Գյումրեցի անօթևանների համար կառուցված բնակարանների սեփականաշնորհումն ու բոլոր տեսակի հաշվիչերի տեղադրումն անվճար է

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | July 21, 2010 12:23

Գյումրիում, բնակարանամուտի նախաշեմին գտնվող բազմաթիվ քաղաքացիների բողոքներին արձագանքելով, օրեր առաջ այցելեցինք Մուշ-2 թաղամաս: Ուսումնասիրելով նորակառույց բնակարաններում առկա և բնակիչներին հուզող մի շարք խնդիրներ` հուլիսի 14-ին բաց նամակ հղեցինք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին:

Նամակում հիմնականում բարձրացրել էինք «Գլենդել Հիլզ» ՓԲԸի կողմից կառուցված բնակարաններում ջրի և գազի բացակայության պատճառով առաջացած դժվարությունների և խոցելի խմբերին նորակառույց բնակարաններ տեղափոխվելու խնդրում աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին:

Հուլիսի 16-ին լրատվական կայքերում հանդիպեցինք ՀՀ քաղաքաշինության նախարարի մամուլի քարտուղար Բ. Մհերյանի պատասխան բաց նամակին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Բաց նամակ Շիրակ կենտրոն ՀԿ նախագահ Վահան Թումասյանին
Հարգելի պարոն Թումասյան
Դուք տեղյակ եք, որ աղետի գոտու նորակառույց բնակարաններում տեղադրվել են գազօջախներ, լվացարանակոնքեր, լողախցիկներ, գազօջախներ, ջեռուցման համակարգեր, ապահովելու նորմալ կոմունալկենցաղային պայմաններ:

Տեղյակ եք նաեւ, որ, հաշվի առնելով նոր բնակարան ստացած շատ ընտանիքների տնտեսական ոչ բարվոք պայմանները, Գլենդել Հիլզ ընկերությունը սեփական միջոցների հաշվին հոգացել է գազի եւ էլեկտրական հաշվիչների եւ գազօջախների արժեքը ու միացման ծախսը, ուստի բնակիչը ընդամենը պետք է դիմի համապատասխան ծառայություններին` պայմանագիր կնքելու համար:
Ավելացնեմ, որ իրավասու ծառայություններն արդեն սկսել են կոմունալ ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքումը` չսպասելով բնակարանների սեփականության վկայականների ստացմանը:
ՀՀ քաղաքաշինության նախարարի մամուլի քարտուղար Բ. Մհերյան

Անշուշտ, մեր կողմից բարձրացված` բնակության համար ոչ պիտանի ժամանակավոր կացարաններից օր առաջ ազատվել ցանկացող և անհամբեր բնակարանամուտի սպասող հարյուրավոր ընտանիքներին հուզող, ոչ բոլոր հարցերի պատասխաններն  են տրվել նամակում: Այնուհանդերձ, մենք գոհ ենք, որ քաղաքաշինության նախարարը, ի տարբերություն մարզային և տեղական իշխանությունների, արձագանքել և մեր ահազանգից անմիջապես հետո լուծել է մի շարք կարևոր խնդիրներ, մասնավորապես, փոփոխության ենթարկելով նախկին որոշումը, հնարավորություն է ընձեռնվել  բնակարանները ապահովել ջրով և գազով` նախքան քաղաքացիների կողմից բնակարանների սեփականաշնորհումը: Հակառակ դեպքում, ստացվում էր, որ կատարելով բնակարանների սեփականաշնորհման համար պարտադիր պայմաններից մեկը` տարածքների ազատումը, ժամանակավոր կացարաններից հարյուրավոր ընտանիքներ պարտադրված կլինեին ամիսներ շարունակ ապրել առանց կոմունալ-կենցաղային պայմանների:

Ավելացնենք նաև, որ թեև բնակարանների բաշխման ներկայիս գործընթացը,  ի տարբերություն նախորդ տարիների, կազմակերպվեց արդարացի և թափանցիկ, սակայն աղետի գոտում իրականացվող բնակարանների շահագործման ժամանակ միշտ էլ ի հայտ են գալիս մարդիկ և կազմակերպություններ, որոնք փորձում են, այսպես ասած «պղտոր ջրում ձուկ որսալ»: Առայժմ նման դեր կարծես թե ուզում է ստանձնել Շիրակ ջրմուղկոյուղու մասնաճյուղը: Թեև բնակարանների սեփականաշնորհման, բոլոր տեսակի հաշվիչների և դրանց տեղադրման վճարները կատարված են պետբյուջեի և «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի միջոցների հաշվին, այնուամենայնիվ այդ կազմակերպությունը մի իսկական քաոս է ստեղծել՝ պահանջելով չպատճառաբանված գումարներ:

Հ.Գ. Ի դեպ, ուզում ենք մեր իշխանություններին նախօրոք զգուշացնել, որ ոչ պակաս աղմկահարույց  է լինելու ժամանակավոր կացարաններից տարածքների  ազատման գործընթացը: Առավել ևս, բնակարան ստացած ընտանիքներից շատերը կցանկանային պահպանել ժամանակավոր կացարանները: Անշուշտ նրանցից մի մասի` տնակները չքանդելու ձգտումները արարացված են: Քազի անհասկանալի է մնում, թե 5-12 անդամներից բաղկացած ընտանիքները, տնակները հանձնելու դեպքում, ինչպես են  տեղավորվելու մեկ կամ երկու սենյականոց բնակարաններում:

Ուստի, դիմում ենք  իշխանություններին և առաջարկում այդ գործընթացն իրականացնել կառավարության անմիջական վերահսկողությամբ: Տեղին կլիներ ստեղծել համապատասխան հանձնաժողով և տարածքների ազատման փաստի մասին տեղեկանքները տրամադրել այդ  հանձնաժողովի ուսումնասիրությունների հիման վրա, ինչպես նաև այդ հանձնաժողովում ՀՀ քաղաքաշինության նախարարության, մարզային և ՏԻՄ իշխանությունների ներկայացուցիչներից  բացի ընդգրկել աղետի գոտում գործող ԶԼՄ և ՀԿ ներկայացուցիչներ:

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Գյումրի

Դիտվել է 1937 անգամ:
Print Friendly

Leave a Reply