«Ռուսաստանի սոխակին՝ Ֆրանսիայի ճնճղուկից…»
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | ankakh | July 22, 2010 12:15
Լեգենդար բաս, վիթխարահասակ, գեղեցկատես, աղմկարար ու ճակատագրից երես առած, ում հաջողությունն ինքն էր կարծես գտնում և ում սիրում էր ողջ Ռուսաստանը…
Իսկ իրականում ամեն ինչ այլ էր…
Մեծ երգիչը ծնվել է Գորկու նկարագրած Կազանի հետնախորշերում, որի փողոցների անուններն արդեն իսկ խոսում էին իրենց մասին: Հայրը՝ Իվան Շալյապինը, գրագիր էր, մայրը՝ լվացք անելով էր ապրուստ հայթայթում: 1873-ի փետրվարի 13-ին նրանք որդի ունեցան: Քանի որ նրանց առաջնեկը մահացել էր մինչ մկրտությունը, երեխային հենց հաջորդ օրը տարան մոտակա եկեղեցի մկրտելու և անվանակոչեցին՝ Ֆեոդոր: Ընտանիքը շուտով ստիպված տեղափոխվեց Օմետևո: Այս տունը հետագայում հաճախ էր հիշելու Ֆեոդորը. «Հիշում եմ մութ երեկոները, մորս մեղմ ձայնը, որ երգում էր աղջկական թախիծի մասին»: Այս գյուղում Շալյապիններն ունեցան ևս երկու երեխա՝ աղջիկ և տղա: Երբ լրացավ տղայի 6 տարին, ընտանիքը կրկին տեղափոխվեց: Ծնողներն աշխատում էին իրենց զավակներին գրագետ դարձնել և Ֆեոդորին տվեցին տարրական ուսումնարան, իսկ երեկոները նա ստիպված էր սևագործ աշխատանք անել` կոշկակարի աշակերտ, ատաղձագործ, կազմարար: Այս տարիքում էր, որ ծնողները հայտնաբերեցին իրենց որդու հրաշալի ձայնը: Նա սկսեց երգել եկեղեցական երգչախմբում: Նրան նկատեցին, ու երեխան հարսանիքներում ու թաղումներում երգելու առաջարկներ ստացավ:
13 տարեկանում պատանու ձայնը սկսեց փոխվել: Նա ստիպված էր երգելը թողնել: Հայրը նրան գրագրի աշխատանքի տեղավորեց: ԱյՆն Ֆեոդորին դուր չէր գալիս, և երբ 15 տարեկանում նա կրկին սկսեց երգել, պատահաբար թերթում նկատեց Կազանի օպերային երգչախմբում ընդունելության մասին հայտարարությունն ու փախավ տնից: Սակայն նրան չընդունեցին, քննությունից կտրվեց, ճակատագրի հեգնանքով նրա մրցակիցը, որին ընդունեցին, 20-ամյա Ալեքսեյ Պեշկովն էր, նույն ինքը՝ Մաքսիմ Գորկին, Շալյապինի մոտ ընկերը: Իհարկե, հետագայում Գորկու երգչական կարիերան չդասավորվեց, երկու ամիս անց նրան երգչախմբից հեռացրին «ձայն չունենալու» պատճառով: Տարբեր սևագործ աշխատանքներ կատարելուց հետո Շալյապինը որոշեց բախտը կրկին փորձել, ու սկսվեց նրա մեծ ուղին դեպի արվեստ:
