Մի քանի դրվագ բնապահպանության նախարարության գործունեությունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | July 25, 2010 13:00

Բնապահպանության նախարարության աշխատակազմը՝ բնապահպանական գործունեություն ծավալելու ազնիվ մղումներով՝ տարեկան մի քանի անգամ այցելում է Հայաստանի այս կամ այն շրջան:

«Անկախի» աղբյուրը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ այդ այցելությունները հիմնված են պարտադրանքի գործոնի վրա. «Եթե չգաք՝ պրեմիայից կզրկվեք»:  Դա լինում է շաբաթ-կիրակի օրերին, որը նրանք  հնարավորություն են ունենում անցկացնել քաղաքից դուրս՝ հայտնի չէ ի՞նչ միջոցների հաշվին:

«Վերջին անգամ գնացել էինք Նոյեմբերյան՝ սաղ աշխատակազմով, մի քանի զիբիլ ենք հավաքել, ռեստորանում կերել-խմել ենք, գիշերն էլ անցկացրել ենք հյուրանոցում,- ասաց «Անկախի» աղբյուրը: – Ավելի լավ չէ՞ր լինի էդ փողը տային իրանց տեղական մարդկանց. թող իրենք էլ էդ գործն անեին»:

Բնապահպանության նախարարության աշխատակազմը մոտ 70-80 հոգի է:

Բնապահպանության նախարարության հասարակայնության բաժնի պետ Արծրուն Պեպանյանը «Անկախի» հետ զրույցում հերքեց այդ տեղեկատվությունը, թե մոտ 15 օր առաջ  այդ նպատակով եղել են Նոյեմբերյանում:  Սակայն նա հաստատեց, որ նախարարությունը նման ակցիա իրականացնում է. «Բայց դա լինում է տարին մեկ-երկու անգամ և հիմնված է կամավոր սկզբունքի վրա, ընդ որում՝ խումբը լինում է մոտ 10-15 հոգի»:

Նոյեմբերյանում գտնվող «Անտառային գիտափորձարարական կենտրոնի» տնօրեն Անդրանիկ  Ղուլիջանյանը «Անկախի» հետ զրույցում կասկած հայտնեց, թե նախարարության աշխատակիցներն այցելել են իրենց շրջան. «Միգուցե ինչ-որ մասնավոր այց է եղել»: Նա ասաց, որ այցելությունը սպասվում է:

Պեպանյանն ասաց, որ Նոյեմբերյան այցելությունը ծրագրված է, որը պետք է լիներ մոտակա օրերին, սակայն դա իրեն անհայտ պատճառներով ձգձգվում է: Նրա տեղեկացմամբ՝ նախորդ տարի նախարարությունն  այցելել է Դիլիջան և Սևան: «Սևան» ազգային պարկում նրանք իրականացրել են ծառատունկ, իսկ Դիլիջան-Հաղարծին ճանապարհին կատարել են աղբահանության աշխատանքներ:

Այս այցելությունները նախատեսված չեն պետական որևէ ծրագրի շրջանակներում, և, կատարված ծախսերը, բնականաբար, չեն կարող արտացոլված լինել որևէ հաշվետվությունում, ի վերջո՝ երևալ բյուջեում, որը հավաքվում է քաղաքացիների վճարած հարկերից:

Նախարարության մամուլի խոսնակն ասաց, որ դա կատարվում է իրենց անձնական միջոցների հաշվին, իսկ «Անկախի» աղբյուրը հերքեց դա, ասելով. «Էդ էր պակաս՝ իմ ջեբից փող դնեի»:

Այս այցելությունների իմաստը, ըստ Պեպանյանի՝ բնապահպանական գործունեություն իրականացնելու՝ լոկոմոտիվի դեր ստանձնած  առաքելությունն  է:

«Մենք ենք դա անում, որ մնացածն էլ մեր օրինակին հետևեն,- ասաց նա: – Բացի այդ, դա նաև մարդկանց մեջ իրենց շրջապատի նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու մշակույթ սերմանելու համար է: Անցյալ տարի Դիլիջանում մեզ էին միացել «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները, և դա նրանց վրա դաստիարակչական ազդեցություն  է ունենում»:

