Աֆրիկյան ժանտախտը` նորից Հայաստանում
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 21, 2010 15:14
Աֆրիկյան ժանտախտը նորից գլուխ է բարձրացրել Հայաստանի Հանրապետությունում: Այս հիվանդությունը, որը հատուկ է խոզերին, ակտիվացել է ընթացիկ տարվա մարտ ամսից Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում եւ Լոռու մարզի Թումանյանի շրջանում: Հիվանդության` Հայաստան ներթափանցելու ուղիների վերաբերյալ ներկայումս երկու վարկած է քննարկվում: Ըստ առաջինի` վիրուսը Հայաստանում եղել է դեռ նախորդ տարիներից, սակայն նոր է բռնկվել, իսկ համաձայն երկրորդ տարբերակի` հիվանդությունը կրկին ներթափանցել է Վրաստանից:
Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիգոր Բաղիյանը, ՀՀ-ում առաջին անգամ հիվանդությունն ի հայտ է եկել 2007-ի օգոստոսին: «Այն ՀՀ է եկել Վրաստանից, որն էլ իր հերթին ձեռք է բերել Աֆրիկայից, որտեղից էլ առաջացել է վերջինիս անվանումը»,- ասաց նա: 2007թ-ի` ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվել է աֆրիկյան ժանտախտի դեմ պայքարի ծրագիր, կազմվել է պլան եւ 2007- 2008 թթ-ին այն սկսել է կիրառվել` ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից:
«Արդյունքում ստացվել է շուրջ 20 հազար խոզերի գլխաքանակի կորուստ, բայց միեւնույն ժամանակ կանխվել է հիվանդության տարածումը: 2008-ի կեսերից մինչեւ 2010-ի մարտն այն ՀՀ տարածքից բացարձակապես վերացել է»,- ասաց նա: Այս տարի հիվանդության դեմ մի շարք միջոցառումներ է իրականացրել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված համապատասխան աշխատանքային միջգերատեսչական խումբը, որը ղեկավարում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: «Խումբը եղել է ե’ւ Տավուշում, ե’ւ Լոռիում, եւ մարզպետարանների հետ խորհրդակցությունների արդյունքում կոնկրետ կանխարգելիչ պլան է մշակել:
Այսօր արդեն Նոյեմբերյանում եւ Դիլիջանում հիվանդությունը կասեցված է»,- ասաց նա: Գրիգոր Բաղիյանի խոսքով` հիվանդությունը բռնկումներ է դրսեւորել նաեւ Երեւանում` հունիսի կեսերին, Արագածոտնի, Շիրակի եւ Կոտայքի մարզերում` 1-3ական դեպքերով: «Այսինքն` նշված տարածքներում այն մասսայական բնույթ չի կրել»,- փաստեց նա: Հիվանդությունը հիմնականում տարածվում է օդի, ջրի, եւ շփման միջոցով: Այս առիթով բանախոսը կոչ արեց տնտեսվարողներին կենդանական մնացորդներով խոզերին չկերակրել հիվանդության հավանականության մեծացումը կանխելու նպատակով:
Նշենք, որ հիվանդության ախտանիշները լինում են արտահայտված եւ չարտահայտված: Վիրուսը խոզի օրգանիզմում մնում է 2 տարի, իսկ վայրի տիզի օրգանիզմում` 12 տարի, եւ այդ տարիների ընթացքում տիզի յուրաքանչյուր խայթոցից կենդանին վարակվում է: Աֆրիկյան ժանտախտը մարդուն չի փոխանցվում: Հիվանդությունը հայտնաբերելու համար իրականացվող լաբորատոր աշխատանքները, օրինակ, Սյունիքում, հատկապես սահմանամերձ գյուղերում խլում են 2-3 օր:
Մարտից մինչ այսօր իրականացվել է 1 300 գլխաքանակի սպանդ` Երեւանում, որից 250-ը` անկախ, մնացածը` հարկադիր. սա հիվանդության կանխարգելման միակ ձեւն է: Սպանված խոզերի դիմաց այն գյուղացին, որի համար խոզն ապրուստի միջոց է, փոխհատուցվում է` յուրաքանչյուր կգ-ի դիմաց 1005 դրամ:






Facebook
Tweet This
Email This Post
