Կմեկնարկեն «Կատարողական արվեստի օրեր»-ը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 21, 2010 15:44

«Մեկ ազգ, մեկ մշակույթ»  համահայկական մշակութային 4-րդ փառատոնի շրջանակներում հուլիսի 22-ից կմեկնարկեն «Կատարողական արվեստի օրեր»-ը, որոնց ընթացքում Երեւանում, ՀՀ մարզերում եւ Արցախում բազմաբնույթ ելույթներով հանդես կգան 12 երկրների շուրջ 1 500 մասնակիցներ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Հանրապետության սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը, «Կատարողական արվեստի օրեր»-ի ծրագրում նախատեսվում է իրականացնել մշակութային միջոցառումներ, շրջայցեր Հայաստանի եւ Արցախի պատմամշակութային օջախներ, կազմակերպել հանդիպումներ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի պաշտոնյաների եւ հոգեւոր առաջնորդների հետ, վարպետության դասընթացներ պարուսույցների համար, անցկացնել շախմատի համահայկական երիտասարդական առաջին օլիմպիադա Հայաստանում:

Արդեն Հայաստան են ժամանել շուրջ 450 մասնակիցներ` ՌԴ-ից, Ֆրանսիայից, Կանադայից, Իրանից եւ Վրաստանից: « Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի գերնպատակը` հայապահպանությունն է մշակութային կապերի ամրապնդման միջոցով, իսկ երկրորդը` Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը եւ աշխարհասփյուռ հայության մշակութային ձեռքբերումների ներկայացումը ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախում»,- ասաց Ստեփան Պետրոսյանը: Նրա խոսքով` փառատոնն ունի մի քանի առանձնահատկություններ:

«Առաջինն այն է, որ մենք փորձել ենք ընդլայնել փառատոնի աշխարհագրությունը, ինչպես նաեւ ծավալները: Եթե 2008 թ-ին փառատոնին մասնակցել է շուրջ 900 մասնակից, այս տարի մենք սպասում ենք շուրջ 1500 մասնակցի: Մյուս առանձնահատկությունն այն է, որ փառատոնն այս տարի անցկացվում է ամբողջ տարվա ընթացքում: Միջոցառումները կլինեն ամբողջ տարվա կտրվածքով»,- ասաց Ս. Պետրոսյանը: Այս տարի փառատոնին մասնակցելու համար հրավիրվել են 3 թատերախմբեր` Բեյրութի Վահրամ Փափազյանի անվան, Նյու Ջերսիի Համազգային եւ Մոսկվայի հայկական թատերախմբերը:

«Սեպտեմբերին նախատեսվում է կերպարվեստի հայ գործիչների համահայկական համաժողով, որի ընթացքում կստեղծվի իրենց ընկերակցության համահայկական ցանցը: Իսկ աշնանը կանցկացվի Ռուբեն Սեւակի 125 ամյակին նվիրված միջոցառում, ինչպես նաեւ նախատեսվում է Շիրազի 95ամյակին նվիրված միջոցառումներ` Գյումրիում»,- ասաց նա` ավելացնելով, որ կան մի շարք միջոցառումներ` նվիրված զանգվածային լրատվական միջոցներին: «Մենք Ստեփանակերտում նախատեսում ենք անցկացնել լրագրողների համահայկական 5-րդ համաժողովը, որի շրջանակներում կկազմակերպվեն լուսանկարների ցուցահանդեսներ, կլինեն այցեր, շրջագայություններ, հանդիպումներ եւ այլն»,- ասաց փոխնախարարը:

Փառատոնի շրջանակներում արդեն իրականացվել են մի շարք միջոցառումներ: Փոխնախարարը հիշեցրեց, որ դեռեւս ապրիլին անցկացվել է ցուցահանդես` նվիրված Եղեռնի 95-րդ տարելիցին, կազմակերպվել է համաժողով «Հայ ինքնության պահպանումը խառնամուսնություններում»  թեմայով, իսկ ահա վերջերս Ծաղկաձորում անցկացվել է Գրողների համահայկական 5-րդ համաժողովը եւ մեկ այլ համաժողով` նվիրված արեւմտահայերենի ուսուցման խնդիրներին:

Դիտվել է 1386 անգամ:
Print Friendly

Leave a Reply