Ադրբեջանի պաշտպանության ոլորտի վիճակը. զինարտադրությունը և բանակի տեղակայվածությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | Վահան Դիլանյան | July 22, 2010 12:53Ադրբեջանական բանակը Ադրբեջանի զինված ուժերի բաղկացուցիչն է: Զինված ուժերի գլխավոր հրամանատարն է երկրի նախագահը, ով վերահսկում է վարչապետի և պաշտպանության, ներքին գործերի, անվտանգության, նախարարների անվտանգության ու պաշտպանության գործունեությունը:
Մինչև 2004 թ. բանակն ամենամեծն էր Ադրբեջանի զինուժում. շուրջ 57.000 մարտական ծառայության անձնակազմ, որի շուրջ 80 տոկոսը` ակտիվ ռազմական անձնակազմ և ռազմական տեխնիկա: Բանակն ուներ 220 տանկ (T-72 և T-55), 210 AIFV and APC, շուրջ 280 հրետանային զինատեսակ (100 մմ կամ ավելի) և 15 գրոհային ուղղաթիռ (հելիկոպտեր):
2007-2008 թթ. տվյալներով` բանակն ուներ 292 տանկ, 706 զրահապատ, 405 հրետանային մեքենա և ականանետներ, 75 BM-21 բազմահրթիռային հարձակման համակարգեր և 370 հակատանկային հրթիռային համակարգեր:
Փորձագետներն ասում են, որ Ադրբեջանի զինական ներուժը նշանակալիորեն զարգացել է, երբ Ադրբեջանը 2004 թ. Ուկրաինայից ձեռք է բերել 9A52 Smerch 300 մմ բազմահրթիռային հարձակման համակարգեր: Բայց նույն փորձագետները նաև պնդում են, որ թեև ադրբեջանցի սպաները վերապատրաստված են ՆԱՏՕ-ի ծրագրերին համապատասխան, ադրբեջանական բանակը դեռևս չի հասել մարտական պատրաստվածության բավարար մակարդակի և պատրաստ չէ մեծածավալ ռազմական գործողությունների:
Թեև ադրբեջանական բանակի թվաքանակի վերաբերյալ ստույգ տվյալներ դժվար է գտնել, բայց մի շարք հաշվարկների մշակումը հնարավորություն է տալիս նշելու, որ ադրբեջանական բանակը ներառում է շուրջ 70.000 անձնակազմ (ի թիվս որոնց` շուրջ 60.000-ը ցամաքային զորքեր, շուրջ 2000-ը` ծովային, շուրջ 8.000-ը` օդային (սակայն վերլուծություններ կան, ըստ որոնց` ցամաքային զորքերը հասնում են 95.000-100.000-ի, որոնցից 2/3-ը տեղակայված են Լեռնային Ղարաբաղի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծում):
Այսուհանդերձ, պետք է նշել, որ անվտանգության կառույցները խորապես բաժանված են միմյանցից: Կան առնվազն 7 այլ ռազմականացված կառույցներ, որոնք ներառում են ներքին գործերի, պետական սահմանների ծառայության և ազգային անվտանգության հատուկ միավորումները, արդարադատության, արտակարգ իրավիճակների և պաշտպանական արդյունաբերության նախարարությունները, ինչպես նաև հատուկ պետական պաշտպանության ծառայությունը և ազգային գվարդիան, որը գործում է նախագահի վերահսկողության ներքո:
Ուժային այս կառույցներում ծառայում է շուրջ 100.000 զինվոր, ի թիվս որոնց` 30.000-40.000-ը` ներքին գործերի նախարարությունում:
Ադրբեջանական բանակը բաղկացած է զորաբանակներից (կորպուս): Այն 2004 թ. վերակազմվեց 4 զորաբանակների, որոնք աշխարհագրորեն տեղակայված են ողջ երկրում: Գլխավոր բրիգադը մոտոհրաձգայինն է:
Ադրբեջանական բանակն աչքի է ընկնում զորախմբերի (բրիգադ) խառը բնույթով, որը ներառում է 19 մոտոհրաձգային, օդագրոհային և 3 լեռնային հետևազորային զորագնդեր, որոնք վերակառուցված են զորախմբերի: 1 կամ 2 հնարավոր մոտոհրաձգային զորախմբերը պատասխանատու են խաղաղապահ պարտականությունների համար:
Ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությունը, բնականաբար, ենթադրում է, որ ադրբեջանական բանակի գրոհային զորախմբերը պետք է տեղակայված լինեին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հետ շփման գծում: Այսպես, 2007-2008 թթ. տվյալներով` Ադրբեջանի բանակը բաղկացած է 5 զորաբանակներից:
Առաջին, երկրորդ և երրորդ զորաբանակները նպատակամիտված են Լեռնային Ղարաբաղի դեմ, չնայած երկրորդ զորաբանակի մի մասը տեղակայված է ադրբեջանա-իրանական սահմանի վրա:
Չորրորդ (Բաքվի) զորաբանակը կոչված է պաշտպանելու մայրաքաղաք Բաքուն և ծովափը:
Հինգերորդ զորաբանակների համալիրը տեղակայված է Նախիջևանում:
Ադրբեջանական զենքի քանակության մասին տվյալները հակասական են և ոչ ստույգ: Բայց կարելի է հաստատապես պնդել, որ Ադրբեջանը շատ զենք ունի, որի գերակշիռ մասը դեռևս սովետական ժամանակաշրջանի մնացուկ է: 2008 թ. հունիսին ռազմական շքերթը, որն առաջինն էր 16 տարիների ընթացքում, մի մեծ ներկայացում էր ադրբեջանական հասարակության համար, որը, սակայն, նաև ցույց տվեց ադրբեջանական զենքի հնությունը:
Մինչև 2000-ական թթ. Ադրբեջանն ի վիճակի չէր պահպանելու թանկ ռազմական տեխնիկան. հրադադարից սկսած` Ադրբեջանի հրետանու թվաքանակը կրճատվել է:
Թեև զենքի պահպանումն ու վերարտադրությունը հիմա բարելավվել է, և Ադրբեջանը խիստ շահագրգռված է Արևմուտքից զենք գնել, բայց այդ հնարավորությունը դեռևս էապես պայմանավորված է էմբարգոներով:
Հաղթահարելով ներքին պարտքերը` Ադրբեջանը 2005 թ. (Իլհամ Ալիևի դեկտեմբերի 16-ի հրամանագրով) ստեղծեց ռազմական արտադրության համար պատասխանատու պաշտպանական արդյունաբերության նախարարություն, որը 2006 թվականից ղեկավարում է Յավեր Թալիբ օղլու Ջամալովը` հայտնի գործարար, Azneft պետական նավթային ֆիրմայի նախկին ղեկավարը:
Նախարարությունը դարձել է շուրջ 30 տարբեր տեսակի փոքր զինատեսակի և զենքի արդյունավետ արտադրող: 66 մլն ադրբեջանական մանաթ (մոտ 78 մլն դոլար) բյուջեով այն կրկնապատկել է զինատեսակների թիվը:
Այս նախարարությունը հիմնված է հատուկ մեքենաշինության և փոխարկման պետական կոմիտեի վրա:
Խորհրդային ժամանակաշրջանում կառուցված գործարանները և «գիտաարտադրական կենտրոնները», որոնք հիմնականում չեն աշխատել, փոխանցվել են նոր նախարարությանը:
Նախարարությունը ներառում է Alov, Avia-agregat, Iglim, Dalga, Sanayejihaz (ավիացիայի և նավաշինության ամենամեծ մատակարարներն են), Azon, Radiozavod, Peyk, Computers (ապահովում են հաղորդակցության միջոցների և ռադիոէլեկտրոնային արդյունաբերության համար արտադրանք), Telemekhanika, Neftgazavtomat, Baku Jihazgayirma (նավթի/գազի արտադրության, զտման և քիմիական արդյունաբերական տեխնոլոգիական գործընթացները մոնիթորինգ անելու համար սարքեր և ավտոմատ համակարգեր), Automatic Lines (արտադրում է ոչ ստանդարտ սարքավորումներ էլեկտրատեխնիկական և մեքենաշինության արդյունաբերության համար) գործարանները:
Պաշտպանական արդյունաբերության նախարարությունն իր գործունեության ուղղությունները տարաբաժանում է հետևյալ ոլորտների. ավիացիա, նավթային արդյունաբերություն, գործիքաշինություն, նավարկություն, հաղորդակցության միջոցներ, ռադիոէլեկտրոնիկա և ընդհանուր ու էլեկտրաշինարարություն:







Facebook
Tweet This
Email This Post
