«Մերը թողած` ինչո՞ւ ենք վազում օտարի hետևից»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | July 26, 2010 13:54

ԱՄՆ-ում Հայ գրողների միության նախագահ գրող, գրաքննադատ Թորգոմ Փոստանջյանը Հայաստան է ժամանել` մասնակցելու ՀՀ գրողների միության կազմակերպած համաժողովին: Այս համաժողովի նպատակը հայ գրողների խնդիրների շուրջ սփյուռքահայ գրողներին համախմբելն է: Իսկ հայ գրողի խնդիրն անապահով պայմաններն են: «Դժբախտաբար, սոցիալական պայմաններն ազդում են գրող-ընթերցող կապի վրա: Սովետական շրջանում գրողը խնդիր չուներ, պետության հովանավորությամբ գիրքը հրատարակվում էր և սպառվում: Այդ տարիներին ընթերցողները շատ էին: Անգամ թերթերն էին անվճար, և Հայաստանի գրողների միության «Գրական թերթը» հրատարակվում էր 100 000 օրինակով, իսկ սպառման խնդրի մասին խոսք լինել չէր կարող: Այսօր նույն թերթը 2000 օրինակով է տպագրվում և չի սպառվում: Բացի այդ, ընթերցողը գրողի պես կանգնել է ֆինանսական խնդրի առջև»,- ասում է Թորգոմ Փոստանջյանը:

Ըստ նրա` երևույթը վտանգավոր և աղետալի է պետության համար: Ավելին` իսպառ բացակայում է միջին խավը, մարդիկ ապրում են կա՛մ ծայրահեղ աղքատ, կա՛մ ծայրահեղ հարուստ պայմաններում: Մինչդեռ խորհրդային շրջանում բոլորը մի սոցիալական մակարդակում էին: «Իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում երևութը կանխելու համար: Այս խնդրի ելքը միայն պետական մոտեցում է պահանջում»,-նկատում է զրուցակիցս: Նա տեղեկացնում է նաև, որ սոցիալական պայմաններից բացի, հայ գրականությունը միջազգային ճանաչման, ինչպես նաև ընթերցողին իր գործերով գրավելու խնդիր ունի: «Ընթերցողների հարցում ես դժգոհելու խնդիր չունեմ: Եթե գրողը գրի այնպիսի գիրք, որը կհետաքրքրի ընթերցողին, հնարավոր չէ, որ այն չսպառվի: Ընթերցողին պետք է ոգևորել»,- ասում է Թորգոմ Փոստանջյանը:

Նրա շնորհիվ է, որ 2009 թ. ՀՀ գրողների միությունն ունի սեփական հրատարակչությունը: «Սփյուռքահայ գրող և իմ լավ բարեկամ Լևոն-Զավեն Սյուրմելյանն իր կտակը վստահել էր ինձ, և նրա մահից հետո ես փոխանցեցի Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին: Նրա բարեհաճ օժանդակությամբ այդ կտակի գումարով գրողների միությունում հիմնվեց սեփական հրատարակչությունը, որը կոչվում է Լևոն-Զավեն Սյուրմելյանի անունով»,- տեղեկացնում է պարոն Փոստանջյանը:

Պարզվում է` Ամերիկայում ապրող մեր հայրենակիցները նույնպես հեռացել են ընթերցանությունից, բայց մեկ այլ պատճառով. ամերիկահայերը հայերեն չեն կարդում: «Շատ գրողներ կան, ովքեր, հայերեն գրելով, չեն կարողանում իրենց գրքերը սպառել, իսկ անգլերենով արագ սպառվում է նրանց գործը: Այսպես թե այնպես նրանք դառնում են ամերիկահայ, ոչ թե հայ գրող»,- ասում է գրողը:

ԱՄՆ-ում Հայ գրողների միությունը 50 անդամ ունի, ամենաերիտասարդ գրողը մոտ 45 տարեկան է: Հետևությունը պարզ է` ԱՄՆ-ում Հայ գրողների միությունը երիտասարդ կադրերի խնդիր ունի:

Գրող Փոստանջյանը ոչ միայն ԱՄՆ-ում հիմնել է Հայ գրողների միությունը, այլև Լոս Անջելեսում բացել է առաջին հայկական դպրոցը: Կարևորելով կրթությունն ու ուսումը` նա չէր կարող շրջանցել Արտաշատում գործող դպրոցներից մեկի խնդիրները, որը, ունենալով 580 աշակերտ, հայտնվել էր անբարեկարգ վիճակում: «Տարիներ առաջ այդ դպրոցը գտնվում էր ծայրահեղ վատ պայմաններում, և իմ համեստ ներդրումով դպրոցը հիմնովին վերանորոգվեց: Որից հետո դպրոցի տնօրինությունն այդ կրթօջախն անվանեց իմ անունով: Վստահորեն կարող եմ ասել, որ այդ դպրոցը դարձել է լավագույններից մեկը: Մեծ հրճվանք եմ զգում ամեն անգամ` տեսնելով, թե ինչպես են հաճույքով այստեղ ուսանում աշակերտներն ու սիրով դասավանդում ուսուցիչները, նման պայմանները նրանց հիասթափեցնելու փոխարեն ոգևորում են: Չէ՞ որ այս աշակերտները մեր երկրի ապագան են: Այս դպրոցը ինձ կանչում է Հայաստան»,- ասում է Թորգոմ Փոստանջյանը:

