Թուրքիան իրավունք չունի միջամտել Հայոց պատրիարքի ընտրությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | July 21, 2010 13:39

Չնայած Լոզանի պայմանագրով նախատեսվում է Թուրքիայում բնակվող ոչ մահմեդական փոքրամասնությունների` հայերի, հույների և հրեաների իրավունքների պաշտպանություն, այնուամենայնիվ այդ իրավունքները մշտապես ոտնահարվում են թուրքական կառավարության կողմից:

Թուրքիայի հայերը վախենալով իրենց կառավարության զայրույթից հազվադեպ են համարձակվում առարկել իրենց քաղաքացիական իրավունքների հաճախակի ոտնահարումների դեմ: Էլ ավելի վատ է, երբ Ստամբուլի հայերն իրենք են թուրք պաշտոնյաներին երբեմն հրավիրում միջամտելու իրենց համայնքի գործերին` ներքին և անձնական վեճերը լուծելու համար:

Նման կոպիտ միջամտության թարմ օրինակ էր արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի՝ որպես պատրիարքական փոխանորդ ընտրությունը, այն բանից հետո, երբ բժիշկները ախտորոշեցին, որ Պոլսո ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը տառապում է անբուժելի մտագարությամբ:

Վեց ամիս առաջ, երկու տարի ուշացումով, որի ընթացքում պատրիարք Մութաֆյանի անկարողության պատճառով, փաստորեն պատրիարքի աթոռը թափուր էր մնացել, Պոլսո պատրիարքարանի Կրոնական ժողովը դիմեց թուրքական կառավարությանը` թույլտվություն խնդրելով աթոռակից պատրիարքի ընտրություն անցկացնելու համար: Կրոնական ժողովը նշանակեց պատրիարքական ընտրության նախաձեռնող մի մարմին՝ Անկարայից թույլտվություն ստանալուց հետո նման ընտրություն կազմակերպելու համար:

Իրավիճակն էլ ավելի խճճվեց, երբ ընտրության նախաձեռնող մարմինը, գերազանցելով իր լիազորությունները, ինքնուրույն նամակ հղեց թուրքական իշխանություններին` նոր պատրիարք, այլ ոչ թե աթոռակից պատրիարք ընտրելու թույլտվության խնդրանքով:

Այս երկու նախաձեռնություններն էլ միևնույն լուրջ սխալը գործեցին հրավիրելով թուրքական կառավարությանը միջամտել հայ համայնքի կրոնական ներքին հարցերին: Ավելին, աթոռակից պատրիարք ունենալը հակասում էր պատրիարքարանի` գրեթե 600-ամյա ավանդությանն ու սովորությանը` ի տարբերություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Կիլիկիո Կաթողիկոսարանի և Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի: Նաև, նոր պատրիարք ընտրելու խնդրանքը ճիշտ չէր. գործող պատրիարքի կենդանության օրոք նոր պատրիարք չի կարող ընտրվել, քանի որ պատրիարքներն ընտրվում են ցմահ:

Օգտվելով հայ համայնքի ներսում առկա տարաձայնություններից, թուրքական կառավարությունը վերջապես հունիսի 29-ին պատասխանեց դիմումին` թույլատրելով փոխանորդի, այլ ոչ թե աթոռակից պատրիարքի կամ նոր պատրիարքի ընտրություն: Իրենց այս քայլով թուրքական իշխանությունները ոտնահարեցին հայ համայնքի կրոնական իրավունքները, և դժբախտաբար դա արեցին հայ համայնքի իսկ խնդրանքով:

Թույլատրելով, որ պատրիարքարանը ներկայացվի փոխանորդի մակարդակով, թուրքական կառավարությունը թուլացրեց այդ պատմական հաստատության կարգավիճակը, քանի որ պատրիարք Մութաֆյանը տառապելով մտավոր, այլ ոչ թե ֆիզիկական անկարողությամբ, կարող է դեռ երկար տարիներ ապրել, իսկ այդ ընթացքում պատրիարքարանը կառաջնորդվի միայն փոխանորդի կողմից: Այսպիսի պատահականությունը ծառայելու է Թուրքիայի շահերին, որը մշտապես ձգտել է ձուլել հայերին բյուրոկրատական արգելքներով` զրկելով նրանց կամքի ազատ արտահայտությամբ ընտրված և ունակ հոգևոր առաջնորդից:

Կառավարության հրամանագրից հետո, 48 ժամվա ընթացքում արքեպիսկոպոս Աթեշյանը, որը փաստացի ղեկավարում էր պատրիարքարանը` որպես 26 անդամ ունեցող Կրոնական ժողովի նախագահ, ժողով հրավիրեց և միաձայն ընտրվեց որպես փոխանորդ: Որևէ այլ կղերականի հնարավորություն չտրվեց առաջադրել իր թեկնածությունն այդ պաշտոնում:

Մինչ աշխարհասփյուռ հայությունը լուռ էր` բացառությամբ Գերմանիայի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանի, Ստամբուլի մի քանի խիզախ հայեր համարձակվեցին իրենց բողոքի ձայնը բարձրացնել: Ընտրության նախաձեռնող մարմինը, որը լուծարվեց թուրքական կառավարության կողմից, դատական հայց ներկայացրեց ընդդեմ Անկարայի որոշման` պահանջելով նոր պատրիարքի ընտրություններ, այլ ոչ թե փոխանորդի:

Ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում: Թուրքիայից դուրս գտնվող կրոնական և աշխարհիկ հայ ղեկավարները պետք է բողոքի իրենց ձայնը բարձրացնեն հայ եկեղեցու ներքին գործերին թուրքական իշխանությունների անհարկի միջամտության դեմ, որը Լոզանի պայմանագրի խախտում է:

Շատ կարևոր է, որ Թուրքիայի հայերը համախմբվեն ու հայտարարեն, որ փոխանորդի պաշտոնը ժամանակավոր միջոցառում է, այլ ոչ թե երկարաժամկետ լուծում: Առանց Անկարայից թույլտվություն հարցնելու, հայ համայնքը պետք է կազմակերպի աթոռակից պատրիարքի նոր ընտրություն, որն այնուհետև կդառնա պատրիարք, ներկայիս անկարողությամբ տառապող պատրիարք Մութաֆյանի վախճանումից հետո:

Արդյոք հայ համայնքը կորոշի ընտրել նոր պատրիարք կամ աթոռակից պատրիարք, դա միայն իր գործն է և ոչ թե թուրքական իշխանությունների: Կարևոր է, որ Ստամբուլի հայ համայնքը համախմբվի մեկ ընդհանուր դիրքորոշման շուրջ և խուսափի հավելյալ պառակտումից: Եթե տեղական հայ համայնքը դառնա միասնական և ստանա աշխարհի հայության և ոչ հայերի աջակցությունը, ապա թուրքական կառավարությունը, որը պարծենում է իր աշխարհիկ ու ժողովրդավարական վարչակարգով, հարկադրաբար կզսպի իր քաղաքական միջամտությունը հայ փոքրամասնության կրոնական գործերին:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Դիտվել է 1144 անգամ:
Print Friendly

Leave a Reply