Գայլաձորի ապագան անհայտ է. իշխանությո՞ւնն է ստում, թե՞ հասարակությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | July 20, 2010 18:02

Մարտունու տարածաշրջանի բնակիչները Գեղարքունիքի մարզպետին 10 օր ժամանակ են տվել` Արգիճիի վտակ Գայլաձորի հունի փոփոխման խնդիրը լուծելու համար, այլապես իրենք պայքարի դուրս կգան:

Մարտունու Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Վաղաշեն, Գեղհովիտ, Մադինա գյուղերի բնակիչները դեռ հուլիսի 19-ին մի քանի ժամով փակել էին Երևան-Վարդենիս մայրուղու Ներքին Գետաշենի հատվածը, որտեղով հոսում է Արգիճին:  Մարզպետ Նվեր Պողոսյանի  հետ բանակցություններից հետո բնակիչները ճանապարհը բացել են երթևեկության համար, սակայն վստահեցնում են, որ եթե խնդիրը ժամանակին լուծում չստանա, նորից կփակեն ճանապարհը:  «Այդքան էլ չենք հավատում, որ մարզպետը կկարողանա հարցը լուծել, բայց ժամանակ ենք տվել:  Եթե 10 օրից հարցը լուծում չունենա, մենք էլի բողոքի դուրս կգանք, կփակենք ճանապարհը»,- ասում է Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, բողոքի ակցիայի մասնակից Պայծառ Աղաբաբյանը` հավելելով, որ պայքարում են բոլորը` երեխաները, կանայք, ծերունիները:

Մայիսի վերջերից սկսած բնապահպանները և Մարտունու տարածաշրջանի 5 համայնքերի բնակիչներն անընդհատ ահազանգ են հնչեցնում, որ ապօրինի աշխատանքեր են իրականացվում` Արգիճիի վտակ Գայլաձորի հունի փոփոխման ուղղությամբ` գետի հունը ուղղում  են դեպի  Վայոց Ձորի մարզ`  Աղնջաձոր համայնքին ոռոգման ջրով ապահովելու, ինչպես նաև գետի վրա հէկ կառուցելու համար:  Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լիաննա Ասոյանն ասում է, որ ջրի հոսքը դեպի Վայոց Ձոր ուղղելը նպատակաուղղված է` այնտեղ տեղանքի թեքությունը մեծ է և արագահոս ջուրը արդյունավետ   կաշխատեցնի հէկ-ը:

Գավառի Օրհուս կենտրոնն անգամ քննարկում կազմակերպեց  տուժող համայնքերի և  մարզպետարանի ներկայացուցիչների, նաև բնապահպանների մասնակցությամբ , որից հետո 5 համայքների բնակիչները նամակ ուղարկեցին ՀՀ նախագահին` ուշադրությունը հրավիրելով ստեղծված իրավիճակին: «Ունենք նամակի բոլոր ստացականները, սակայն դեռևս որևէ պաշտոնական արձագանք չենք ստացել»,- ասում է Լիանա Ասոյանը:

Պայծառ Աղաբաբյան, Գագիկ Թադևոսյան

Հուլիսի 8-ին նախարարությունը հերքեց գետի հունի փոփոխման մասին լուրերը` նշելով, որ Գայլաձորի  վրա  բոլոր աշխատանքերը դադարեցված են: Սրան հակառակ տարածքի բնակիչները ահազանգում են, որ նախարարության հայտարարությունից հետո շարունակվում են աշխատանքերը Վայոց Ձորի մարզում:   Պայծառ Աղաբաբյանը նշում է, որ մի քանի օր առաջ է այցելել շինարարության վայր` Գեղարքունիքի մարզում շինարարական աշխատանքերն ավարտված են` կառուցվել է   2 ջրահավաք ավազան, անցկացվել են խողովակաշարեր, իսկ Վայոց Ձորում էլ աշխատանքերի ծավալը կրկնապատկվել է, եթե նախկինում 2 մեքենա էր աշխատում, ապա այժմ դրանց թիվը հասել է 4-5-ի:

Բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը հերքում է լուրերը, որ Գայլաձորի հունը փոխելու ուղղությամբ աշխատանքեր են ընթանում: «Որևէ գետի հուն փոխելու որոշում չկա»,- ասում է նա: Մկրտչյանի  խոսքով` ընթացել են դեռևս անցած դարի 50-ականներին  Գայլաձորի վրա կառուցված ջրատարի վերանորոգման աշխատանքեր, որը ոռոգման ջուր է մատակարարում Վայոց Ձորի Աղնջաձոր համայնքին: «Քանի որ նախարարությանը տեղյակ չէին պահել վերանորոգման աշխատանքերը սկսելու մասին, նրանց աշխատանքը կասեցվել է մինչև տեսչական եզրակացություն ունենալը»,- ասում է Մկրտչյանը` հավելելով, որ բնապահպանական տեսչության աշխատակիցները վերահսկում են իրավիճակը և հնարավոր չէ, որ այնտեղ որևէ աշխատանք  ընթանա:

Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Կարեն Պապոյաննը հերքում է նաև հէկ-ի կառուցման մասին լուրերը: Նրա խոսքով` ընդամենը Աղնջաձորի համայնքապետարանը դիմել է «Զանգեզուր էքսիմպ»  ընկերությանը` համայնքին ոռոգման ջուր մատակարարող ջրագիծը նորացնելու պահանջով: «Շինարարությունը սկսել են առանց իմանալու, որ դրա համար թույլտվություն է պետք»,- ասում է Պապոյանը` նշելով, որ առաջիկայում բնապահպանության և քաղաքաշինության նախարարությունները պետք է փորձագիտական եզրակացություն տան, որից հետո միայն շինարարությունը կթույլատրվի կամ կարգելվի: Պապոյանն ասում է, որ նախկինում ջրագիծը ունեցել է 87 լիտր/վայրկյան տարողություն, ինչը բավականացրել է Աղնջաձորի պահանջները, ուստի ամենայն հավանականությանմբ ապագայում էլ ջրագիծը նույն տարողունակությունը կունենա:

Ձախից` բնապահպաններ Քնարիկ Հովհաննիսյան, Հասմիկ Ասլանյան

Աղնջաձորի գյուղապետ Ահարոն Գաբրիելյանը ևս հաստատում է, որ իրենք դիմել են «Զանգեզուր էքսիմպ» ընկերությանը` ջրագիծը վերանորոգելու համար: Նրա խոսքով` այն վերջին 15 տարիներին նորմալ չի գործում մաշվածության և խցանումների պատճառով:  «Մենք չէ, որ պիտի թույլտվություն ստանայինք: Ընկերությունը աշխատանքերը սկսել է առանց թույլտվության և աշխատանքերը կասեցրել են»,- ասում է Գաբրիելյանը:

Տիկին Պայծառը նշում է, որ Արգիճիի ամառային հոսքի մոտ 40 տոկոսը ապահովում է Գայլաձորը և վտակի հունի փոփոխության դեպքում պարզապես Արգիճիի ջրով  հողերը ոռոգող համայնքերը կզրկվեն ջրից: «Գյուղացու երեխայի կերածը կարտոֆիլ և կաղամբ է: Ջուրը կտրեն, գյուղացու երեխան սոված կմնա,- ասում է Պայծառը,-վաղը զինվոր եմ տալու հայոց բանակին, բայց սոված փորով ի՞նչ զինվոր»:

Աղաբաբյանը նշում է, որ  իրենք կարողանում են մշակել իրենց  հողերի 30 տոկոսը  միայն, իսկ ջրի հոսքը փոխելու դեպքում այլևս դա էլ չեն կարողանա մշակել: «Մեզ մոտ  ամռանը մարդիկ բահով ու քլունգով իրար հետ կռիվ են տալիս ջրի համար. կյանքի հարց է»,- ասում է տիկին Պայծառը:

