Հուլիսի 20-ին կմեկնարկի հեռուստաընկերությունների լիցենզավորման մրցույթը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 19, 2010 20:35

Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) հուլիսի 20-ից անցկացնում է թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստաընկերությունների մրցույթը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՌԱՀ-ի հանրային կապերի եւ մամուլի պատասխանատու Լիլիթ Գազազյանը, հանձնաժողովը մրցույթի կարգը սահմանել է` ղեկավարվելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի եւ 46-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով:

Ըստ հաստատված կարգի` մրցույթի մասնակցության հայտում պետք է նշվեն հայտը ներկայացնողի անվանումը, գտնվելու վայրը, հեռուստածրագրերի թեմատիկ ուղղվածությունը, սփռման տարածքը, տեղեկություններ հայտ ներկայացնողի` այլ հեռուստաընկերությունների հիմնադիր եւ լիցենզավորված անձ կամ զանգվածային լրատվության այլ միջոցների հիմնադիր լինելու, ինչպես նաեւ դրանց արտադրությամբ եւ տարածմամբ զբաղվելու մասին, սեփական եւ հայրենական արտադրության հաղորդումների ծավալը, հայտի ներկայացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը:

Հայտին կցվում են` ընկերության հիմնադիր փաստաթղթերի եւ իրավաբանական անձի կարգավիճակը հաստատող փաստաթղթերի պատճենները, հեռուստաընկերության բիզնես ծրագիրը, տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների եւ սարքավորումների մասին, ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթերը, տեղեկություններ աշխատակազմի թվաքանակի, կրթության եւ մասնագիտական պատրաստվածության մասին, ինչպես նաեւ լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով վճարված պետական տուրքի մուծման անդորրագիրը:

Հանձնաժողովը մրցույթին մասնակցելու հայտը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ընդունում է մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակելու օրվանից հաշված 83-ից մինչեւ 93-րդ օրը ներառյալ: Հանձնաժողովը մրցույթ հայտարարելուց հետո մինչեւ 95-րդ օրը իր կայքէջում հրապարակում է մրցույթի մասնակիցների ցանկը: Մրցույթում լիցենզավորված անձի ընտրությունը հանձնաժողովը կատարում է մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակելու օրվանից հաշված 150-րդ օրը, բաց վարկանիշային քվեարկությամբ: Մրցույթի մասին ամբողջական տեղեկատվությունը հանձնաժողովը կհրապարակի է իր կայքէջում` մեկամսյա ժամկետում: Մրցույթը կհայտարարվի չկայացած, եթե սահմանված ժամկետում ոչ մի հայտ չներկայացվի, չեղյալ համարվի լիցեզիա տալու հանձնաժողովի որոշումը եւ մասնակիցներից ոչ մեկը չներկայանա հանձնաժողովի նիստին:

Դիտվել է 1304 անգամ:
Print Friendly

Leave a Reply