Այն հարցին, թե տրամաբանակա՞ն է արդյոք այն գործառույթը, որ բնապահպանության նախարարության աշխատակիցը՝ անհայտ միջոցների հաշվին, պետք է աղբահավաքությամբ զբաղվի կամ ծառ տնկի, Պեպանյանն ասաց,  թե իր մեջ սովորություն է ձևավորվել՝ ամեն տեղ կռանալ ու աղբը հավաքել: «Հիմի դուք որ ընկերներով մի տեղ եք գնում՝ ուտում-խմում եք, վերջում էդ աղբը հավաքո՞ւմ եք,- հարցնում է նա,- այ հենց այդ աղբն էլ հավաքում ենք մենք»:

Նրա խոսքով՝ այդ գործառույթը պետք է իրականացնի ինչ-ինչ կառույց, որն ինչ-ինչ պատճառներով չի անում. «Իրենց գործը մենք ենք անում»:

Հայաստանի բնապահպանական խնդիրներին քաջատեղյակ նախարարության մի նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ով չցանկացավ ներկայանալ, «Անկախին» ասաց, որ նախարարությունն աղբահավաքությամբ զբաղվելու փոխարեն ավելի լավ կլինի իր աշխատակիցներին ուղարկի  միջազգային գիտաժողովների, իսկ ուղարկած ժամանակ էլ պահանջի, որ գործով զբաղվեն, ոչ թե զբոսնեն:

Նա ասում է, որ բնապահպանությանը նվիրված ցանկացած գիտաժողովի մասնակցելու համար, որին կարող է մասնակցել Հայաստանն ու ներկայացնել իր խնդիրները, պահանջվող թղթաբանությունը պատրաստելու համար այնքան երկար է շրջանառվում նախարարության տարբեր օղակներում, որ պատրաստ լինելու դեպքում ժամկետներն անցած են լինում:

«Իսկ եթե դա լինում է, ասենք, այն ժամանակ, երբ գիտաժողովին պետք է մասնակցի նախարարը, ապա դա վերածվում է տուրիստական այցելության,- ասում է նա: – Ես իմ աչքով եմ տեսել, թե ոնց տեղ հասնելուց հետո նախարարը գիտաժողովում մի կես ժամ նստելուց հետո անհետացել է»:

Նախարարության նախկին պաշտոնյան պնդում է, որ վերին օղակներում ցանկացած գործուղում ընկալվում է ոչ թե որպես աշխատանքային այց, այլ տուրիստական ուղևորություն:

«Այդպես է եղել և՛ նախկին, և՛ ներկա նախարարների օրոք,- ասում է նա: – Օրինակ՝ անցյալ տարվա դեկտեմբերին Կոպենհագենում անցկացված ՄԱԿ-ի «կլիմայի փոփոխությանը»   նվիրված  համաժողովին, որին մասնակցում էին 170 երկրների, այդ թվում նաև՝ Հայաստանի ներկայացուցիչներ,  Բարաք Օբամայի տված աշխատանքային ճաշին, երբ նեղ մակարդակում քննարկվում էին տարբեր խնդիրներ, ներկա չեն եղել երեք երկրների ներկայացուցիչներ, որոնցից մեկը՝ Հայաստանի պատվիրակությունը»:

Նրա խոսքով՝ իրավիճակը նույնն է ոչ միայն բնապահպանության, այլև  բոլոր նախարարություններում:

«Եվ եվրոպական ձևաչափով ընթացող միջազգային կառույցներում ընդունվող այդ բոլոր ոչ հայանպաստ որոշումների պատճառը դա է. աշխատելու փոխարեն զբոսնում են,- ասում է նա: – Իսկ հետո գալիս են ու իրենց արտաքին կապերի պատասխանատուին հրահանգում  հաշվետվություններ պատրաստել. դրանք բոլորը սուտ և սարքած հաշվետվություններ են»:

Դիտվել է 1719 անգամ:
Print Friendly

Leave a Reply