ԱԺ բնապահպանական հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Թադևոսյանն ասում է, որ   Գայլաձորի հունի փոփոխությամբ  ջրազրկվում է Սևանը, ինչը  հակասում է «Սևանի մասին» օրենքին, Հայաստանի «Ջրային օրենսգրքին», ինչպես նաև ՄԱԿ-ի «Անապատացման  դեմ պայքարի մասին»  կոնվենցիային, որին միացել է նաև Հայաստանը:  Թադևոսյանն ասում է, որ Սևանից են սնվում Հայաստանի աղբյուրների 60-70 տոկոսը, այդ թվում և հանքային ջրի աղբյուրները: Նա նշում է, որ 90-ականներին, երբ կտրուկ իջավ  Սևանի մակարդակը, համեմատաբար ցամաքեցին նաև Բջնիի աղբյուրները, իսկ Սևանի մակարդակի բարձրացումից հետո նորից ջրառատ դարձան: Նրա խոսքով` Սևանի հետ անմիջական կապ ունեն նաև Արզնիի, Գառնիի, Նուռնուսի աղբյուրները:

ՄԱԿ-ի փորձագետ , բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանը  մատնանշում է, որ Արգիճին Սևան լցվող ամենասառնորակ, ամենաջրառատ և ամենաերկար գետն է, և  այստեղ է ձվադրում Կարմիր գրքում գրնցված իշխանը, ինչպես նաև բազմաթիվ այլ ձկնատեսակներ: «Այսօր մենք էներգետիկայի պակաս չունենք, այլ ունենք մարդկային, ջրային և հողային ռեսուրսների պակաս: Գետի հունի փոփոխությամբ թույլ ենք տալիս, որ հազարավոր հեկտար հողեր  առանց ոռոգման մնան և էռոզիայի ենթարկվեն, ինչին  կհաջորդի անապատացման վտանգը»,- ասում է Հովհաննիսյանը:

«Շողեր»  ՀԿ նախագահ Հասմիկ Ասլանյանն էլ ասում է, որ այսպիսով մարդկանց զրկում են ապրելու իրավունքից: Նրա խոսքով,  եթե  Գայլաձորի հունը փոխվի, ապա դա կբերի լայնածավալ արտագաղթի:

Լիանա Ասոյանն ասում է, որ Աղնջաձորի 270 հա /Աղնջաձորի գյուղապետի խոսքով իրենք ունեն փաստացի ոռոգվող 110  հա հող, մնացածը հողեր են, որ կարող են ոռոգվել / հողերը ոռոգելու համար 30 հազար բնակիչ և 6500 հա հող մնում է առանց ջրի և ոռոգման: «Փաստորեն ջուրը կտրում են հայ գյուղացուց և ուղղում Ադրբեջան /Արփան Նախիջևանում միախառնվում  է Արաքս գետին/»,- ասում է Ասոյանը:

Բնապահպանները դեմ են նաև հէկ-ի կառուցմանը: Ըստ բնապահպանների, անգամ  եթե Գայլաձորի հունը չփոխվի և սոցիալ-տնտեսական խնդիրներ չառաջանան, միևնույն է, հէկ-ի կառուցումը կազդի Սևանի վրա` խոչընդոտելով իշխանի ձվադրմանը:

2001-ին ընդունված Սևանի մասին օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է, որ «Կենտրոնական, անմիջական  և ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սևանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն:

Ստացվում է, որ խնդրի շահագրգիռ կողմերից յուրաքանչյուրը մի բան է պնդում: Եթե բնակիչները և մի խումբ բնապահպաններ պնդում են, որ գետի հունն է փոփոխվում և աշխատանքները գրեթե ավարտված են, ապա բնապահպանության նախարարությունը հերքում է սա, պնդելով, որ ընդամենը դեպի Աղնջաձոր ոռոգման ջուր մատակարարող ջրագիծն է վերանորոգվել առանց համապատասխան թույլտվության, ինչը կասեցվել է: Նախագահին առընթեր Սևանի հիմնախնդիրներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահի օգնական Յուրի Ջավադյանն էլ նշում է, որ իրենք պարզել են, որ նախարարությունը սխալ թույլտվություն է տվել` Աղնջաձորի հողերի ոռոգման համար պետք է ընդամենը 25լիտր/վայրկյան թողունակություն ներկայիս 87-ի փոխարեն:

Իսկ իրականության խեղաթյուրմանը նպաստում է նաև այն, որ տեղանքը դժվարհասանելի է. Գայլաձորի հունին հասնելու համար մեքենայով լեռները բարձրանալուց բացի մի քանի կմ էլ պետք է ոտքով անցնել:

Դիտվել է 4616 անգամ:
Print Friendly

Leave a Reply