Դիմիտրիս Խրիստոֆիաս. «Հայաստանը կարող է Կիպրոսին դիտել որպես Եվրամիությունում իր դեսպանորդը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 6, 2009 20:43

Դիմիտրիս Խրիստոֆիաս-Սերժ ՍարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` այսօր երկօրյա պետական այցով Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը տիկնոջ` Էլսի Խրիստոֆիայի հետ:

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Դիմիտրիս Խրիստոֆիասի առանձնազրույցը:

Նախագահ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել Կիպրոսի ժողովրդին` հայերի նկատմամբ ցուցաբերած դրական վերաբերմունքի համար: Իսկ Կիպրոսի նախագահն ասել է, որ նրանք հարստացնում են Կիպրոսի մշակութային խճանկարը: «Կիպրոսը բազմամշակութային երկիր է, կիպրահայերը դրա բաղկացուցիչ մասն են: Մենք ձգտում ենք, որ նրանք չկորցնեն իրենց ինքնատիպությունը»,-ասել է Խրիստոֆիասը:

Երկու երկրների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը` նախագահների մասնակցությամբ:

Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Սարգսյանն ասել է, որ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորություններն են քննարկվել նախագահ Խրիստոֆիասի հետ, նաև կարծիքներ փոխանակվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ, որոնցից շատերի վերաբերյալ կողմերն ունեն նմանատիպ դիրքորոշում:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև ԵՄ Արևելյան Գործընկերության շրջանակում Հայաստանի հետ իրականացվելիք ծրագրերին և ասել, որ Հայաստանն այդ ձևաչափում ևս ակնկալում է Կիպրոսի հետ արդյունավետ համագործակցություն:

Կիպրոսի նախագահը վերահաստատել է իր երկրի պատրաստակամությունը` աջակցելու Հայատանին ԵՄ կառուցներում և ԵՄ-ի տարածաշրջանային համագործակցության ծրագրերում.« Միգուցե իմ խոսքը վերամբարձ հնչի, բայց Հայաստանը կարող է Կիպրոսին դիտել որպես Եվրամիությունում իր դեսպանորդը»,- ընդգծել է նախագահ Խրիստոֆիասը:

Կիպրոսի նախագահն ասել է, որ հայ-կիպրական հարաբերություններն այնքան ջերմ են, որ իր գլխավորած պատվիրակությունն այստեղ իրեն զգում է ինչպես տանը:

Մինչև Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի ուղեկցությամբ Կիպրոսի նախագահն ու առաջին տիկինը հյուրընկալվել են Վեհարանում, որտեղ նրանց ողջունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ -ն:

Ամենայն Հայոց կաթողիկոսը Կիպրոսի նախագահին որպես հիշատակ ընծայել է Գեղարդի մանրակերտը: «Գեղարդը խորհրդանշում է հաղթանակը: Դրա մանրակերտը փոխանցելով հարգարժան նախագահին` իմ մաղթանքն է, որ հաղթանակն ուղեկցի Կիպրոսի հավատակից մեր եղբայրներին և Կիպրոսի Հանրապետության հարգարժան նախագահին»,-ասել է Վեհափառ հայրապետը:

Խրիստոֆիասն իր հերթին Գարեգին Բ կաթողիկոսին է նվիրել խաղաղության խորհրդանիշ ձիթենու տերևների ու անուշահոտ ծաղիկների համար նախատեսված արծաթե փոքրիկ սրվակներ:

Իսկ Հայաստանի և Կիպրոսի Հանրապետությունների առաջին տիկինները` Ռիտա Սարգսյանը և Էլսի Խրիստոֆիան, այսօր այցելել են Երևանում գտնվող աուտիզմով հիվանդ երեխաների դպրոց: Նրանք ներկա են գտնվել դպրոցում անցկացվող պարապմունքներին և ծանոթացել երեխաների հետ:

Դիտվել է 1151 անգամ:
Print Friendly

Leave a Reply