Իրանում 20 հոգու կախաղան են հանել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 6, 2009 20:52
Թեհրանից ոչ հեռու գտնվող Rajaie Shahr բանտում շաբաթ օրը կախաղան են հանվել թմրանյութերի առեւտրով զբաղվող 20 հանցագործներ. այդ մասին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:
Դատավճիռն ի կատար է ածվել Թեհրանից ոչ հեռու գտնվող Քարաժ քաղաքում: Բոլոր հանցագործները, որոնք եղել են 35-ից մինչև 48 տարեկան, ձերբակալվել էին վերջին հինգ տարվա ընթացքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրանց կալանավորման ընթացքում առգրավվել էր 700 կգ թմրանյութ, այդ թվում` հերոին, կոկաին և ափիոն:
Իրանում զգալիորեն ավելացել է մահվան դատավճիռների թիվը. տարեսկզբից ի վեր այս երկրում գրանցվել է 162 մահապատիժ այն դեպքում, երբ ամբողջ 2008 թ՟-ի ընթացքում դրանց թիվը եղել է 246:
Իրանում մահապատիժ է սահմանված սպանության, բռնաբարության, զինված կողոպուտի, թմրանյութերի առևտրի, ինչպես նաև ամուսնական դավաճանության համար:
Եվրամիությունը դատապարտել է հերթական մահապատժի իրականացումն Իրանում. այդ մասին ասված է Եվրամիությունը նախագահող Շվեդիայի հայտարարության մեջ: «Շվեդական նախագահությունը շարունակում է պնդել, որ Իրանի իշխանությունները լիովին հրաժարվեն մահապատժի կիրառումից, իսկ մինչ այդ մահապատիժների նկատմամբ մորատորիում սահմանել, ինչպես որ պահանջում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերը».նշվում է փաստաթղթում:






Facebook
Tweet This
Email This Post
