշտ որոշումներ ընդունելու կարողություն ունենան: Դրանց թվին է պատկանում ճգնաժամի պատճառով առաջացած բացասական սոցիալական ազդեցության նվազեցումը գործազուրկ և հասարակության ամենախոցելի և անպաշտպան խավերի վրա:

Խորհրդարանները պետք է նաև իրենց դերակատարությունն ունենան ճգնաժամի ժամանակ ընդունվող և հաճախ կարծր և ժողովրդականություն չվայելող միջոցներին օրինականություն հաղորդելու ու դրանց նկատմամբ հանրության աջակցությունն ապահովելու գործում: Թափանցիկությունն ու քաղաքացիների հետ երկխոսություն վարելու ունակությունը կենսական նշանակություն ունեն քաղաքական գործընթացների համար:

Ֆինանսատնտեսական ճգնաժամը, ի թիվս բազմաթիվ այլ երկրների, էականորեն ազդեց նաև Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա` առաջ բերելով ինչպես կառուցվածքային, այնպես էլ սոցիալական, ֆինանսական և կառավարման լրացուցիչ հիմնախնդիրների լուծման անհրաժեշտություն:

Հայաստանի իշխանություններն անում են ամեն ինչ մեր երկրի տնտեսության և բնակչության կենսամակարդակի վրա ճգնաժամի թողած բացասական ազդեցությունը նվազեցնելու համար: Նույնիսկ այդ պայմաններում ՀՀ իշխանությունները չեն կրճատել սոցիալական ծախսերը, չեն նվազել նաև 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո աղետի գոտում բնակարանային շինարարության համար հատկացվող գումարները:

Հայաստանի խորհրդարանն ու կառավարությունը հետամուտ են թափանցիկ գործունեություն իրականացնելուն: 2008թ. նոյեմբերի 12-ին ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային Ժողով ներկայացրեց իր հակաճգնաժամային ծրագիրը, որով նախատեսված միջոցառումները միտված են մեղմելու ճգնաժամի հետևանքով առաջացած և տնտեսության առջև կանգնած ռիսկերը, որոնք էապես մեծանում են Հայաստանի շարունակվող շրջափակման պատճառով և դեպի ծով ելք չունենալու հանգամանքով:

Ֆինանսական ճգնաժամի ազդեցության մեղմելուն ուղղված գործընթացում իր կարևոր մասնակցությունն ունեցավ նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, որը սերտորեն և արդյունավետ կերպով համագործակցելով Հանրապետության Նախագահի և ՀՀ կառավարության հետ, կարողացավ ժամանակին ընդունել և կյանքի կոչել հակաճգնաժամային միջոցառումների համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները:

Հարգելի գործընկերներ,

Ակնհայտ է, որ գլոբալ տնտեսությունը պահանջում է ոչ միայն սոցիալ-տնտեսական քաղաքականության ներդաշնակեցում, այլև գլոբալ մտածողություն և համապատասխան գործողություններ: Վերջիններս էլ, իրենց հերթին, պահանջում են  պատասխանատվության ստանձնում իշխանության բոլոր թևերի կողմից:

Միջխորհրդարանական միության նման հեղինակավոր կազմակերպությունը մշտապես եղել է իր կոչմանը հավատարիմ անկախ կառույց և, ըստ իս, պետք է ավելի մեծ դերակատարություն ստանձնի ժողովրդավարության, մարդու հիմնարար ազատությունների ապահովման, օրենքի գերակայության և 21-րդ դարում մարդկության առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներին դիմակայելու գործում:

Անցած երկուս ու կես օրվա ընթացքում մենք ունկնդրեցինք աշխարհի տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարների մտահոգությունները ֆինանսատնտեսական ճգնաժամի, խորհրդարանների դերակատարության ու բազում այլ հարցերի վերաբերյալ: Կարծում եմ, միասնական ջանքերի շնորհիվ աշխարհն ի վիճակի է հաղթահարել առկա հիմնախնդիրներն ու շարժվել առաջ` դեպի կայուն զարգացում և համերաշխ գոյակցություն»:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 1059 անգամ:
Print Friendly

Leave a Reply