Մայրաքաղաքի ասֆալտապատման աշխատանքները` նոր տեխնոլոգիայի կիրառմամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 20, 2010 10:48

Երևանի փողոցներն այսուհետ կասֆալտապատվեն եվրոպական տեխնոլոգիաների կիրառմամբ: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքում ասֆալտապատման ընթացքում արդեն օգտագործում է «Շմա»  կոչվող եվրոպական նոր ու ժամանակակից տեխնոլոգիան. մայրաքաղաքի 2 փողոցներ ասֆալտապատվում են այս եղանակով: Նոր մեթոդի առավելությունը ասֆալտբետոնե ծածկույթի դիմացկունությունն ու երկարակեցությունն է: Մասնագետները վստահեցնում են, որ նոր մեթոդով ասֆալտապատումը շահագործման 15 տարվա երաշխիք է տալիս:
Վերը նշված տեխնոլոգիայով մայրաքաղաքում այսօր արդեն ասֆալտապատվում է 7000 քմ մակերես: Ներկայումս աշխատանքներն ընթանում են Իսահակյան փողոցի Բաղրամյան-Մաշտոց հատվածում: «Գիտության, նոր տեխնոլոգիայի, նոր հայտնագործությունների ներդրում է այսօր տեղի ունենում Երևանում: Նման տեխնոլոգիան Եվրոպայում արդեն մի քանի տարի է, ինչ կիրառվում է: Մոսկվայում այս մեթոդով 2 տարի է, որ աշխատում են: Երևանն էլ ետ չի մնում Եվրոպայից»,- նշեց Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանը:

Այս մեթոդով կատարված ասֆալտբետոնե ծածկույթի երկարակեցության գաղտնիքը ասֆալտի բաղադրության մեջ կիրառվող նոր նյութերն են: Ավազախճային խառնուրդը պարունակում է ավազ, խիճ, հանքային փոշի և ցելյուլոզա: «Խառնուրդը շատ է տարբերվում նախկինից: Ավազի քանակությունը հասցված է նվազագույնի. նախկին 40-50 տոկոսի փոխարեն այստեղ 15-20 տոկոս է: Խառնուրդի բաղադրության մեջ նաև ցելյուլոզա է օգտագործվում` 0,2-0,3 տոկոս, որը, ինչպես նաև ավազի քիչ պարունակությունը, երաշխավորում են, որ հետագայում ասֆալտի ծածկույթը ճաքեր, ալիքներ չտա»,- նշում են մասնագետները:

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի խոսքով՝ առաջիկա տարիներին արդեն Երևանի նորակառույց բոլոր ճանապարհները կասֆալտապատվեն հենց այս տեխնոլոգիայով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 942 անգամ:
Print Friendly

Leave a Reply