Ագարակի կոմբինատը շարունակում է մեծացնել պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտադրությունը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 19, 2010 18:01

Ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ -ն (ACMC), 2009 թ երկրորդ կիսամյակի արտադրության ծավալների համեմատ, պղնձի խտանյութի արտադրությունն ավելացրել է 12,29, մոլիբդենի խտանյութի արտադրությունը` 2.4 տոկոսով:

Արտադրական ծավալները կազմել են 15.159 տոննա պղնձի եւ 254 տոննա մոլիբդենի խտանյութ: Ինչպես  տեղեկացրին Հայաստանում «GeoProMining» ընկերությունների խմբի մամլո ծառայությունից, այս տարվա միայն առաջին կիսամյակի ընթացքում արդյունահանվել է 1487 596 տոննա եւ վերամշակվել 1445 634 տոննա հանքաքար: Հաշվետու ժամանակահատվածում մակաբացման աշխատանքների ծավալը կազմել է 956.712 խմ, ինչը 63% գերազանցում է պլանով նախատեսված ծավալը: Հիշեցնենք, որ 2009 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում ԱՊՄԿ-ն արտադրական գործունեություն չի իրականացրել: Սակայն անցյալ տարվա երկրորդ կեսին կոմբինատը վերամշակել է մոտ 1,3 մլն տոննա հանքաքար:

Արդյունքում ստացվել է մոտ 248 տոննա մոլիբդենի եւ 13,500 տոննա պղնձի խտանյութ: Ներկայումս կոմբինատում իրականացվող ներդրումային ծրագրի նպատակն է հանքավայրի տեխնիկական վերազինումը եւ գործարանի վերակառուցումը: Տնտեսական տեսանկյունից, վերակառուցման ծրագրի իրականացումը կբարձրացնի հանքաքարի արդյունահանման նախագծային ծավալները եւ կավելացնի հանքաքարի մշակումը ընթացիկ 3 միլիոն տոննայից մինչեւ 3.5 մլն, եւ արտադրության ինքնարժեքը կնվազեցնի 10%: Հիշեցնենք, որ GeoProMining ընկերությունների խումբը «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ բաժնետոմսերը ձեռք է բերել 2007 թվականի դեկտեմբերին: «GeoProMining»-ը մասնագիտացել է բազմամետաղային հանքաքարերի (պղինձ, մոլիբդեն, սուրմա) եւ թանկարժեք մետաղների (ոսկի, արծաթ) արդյունահանման ու հարստացման աշխատանքներում: Ընկերության հանքավայրերը եւ վերամշակման գործարանները գտնվում են Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում եւ Վիետնամում:

Դիտվել է 2800 անգամ:
Print Friendly

Leave a Reply