Շ. Քոչարյան. «Ալմաթիի հայտարարու-թյունն առաջընթաց էր ԼՂ հակամարտության լուծման բանակցային գործընթացում»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 20, 2010 15:56

Ալմաթիի հայտարարությունն առաջընթաց էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բանակցային գործընթացում: Այս մասին «ԱՐ» հեռուստաընկերության «Ճանապարհ» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով հուլիսի 17-ին ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների` Ռուսաստանի ԱԳ նախարար Ս.Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշների եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի` Ալմաթիում տարածած համատեղ հայտարարությանը:

Ըստ նրա` այդ հայտարարությունը շատ հստակ արձանագրեց, որ այն, ինչ առ այսօր հայտարարել էին Ադրբեջանում ամենաբարձր մակադակով, ոչ այն ինչ է, քան աղավաղում այն գործընթացի, այն բանակցությունների ընթացքի, որը կա: Բոլոր դրույթներով այդ հայտարարությունն Ադրբեջանին հորդորում է հետ գալ կառուցողական դաշտ եւ վերջ տալ այդպիսի միակողմանի աղավաղումներին:

«Մենք կարող ենք բազմաթիվ հայտարարություններ հիշատակել, որոնք արվել են ադրբեջանական իշխանության կողմից, այս հայտարարությունը հստակ ցույց տվեց, որ բոլոր նախորդ աղավաղումները որեւէ հիմք չունեն»,- ասել է փոխնախարարը: Ի պատասխան այն հարցին, թե ինչու տեղի չունեցավ հնգակողմ հայտարարություն, քանի որ դրա բացակայության համար կողմերը մեղադրում են միմյանց` Շ Քոչարյանը նշել է, որ այդ հայտարարությունը հակասում է հենց Ադրբեջանի կողմից արված հայտարարություններին, որտեղից էլ կարելի է ենթադրել` ում ձեռնտու չէր, որ լինի հնգակողմ հայտարարություն: «Դա բավարար է դատելու համար:

Խնդիրն այլ դաշտում է. ինչպե՞ս իրեն այսուհետ կպահի Ադրբեջանը` կշարունակի՞ յուրովի մեկնաբանությամբ առանձնացնել մեկն այն սկզբունքներից, որոնք կողմերը որպես հիմք են ընդունել բանակցությունների համար, թե՞ վերջապես դուրս կգա կառուցողական դաշտ, որտեղ էլ խնդիրը հնարավոր կլինի կարգավորել:Հայտարարության մեջ շատ հստակ նշվեց, որ ներկա վիճակն արդյունք է ուժային լուծումների փորձերի: Սա միանշանակ հասցեագրված է Ադրբեջանին: Մենք հստակ գիտենք պատմությունը: Ադրբեջանը անընդհատ` ճիգեր է գործադրում ապացուցելու, որ, իբր, ամեն ինչ հակառակն է եղել. ոչ թե ինքն է ագրեսոր, որը լայնածավալ ագրեսիա սկսեց հենց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, այլ փորձում է ապացուցել, որ սա ընդամենը տարածքային վեճ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Խնդիրն այն է` Ադրբեջանը, իրոք, ցանկանու՞մ է հարցի կարգավորում, թե՞ իրականում օգտագործում է այս ամբողջ բանակցային գործընացը որպես քող իր` իրականությունից կտրված ցանկությունները որպես բանակցությունների առարկա ներկայացնելու համար կամ նա, իրոք, հասկանու՞մ է, որ եթե հարց է պետք լուծել, ապա պետք են որոշակի փոխզիջումներ, թե՞ միակողմանի շարունակելու է դնել հետեւյալ հարցադրումը` կամ ամեն ինչ կամ ոչինչ, կամ ամեն ինչ կամ պատերազմ»,- ընդգծել է Շ. Քոչարյանը:

Ըստ նրա` թե բանակցությունների ապագան ինչպիսին կլինի, կախված է Ադրբեջանի դիրքորոշումից: «Եթե Ադրբեջանը շարունակում է այդ նույն ոճը, նշանակում է` ամեն ինչ անում է, որ պահպանվի առկա ստատուս քվոն: Եթե ինքը փորձի, այնուամենայնիվ, գնալ փոխզիջումների, այդ դեպքում կառաջանա որակապես այլ վիճակ, որտեղ կարելի է խոսել ընդհանուր ելքերի մասին: Այսօր, կարծում եմ, դրա մասին վաղ է խոսել, քանի մենք չենք տեսնում Ադրբեջանի կողմից իրական մոտեցում`ուղղված հարցի խաղաղ կարգավորմանը»,- շեշտել է փոխնախարարը: Ըստ նրա` դիվանագիտական կանոնների տեսակետից` հայտարարությունը շատ կոշտ էր եւ հստակ հասցեագրված: «Բնական է, որ ադրբեջանական սցենարին ոչ ոք չի գնա:

Միամիտ չկա. ոչ Լեռնային Ղարաբաղի, եւ ոչ էլ Հայաստանի Հանրապետությունը չի գնա դրան: Հենց ստատուս քվոյի պահպանման համար աշխատում են ոչ միայն հայկական պետությունները, այլ հենց Ադրբեջանը` իր այս կեցվածքով; Իսկ այն, որ իր բոլոր մեղքերի համար Ադրբեջանն անընդհատ փորձում է մեղադրել հայկական կողմին, նորություն չէ: Ինքն է սկսել ագրեսիան, փորձում է մեզ ագրեսոր անվանել, էթնիկական զտումների քաղաքականությունն ինքն է սկսել, փորձում է մեզ մեղադրել: Եղան Սումգայիթի, Բաքվի, Խոջալուի ջարդերը: Քանի որ փաստերն Ադրբեջանին ձեռնտու չեն, նրան մնում է մեկ բան` սուտ եւ սպառնալիք տարածել: Եթե մենք ուղղակի ուշադրություն ենք դարձնում ադրբեջանական կողմի հայտարարություններին, ապա նրանք կողմ են այդ բոլոր սկզբունքներից միայն մեկին` տարածքային ամբողջականությանը, այն էլ` իրենց յուրովի մեկնաբանությամբ: Իրենք իրենց պատասխանն այս հայտարարությամբ ստացան. պետք է առաջ գնալ այս բոլոր սկզբունքների հիման վրա»,- ասել է Շ. Քոչարյանը:

Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply