Աշխատանքի պետական տեսչությունը հայտնաբերել է 422 չգրանցված աշխատող

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 20, 2010 11:30

Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի պետական տեսչությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ստացել է 193 դիմում-բողոք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց տեսչության պետի տեղակալ Արմեն Սմբատյանը, տեսչությունը բոլոր դիմումներին պատասխանել է:

Տեսչությունն առաջին կիսամյակում հիմնարկ-ձեռնարկություններում իրականացրել է 181 ստուգում, որի արդյունքում հայտնաբերվել են գործատուների կողմից թույլ տրված մի շարք խախտումներ: Ա. Սմբատյանի խոսքով, իրենց աշխատակիցներն ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել են 422 չգրանցված աշխատող: Ըստ նրա` օրենքով սահմանված կարգով նրանց բոլորի հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր: Ա. Սմբատյանի խոսքով, թաքնված զբաղվածության դեպքերը հաճախ հանդիպում են ոչ պետական հիմնարկներում:

Տեսչության աշխատակիցների կողմից գործատուների մոտ հայտնաբերվել են նաեւ աշխատավարձի, արտաժամյա աշխատանքի փոխարեն չվճարման կամ սխալ հաշվարկման դեպքեր եւ այլն: Աշխատանքի պետական տեսչությունն աշխատանքներ է իրականացրել նաեւ հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Առաջին կիսամյակում կազմակերպվել է 93 ուսուցողական սեմինար, որից 27-ն անցկացվել է Երեւանում, 66-ը` մարզերում:

Սեմինարներին մասնակցել են 700-ից ավելի գործատուներ եւ աշխատակիցներ: Հասարակության տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով տեսչությունը հրատարակել է տեղեկատվական բուկլետներ, որոնք տարբեր միջոցներով տրամադրվում են մարդկանց: Բուկլետներում ներկայացված են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված այն իրավունքները, որոնց վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով մարդիկ հաճախ են դիմում տեսչություն:

Դիտվել է 1374 անգամ:
Print Friendly

Leave a Reply