«Ոսկե ծիրան»-7 -ն այլևս պատմություն է

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | July 21, 2010 13:46

«Ոսկե ծիրանի» փակում. Ատոմ Էգոյանը Ոսկե մեդալ է հանձնում Սերժ Ավետիքյանին

Ավարտվեց «Ոսկե ծիրան» միջազգային երևանյան 7-րդ կինոփառատոնը, ու հայ կինոսեր հանրությունը դժկամությամբ լքեց «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճը՝ մյուս տարի կրկին հանդիպելու անհամբեր սպասումներով:

Իսլանդացի Ֆրիդրիկ Թոուր Ֆրիդրիքսոնի գլխավորած միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրին (կազմը՝ Սեմիհ Կապլանօղլու Թուրքիա, Ռոբ Նիլսոն՝ԱՄՆ, Լեոն Կակոֆ՝ Բրազիլիա և Սերգեյ Լավրենտև՝Ռուսաստան) «Ոսկե ծիրանը» հանձնեց թուրք ռեժիսոր Ռեհա Էրդեմի «Կոսմոս» ֆիլմին:  «Արծաթե ծիրանը» բաժին հասավ  Սերգեյ Լոզնիցայի «Իմ ուրախություն» ֆիլմին:

Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթում  «Արծաթե  ծիրանը» տարավ «5 փղերով կինը» (Վադիմ Ենդրեյկո, Շվեյցարիա-Գերմանիա), իսկ «Ոսկե ծիրանը» բաժին հասավ  «Երկուսով» ֆիլմին (Պավել Կոստոմարով):

Հայկական համայնապատկեր մրցույթում «Ոսկե ծիրանը» ստացավ Արման Երիցյանի և Իննա Սահակյանի  «Հայաստանի վերջին լարախաղացը» (Հայաստան) ֆիլմը, «Արծաթե ծիրանը»`    Կոմս Շահբազյանի «Այստեղ` ներքևում» (Բելգիա, Ֆրանսիա) ֆիլմը: Շահբազյանը բեմում ասաց, որ դեմ է մրցույթներին, սակայն այսօրվանից արդեն դեմ չէ:

Այս մրցույթում հատուկ հիշատակման արժանացավ Նիկոլայ Դավթյանի «Քեռի Վալյա», (Հայաստան) ֆիլմը:

FPRESCI-ի կամ Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի ժյուրիի մրցանակը ստացավ Յասմինա Ժբանիչի «Ճանապարհին» ֆիլմը:  Իսկ ԷԿՈՒՄԵՆԻԿ կամ եկեղեցիների անկախ ժյուրիի մրցանակը հանձնվեց Սուրեն Բաբայանին «Մի նայիր հայելուն» ֆիլմի համար, պատվոգիրը` Ալեքսեյ Պոպոգրեբսկուն՝ «Ինչպես անցավ այս ամառը» ֆիլմի համար:

Այս տարի սահմանված Հրանտ Մաթևոսյանի մրցանակը շնորհվեց Լիտվան ներկայացնող Մարատ Սարգսյանին  «Լեռնավան» ֆիլմի համար, որը լավագույնը ճանաչվեց նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ներկայացրած կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում. այն հնարավորություն կընձեռի ֆիլմին մասնակցելու Մեծ Բրիտանիայի Բրիստոլի կինոփառատոնին:

Ատոմ Էգոյանը Սերժ Ավետիքյանին հանձնեց  մշակույթի նախարարության «Ոսկե մեդալը»:

Փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը գլխավոր հովանավոր Ռալֆ  Յիրիկյանի հետ միասին ազդարարեց փառատոնի վերջը: Ցուցադրվեց Սերժ Ավետիքյանի «Շների կղզին» կարճամետրաժ ֆիլմը, որ Կաննի փառատոնում  արժանացել է «Ոսկե արմավենու»:

Գլխավոր «Ոսկե ծիրանը» գնաց Թուրքիա՝ «Կոսմոս» ֆիլմին

Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար Փարաջանովյան «Թալեր» շնորհվեց հույն ռեժիսոր Թեոդորոս Անգելոպոլուսին, իտալացի կինոաստղ Կլաուդիա Կարդինալեին և Անրի Վերնոյին, որը հանձնվեց նրա որդուն՝ Պատրիկ Մալաքյանին:

Մրցութային անվանակարգերում 2 մլն դրամ դրամային պարգև տրվեց միջազգային խաղարկային ֆիլմին, և մեկական մլն դրամ` միջազգային վավերագրականի և հայկական համայնապատկերի մրցանակակիրներին:

Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, գլխավոր  հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

«Ոսկե ծիրանը» հյուրերի աչքերով

Ի՞նչ է «Ոսկե ծիրանը» մեզ համար և ինչպե՞ս է այն ընկալվում հյուրերի կողմից: Կինոսեր Աննա Խաչատրյանը սիրահարված է «Ոսկե ծիրանին» ու  հետևում է փառատոնին՝ սկսած  2005-ից: «Էդ օրերին Երևանի կենտրոնը, հատկապես կինո «Մոսկվան» ոնց որ մի մեծ մշակութային դրական էներգիայի կենտրոն լինի,- ասում է նա,- չես ուզում էդտեղից դուրս գալ: Հնար ունենայի՝ բակում կգիշերեի:  Ում ասես, որ չես տեսնում էդ օրերին, հնարավորություն ես ունենում շփվելու մարդկանց հետ, ում ֆիլմերը կամ մարմնավորած կերպարները  քեզ համար մեծ արժեք ունեն: Մեծ, շատ մեծ լիցք եմ ստանում»:

Ատոմ Էգոյանը կադրեր է անում կինոփառատոնի փակումից

Այս  օրերին  Երևանի փողոցներում կամ հենց «Մոսկվա»  կինոթատրոնի շրջակայքում կարելի էր հանդիպել Ատոմ Էգոյանին: Նա իր հետ բերել է նախորդ տարիներին փառատոնի ընթացքում նկարահանված և արդեն մոնտաժված կադրեր: Անցյալ տարի նա ասել էր, որ դրանցով ֆիլմ է նկարելու: «Ժամանակի ճնշում չկա այդ ֆիլմի համար,- ասաց նա,- մոնտաժված կադրերը կարող են դիտել ուսանողները, որոնք կմասնակցեն վարպետության դասերին, իսկ ֆիլմը հնարավոր է, որ դեռ 10 տարի նկարեմ՝ ամեն տարի «եփելով» այս թեման»:

Փառատոնի «Երևանյան պրեմիերա» ծրագրի մասնակից լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսին ասում է, որ  «Ոսկե ծիրանը»  նման է շատ փառատոների, բայց միաժամանակ առանձնանում է կինոյի նկատմամբ մարդկանց հետաքրքրվածությամբ: «Բացասականն այն է, որ իմ ինքնաթիռը ժամանել է առավոտյան 4-ին,- ժպտալով ասում է նա,- իսկ փառատոնը գրավեց ինձ այնքանով, որ այստեղ բոլորն իսկապես հետաքրքրված են կինոյով: Ես տեսնում եմ, որ դահլիճները լիքն են, որ մարդիկ այս շաբաթն ապրում են փառատոնով: Իսկ ես նոր եմ գալիս մի փառատոնից, որտեղ ընդունելությունն ու հյուրասիրությունները շքեղ էին, բայց ես զրո ուշադրություն տեսա կինոյի նկատմամբ: Այնտեղ այլևս չեմ գնա»:

Պրեմիերաների ցանկում ընդգրկված էր Զանուսիի  «Փոխայցը», որը ռեժիսորի 70-ականների ֆիլմերի «Ընտանեկան կյանք» (1971), «Քողարկում» (1976), «Հաստատուն գործոն» (1980) դերակատարների  հետագա ճակատագրերի մասին է:

Միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրիի անդամ, բրազիլացի Լեոն Կակոֆը, որ ծագումով հայ է (Լեոն Շատարևյան), ասաց, որ շատ տպավորված է փառատոնի որակով: Նա Սան Պաուլուի միջազգային կինոփառատոնի հիմնադիրն է, որն այս տարի տեղի ունեցավ 34-րդ անգամ: Կակոֆն առաջին անգամ էր Հայաստանում և ասաց, որ կփորձի ամեն տարի գալ: «Այս տեսակ փառատոների ընթացքում բազմաթիվ գաղափարական շփումներ են լինում, և փոխանակություն է կատարվում, որն էլ, ի վերջո, հանգեցնում է բազմազանության,- ասաց նա,- թե չէ, հակառակ դեպքում, աշխարհում կլիներ մի տեսակի կինո»:

Նույն ժյուրիի մյուս անդամ, թուրք  Սեմիհ Կապլանօղլուն ժամանակակից կինոյում հայտնի  սցենարիստ-ռեժիսոր-պրոդյուսեր է:  Այս տարի «Ոսկե ծիրանում»` երևանյան պրեմիերաների ցանկում ներկայացված «Մեղր» ֆիլմը «Ձուն» և «Կաթը» ֆիլմերի հետ ամփոփում է «Յուսուֆ» եռապատումը: Այն ծնողների մինուճար զավակ Յուսուֆի մասին է: Ընտանիքն ապրում է մեկուսի լեռնային վայրում: Շրջակա անտառը խորհրդավոր ու արկածալից տեղ է դառնում Յուսուֆի համար, երբ նա ուղեկցում է հորը: Ֆիլմը ներծծված է թախիծով, ու ամեն տեսարան անհայտի սկիզբ է:

«Այս փառատոնը, ինչպես նաև նմանատիպ այլ փառատոներ, մեկնարկային հարթակ է երիտասարդ ռեժիսորների համար,- ասում է  Կապլանօղլուն,- չափազանց  կարևոր են նաև միջազգային համագործակցության պլատֆորմները, ինչպիսին հայ-թուրքական պլատֆորմն է: Օրինակ` իմ կարիերայի սկզբում ինձ օգնեցին Կորեայի, Ռոտերդամի, Բեռլինի փառատոները, որտեղ ես անհրաժեշտ կապեր հաստատեցի»: Նա ասում է, որ  հարազատություն է զգում Հայաստանում թե՛ մարդկանց, թե՛ մշակույթի, թե՛ պատմության հանդեպ:  «Երանի թե կինոն կարողանար փոխել աշխարհը,- ասում է նա:- Քաղաքական գործիչները երբեք չեն մեղմանա և չեն փափկի: Սակայն մենք, մեր ֆիլմերը, մշակույթը և  արվեստը  միմյանց բաժին հանելով` կարող ենք հասնել այդ վերքի բուժմանն ու միասնությանը»:

Միջազգային խաղարկային ֆիլմեր ժյուրիի նախագհ Ֆրիդրիք Թոուր Ֆրիդրիքսոն

Փառատոնի շրջանակներում շարունակվող հայ-թուրքական կինոպլատֆորմի ընթացքում Սերժ Ավետիքյանն ասաց, որ կինոն ունի իր սեփական լեզուն, որը չունեն քաղաքական գործիչները. «Ես կարծում եմ, որ սահմանները կարելի է  անցնել հենց այդ լեզվով»:

Ֆրանսուհի Քլեր Դենին ասաց, որ  հայկական կինոն մարմնավորում էր Վերնոյը, այժմ շարունակում է Ավետիքյանը: «Ես  շփվել եմ  հայերի հետ Ֆրանսիայում ու Աֆրիկայում, և մտքովս անգամ չէր անցնում, որ առիթ կունենամ լինելու Հայաստանում»,- ասաց նա: Դենին կինոն  համարում է թիմային աշխատանք, որը, որպես  մշակութային առանձնահատկություն, ունի երկու դեմք: «Մի  կողմից`   այն համամարդկայինն է, որը միավորում է բոլորին,  մյուս կողմից էլ`  այն լեզուն է, որով նա ներարկում է իր սիրտը կինոյի մեջ»,- ասաց նա:

Պատրիկ Մալաքյան

Ձախից աջ՝ Ժամ Նշանյան, Լեոն Կակոֆ, Ատոմ Էգոյան

Դիտվել է 1230 անգամ:
Print Friendly

Leave a Reply