Ամեն տարի նա այցելում է Հայաստան` տեսնելու` ինչպե՞ս են այստեղ սովորող աշակերտներն, ու ի՞նչ խնդիրներ ունի դպրոցը: Ինչպես բարերարն է նշում, հայրենիքին ցուցաբերած նման օգնությունն իր համար հոգու բավարարություն է: Դրանից բացի, այս վարքագծով նա ցանկանում է օրինակ լինել իր ընտանիքի, երեխաների և թոռների համար և շատ է ցանկանում, որ նրանք ոչ միայն դիմացինին օգնելու շնորհ ունենան, այլև հայրենիքի հետ կապվածությունը նրանց մեջ ամուր լինի: «Երկու տարի առաջ երբ թոռներս այցելեցին Հայաստան, մեծ ցանկություն ունեին տեսնելու դպրոցը, շատ ուրախացան դպրոցի համար կատարած իմ այս նախաձեռնության համար: Այդ այցից հետո թոռներս կապվեցին ոչ միայն դպրոցի, այլև հայրենիքի հետ: Եվ նրանք իրենց փոքրիկ խնայողություններով նույնպես ցանկություն հայտնեցին օգնել դպրոցին, երևույթն ինձ համար հաճելի անակնկալ էր»,- անթաքույց գոհունակությամբ ասում է գրող-բարերարը:

«Ոչ միայն ես եմ իմ առաքելությամբ հայրենասիրություն դրսևորում, այլև Golden Palace հյուրանոցի տնօրեն Սարգիս Ղազարյանը: Առհասարակ հյուրանոցը, լինելով պետության դեմքը, անմիջականորեն կապ ունի պետության հեղինակության հետ: Եվ Սարգիս Ղազարյանի գլխավորությամբ այստեղ արժանանում եմ բարձրակարգ ընդունելության: Ավելին` ինձ հանգիստ և ապահով եմ զգում: Նման մոտեցումը հայրենիքի համար նույնպես մեծ պատիվ է: Եթե Սարգիս Ղազարյանը հայրենասեր չլինի, հյուրերի նկատմամբ բարեկիրթ վերաբերմունք չի դրսևորի: Հավատացե՛ք, այս մոտեցումը նույնպես հայրենասիրության դրսևորում է»,- հայրենիքում ջերմ ընդունելությունից շոյված ասում է Թորգոմ Փոստանջյանը:

Իսկ սփյուռքահայերի մեջ հայրենասիրություն սերմանելու համար նա կարևորում է պետության դերը: Ըստ նրա` սփյուռքը շատ կարևոր ուժ է հայրենիքի համար: «Ժամանակին հրեաները շատ մեծ սփյուռք ունեին, բայց հայրենիք չունեին, և սփյուռքը հայրենասիրության շնորհիվ կարողացավ հայրենիք ստեղծել: Ցավոք, մենք այդպես չենք: Մենք պետք է ուժեղ և միասնական լինենք: Ամեն հայ պետք է մտածի, որ Հայաստանն իր հայրենիքն է: Շատ հայերի անտարբերության պատճառը հայերիս նյութապաշտությունն է, որը մեծ մասի համար դարձել է վերջնական նպատակ, ոչ թե միջոց: Հայերը չեն գիտակցում, որ դրամը ծախսելու համար է»,- ասում է ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցը:

Հայրենիքի խնդիրներով մտահոգ Թորգոմ Փոստանջյանը չի ողջունում օտար դպրոցների մուտքը մեր երկիր: «Ինչպե՞ս կարելի է, մեր հայկական դպրոցների տարրական պայմանների բացակայության գերխնդիրը չլուծելով, իսկ նման դեպքում երևույթը հղի է այն կորցնելու վտանգով, օտար դպրոցներ հիմնելու մասին մտածել: Մերը թողած` ինչո՞ւ ենք վազում օտարի հետևից»,- վերջաբանի փոխարեն իր մտահոգություններն է բարձրաձայնում Թորգոմ Փոստանջյանը, որ շուրջ 10

գեղարվեստական գրքերի և տարբեր գրական աշխատությունների հեղինակ է: Նրա գործերից են` «Մեծերի հետ և մեծերին», «Ականավոր հայ գրական դեմքեր», «Քննադատություն և փաստաթուղթ», «Հրապուրված վանականի օրագիրը» և այլն:

Դիտվել է 2588 անգամ:
Print Friendly

Leave a Reply