«Մի անգամ խմբի բարիտոններից մեկը ներկայացման նախօրեին անսպասելի հրաժարվեց մասնակցել: Իսկ խմբում ոչ ոք նրան չէր կարող փոխարինել: Անտրեպրենյորը դիմեց ինձ. կհամաձայնե՞մ արդյոք նրա փոխարեն երգել: Չնայած ծայրահեղ ամաչկոտ էի, համաձայնեցի: Դա շատ հրապուրիչ էր. կյանքում առաջին լուրջ դերն էր: Ես իսկույն սովորեցի պարտիան ու երգեցի: Չնայած դեպքերի այս ընթացքին` միևնույն է, Սեմյոնով-Սամարսկին (ում խմբում աշխատում էր), շատ շոյված էր: Նա բարձրացրեց ռոճիկս 5 ռուբլով և ուրիշ դերեր էլ հանձնարարեց»: Դրան հաջորդած երկու տարին Ֆեոդորը թատերախմբի հետ շրջագայել է՝ ապրելով գրեթե ստրուկի նման:
Երբ մայրը մահացավ, Շալյապինը խնդրեց տիրոջն աշխատավարձը նախապես ստանալ, իսկ նա 25-ի փոխարեն տվեց ընդամենը 2 ռուբլի ու հայտարարեց. «Ամեն մեկի կյանքում էլ մեկն ու մեկը մեռնում է, հետո ինչ»: Սակայն մոր գերեզմանին նա այցելեց արդեն այն ժամանակ, երբ ճանաչված էր, մի բուռ հող վերցրեց ու դրանից չբաժանվեց մինչև կյանքի վերջը:
1892-ին, չսպասելով պայմանագրի ավարտին, Շալյապինը ծածուկ վերցրեց անձնագիրն ու փախավ խմբից: Դեգերումներից հետո հայտնվեց Թիֆլիսում, որտեղ ծանոթ-բարեկամ և միջոցներ չուներ: Չորս օր, առանց կոպեկի, թափառում էր քաղաքում ու քաղցած հայացքով հոշոտում շուկայում դիզված մրգերը: Հինգերորդ օրը զենքի խանութի ցուցափեղկում ատրճանակ նկատեց. պատրաստվեց մտնել ու ձևացնել, թե զենք է ընտրում, սեղմել ձգանն ու հաշիվները մաքրել այս աշխարհի հետ: Սակայն այս պատմության ընթացքը խախտեց ճակատագիրը: Նույն խանութ պատահաբար մտավ նաև դերասան Պոնտին, ում հետ Շալյապինը ծանոթացել էր իր ճամփորդություններից մեկի ժամանակ: Լսելով դժբախտ պատմությունը՝ իտալացին Ֆեոդորին տարավ իր տուն, կերակրեց, հագցրեց ու պահեց մինչև լավ ժամանակները, որոնք երկար սպասեցնել չտվեցին:
Մեկ տարի անց նրա մասին խոսում էր ողջ Թիֆլիսը: Վերդիի «Աիդայի» պրեմիերային ներկա էր քաղաքի սերուցքը, դահլիճը լեփ-լեցուն էր, և հանկարծ որոտաց Շալյապինի ձայնը, այնքան ուժգին, որ բյուրեղապակյա ջահերը սկսեցին զնգզնգալ: Հանդիսականները սկզբում խառնվեցին իրար, բայց հետո դահլիճը թնդաց ծափահարություններից: Նույն օրը երեկոյան թատրոնի տնօրինությունը պայմանագիր առաջարկեց Շալյապինին՝ 150 ռուբլի ռոճիկով: Իսկ կարճ ժամանակ անց նույն թատրոնում կայացավ Շալյապինի բենեֆիսը: Ինչպես ինքն է հիշում. «Ամենաթանկն ինձ համար հասարակ դափնեպսակն էր, որ ուղարկել էր ուսուցիչս ( նախկինում կայսերական թատրոնի երգեցողության դասատու Դմիտրի Անդրեևիչ Ուսատովը). պսակի ժապավենի վրա խոշոր տառերով գրված էր՝ Շալյապինին»: Դահլիճին ուղղված շնորհակալական խոսքում Ֆեոդորն ասաց. «Ես երկու անգամ եմ ծնվել. մեկը՝ կյանքի համար` Կազանում, մյուսը՝ երաժշտության համար՝ Թիֆլիսում»:
Նույն տարում նա տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգ, այնուհետև Մոսկվա, ուր նրան հրավիրեց ռուսական մասնավոր օպերայի տերը՝ միլիոնատեր մեկենաս Սաավա Մամոնտովը. նրա վաղեմի երազանքն էր մաքուր ռուսական օպերա ստեղծել, և այդ նպատակի համար նա չէր խուսափում մեծ ծախսերից. հրավիրում էր քաղաքի լավագույն արտիստներին, երգիչներին, պատվիրում շքեղ դեկորացիաներ ու հագուստներ: Շալյապինն ազատ էր երգացանկի, հագուստի, ձևավորման ընտրության մեջ: Նա հետագայում կգրի. «Կյանքումս առաջին անգամ ինձ ազատ և ուժեղ զգացի, ունակ հաղթահարելու բոլոր խոչընդոտները»: Այս ամենի հետ 1896-ին նրա կյանքում շատ կարևոր իրադարձություն եղավ. ծանոթացավ իր ապագա կնոջ՝ բալետի պարուհի, ծագումով իտալուհի Իոլա Տորնագիի (աղջկական ազգանունը՝ Լոպրեստի) հետ:
1988-ին կայացավ նրանց պսակադրությունը, իսկ 1899-ին ծնվեց նրանց առաջնեկը: Շալյապինը Մեծ թատրոնից հրավեր ստացավ: Նրան ներկայացումներ բեմադրելու իրավունք վերապահվեց: Եվ առաջին իսկ ներկայացումն ընդունվեց այնպիսի բուռն օվացիաներով, ինչպիսիք, երաժշտական քննադատների խոսքով, թատրոնի պատերը վաղուց չէին տեսել: Նրանք գրեցին. «Շալյապինի հայտնությունը խորհրդանշեց ռուսական ազգային օպերայի ստեղծման սկիզբը»: Հաջորդ տարի ծնվեց նրանց առաջին դուստրը, մեկ տարի անց՝ երկրորդ դուստրը: Թվում էր, թե ճակատագիրը բարեհաճ էր Շալյապինի նկատմամբ: Սակայն անսպասելի ամեն ինչ փլուզվեց.1903 թ. բժիշկները Շալյապինի մոտ, ժամանակակից լեզվով ասած՝ թարախային կոկորդաբորբ հայտնաբերեցին: Նրա մասնակցությամբ բոլոր ներկայացումները հետաձգվեցին: Երգիչը երկու անգամ վիրահատվեց. ձայնը կորցնելու վտանգ կար: Հազիվ էր վտանգն անցել, երբ դժբախտություն պատահեց. որդին՝ Իգորը, մահացավ կույր աղու բորբոքումից: Շալյապինը հուսահատությունից ինքնասպանության փորձ կատարեց: Այս վիճակից նրան օգնեց դուրս գալ մի վանամայր, ում խորհրդով էլ Շալյապինը տուն գնեց վանքի մոտ ու տեղափոխվեց այնտեղ: Հենց այս տանը ծնվեց նրանց չորրորդ երեխան՝ Բորիսը: Դրանից մեկ տարի անց ծնվեցին զույգերը՝ Ֆեոդորն ու Տատյանան:
1905 թվականը Շալյապինի համար շրջադարձային էր. ամեն ինչ սկսվեց այն բանից, որ կինը երեխաների հետ մեկնեց Իտալիա՝ հիվանդ մորն այցելելու: Շալյապինը ծանոթացավ իր երկրորդ կնոջ՝ Մարիա Էլուխեն-Պետցոլդի հետ: Վերջինս այրի էր և երկու երեխա ուներ: Ճակատագրական հանդիպումը տեղի էր ունեցել թատրոնում: Տեսնելով երգչին` կինն ինքն իրեն խոստացել էր ամեն գնով ամուսնանալ նրա հետ: Եվ դա նպատակասլաց կնոջը հաջողվեց: Շալյապինի կինը՝ Իոլան, այդ մասին իմացավ միայն այն ժամանակ, երբ ծնվեց Շալյապինի ու Մարիայի դուստրը՝ Մարֆան: Հետո ծնվեց Մարինան, ապա` Դասիան: Ստացվեց, որ նա երկու ընտանիք ուներ, երկու կին. մեկից չէր բաժանվել, իսկ մյուսի հետ ամուսնությունը գրանցված չէր, հետևաբար՝ անվավեր էր: Երգիչն այն օրինականաշնելու խնդրանքով մի քանի անգամ դիմեց Նիկոլայ Երկրորդին, սակայն մերժում ստացավ:
Հոր շնորհիվ բոլոր երեխաները մտերիմ էին, և խանդ չկար նրանց միջև: Մայրերը, իհարկե, իրար տանել չէին կարողանում, սակայն դա երեխաների փոխհարաբերությունների վրա չէր անդրադառնում: Բազմանդամ ընտանիքի հոգսերը երգչին ստիպեցին գլխովին խրվել աշխատանքի մեջ:
Ռուս երգիչներից Շալյապինն առաջինն էր, որ Լա Սկալայից հրավեր ստացավ:
1917 թ. հեղափոխությունը Շալյապինին թողեց առանց կոպեկի: Արտասահմանյան հյուրախաղերից վաստակած գումարները ներդնում էր արժեթղթերում և բաժնետոմսերում: Սակայն Փետրվարյան հեղափոխությունն ամբողջ կապիտալը վերածեց թղթի թափոնի: Ավելին` բոլշևիկները բռնագրավեցին բոլոր արժեքավոր իրերն ու նույնիսկ տունը, փոխարենը «Սովետական Հանրապետության առաջին ժողովրդական արտիստի» կոչում շնորհեցին:
Շալյապինը մեկնելու մասին մտածում էր նաև մինչև հեղափոխությունը.«Մտածում եմ, որ Ռուսաստանում ապրելն ինձ համար այլևս անտանելի է»: Եվ միայն 1922-ին նա վերջնականապես որոշեց հեռանալ երկրից: Նրա հետ էին երկրորդ կինը և գրեթե բոլոր երեխաները: Այնտեղ էլ նա դադար չուներ: Նա քիչ չէր վաստակում և ողջ գումարը պահում էր ամերիկյան արժեթղթերով: Սակայն մի օր, որ հիշարժան է շատ-շատերի համար, սնանկացավ: Նյու Յորքի արժեթղթերի շուկայում այդ օրը կոչվեց «սև ուրբաթ». բազմաթիվ միլիոնատերեր աղքատ դարձան: Ստիպված էր նորից աշխատել: Այդ ժամանակ էր, որ ԽՍՀՄ լուսժողկոմը ձեռնամուխ եղավ հայրենադարձելու Շալյապինին: Սակայն բոլոր հրավերները Շալյապինը հարգալից մերժում էր: Ի վերջո, նրան զրկեցին ժողովրդական արտիստի կոչումից: Միակ բանը, ինչից նա խորապես վիրավորվել էր, Մաքսիմ Գորկու վիրավորական կտրուկ խոսքն էր իր հասցեին: Շալյապինը տխուր ասել էր. «Ես լավագույն ընկերոջս կորցրի»:
1937 թ. Շալյապինի մոտ լեյկեմիա հայտնաբերվեց: Նա իր վերջին համերգը տվեց 1937-ի հունիսի 23-ին, Փարիզի «Պլեյել» համերգասրահում: «Նա նստել էր գահավորակին, հսկայամարմին, ինչպես ծեր առյուծը: Այդպիսի ազնվական վեհություն նրա մեջ մինչ այդ չէի նկատել» Շալյապինի վերջին համերգի մասին գրել է Իվան Բունինը:
1938 թ. ապրիլի 12-ին Շալյապինը վախճանվեց: Նրան թաղեցին Փարիզի Բատինյոլ գերեզմանատանը: Ֆրանսիացիների սիրելի Էդիտ Պիաֆը սպիտակ վարդերով պսակ դրեց նրա շիրիմին, որի վրա գրված էր՝ «Ռուսաստանի սոխակին՝ Ֆրանսիայի ճնճղուկից…»:
«Биография», փետրավար,2009թ.






Facebook
Tweet This
Email This Post
